Հոկտեմբերի 15-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի, հարակից գյուղերի և մարզի ազգաբնակչության համար անմոռանալի ու տոնական օր էր: Մեղրաձոր գյուղում վերաօծվեց 1881թ-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել և օծվել է Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի ձեռամբ օծվեց եկեղեցու Սբ. Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և թեմի հոգևոր հայրերը: Ի թիվս շատ բարերարների` Սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգման բարերարներից են նաև ամերիկահայ Զաքար և Վարուժան սարկավագ Խաչիկյանները:
Վերջում Գերաշնորհ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, որում մասնավորաբար ասաց.
«Այսօր այս նյութականացված աշխարհում դժվար է գտնել մարդ, ով իր գործերով ապրում է հավիտենականության և հավերժության համար, ազգի և եկեղեցու համար: Մեր օրերում հոգևորը անտեսված է, մարմնավորն է կարևորում, դա գալիս է հավիտենականության մասին մարդկանց ոչ ճիշտ պատկերացումից: Մարդը ամեն օր մտածում ու հոգ է տանում իր մարմնի մասին և չի գիտակցում, որ մարմինն առանց հոգու, հոգևորի մեռած է: Եթե մարմնի սնունդը կերակուրն է, ապա հոգու սնունդը աղոթքն է` իսկ աղոթքի գործնական մասը եկեղեցաշինությունը»:
Տոնախմբությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հարությունյանը, Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը և մարզային ու քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Այդ օրը մեղրաձորցիները տոնեցին նաև գյուղի հիմնադրման 180-ամյակը:
Կոտայքի թեմի լրատվական բաժին