(Հուն. καθολικք οvς – ընդհանրական, համընդհանուր), քահանայապետ, հայրապետ, եպիսկոպոսապետ, Արեվելյան մի շարք եկեղեցիների [Հայ, Վրաց, Ասորաց, Մալաբարի (Հնդկաստան), նեստորական ասորիների] գերագույն հոգևոր պետի տիտղոսը: Հայ իրականությունում կաթողիկոսը համարվում է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Ա Լուսավորչի իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը: Կաթողիկոս տերմինը սկսել է գործածվել V դ. կեսից: Կաթողիկոսը տնօրինում է եկեղեցու վարչատնտական, հոգևոր-բարոյական, ծիսական, դավանական բոլոր հիմնական հարցերը: Նրա անմիջական և առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և Մյուռոն օրհնելը: Կաթողիկոսը իրավասու է նաև հրավիրել ազգ-եկեղեցական ժողով, նշանակել և ազատել թեմական առաջնոր դներին կամ վավերացնել նրանց ընտրությունը, պատժել կարգազանց հոգևորականներին (ընդհուպ՝ կարգալույծ անելը): Սկզբնական շըրջանում, քանի դեռ կային ժառանգներ, կաթողիկոսական աթոռին բազմել են Գրիգոր Ա Լուսավորչի տան ներկայացուցիչները (325–373, ձեռնադրվել են Կեսարիայում), հետագայում, ժառանգներ չլինելու պատճառով, այս կարգը խախտվել է քրմական ծագում ունեցող Աղբիանոսի տան ներկայացուցիչ Շահակ Ա Մանազկերտցու աթոռակալությամբ (373–377): IV դ. ընթացքում կաթողիկոսները ժառանգաբար պաշտոնի են կոչվել գլխավորապես թագավորների կամքով և օժանդակությամբ, սակայն V դ. կեսից քաղական կացության կտրուկ վատթարացումը, մասնավորապես պետականության կորուստը, հարկադրել է հայ նախարարներին և եպիսկոպոսներին ստեղծել համատեղ խորհուրդներ կամ ժողովներ, որոնց իրավասությամբ է ընտրվել կաթողիկոս: Ռուսական կայսրության օրոք, Հովհաննես Ը Կարբեցուց (1831–1842) սկսած, կաթողիկոսական պաշտոնը հաստատել է ցարը: Այդ կարգը պաշտոնականացվել է 1836-ին ընդունված կանոնադրությամբ՝ «Պոլոժենիե»-ով, ինչը զգալիորեն սահմանափակել է կաթողիկոսի իշխանությունը: կաթողիկոսներին պաշտոնի են կոչել կա՜մ տիրող քաղական իշխանությունը, կա՜մ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորները: Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է: Ազգային-եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել կաթողիկոսին բացառապես դավանական շեղումների դեպքում: Ընտրվելու իրավունքով կաթողիկոս. ընտրություններին կարող են մասնակցել բոլոր եպիսկոպոսները, իսկ որոշ նախադրյալների առկայության պարագայում՝ նաև աշխարհականները (Ներսես Ա Մեծ, Զաքարիա Ա Ձագեցի): Կաթողիկոս կարող են ձեռնադրել տասներկու կամ նվազագույնը՝ երեք եպիսկոպոսներ: Ձեռնադրությունից հետո կատարվում է կաթողիկոսի օծում սրբալույս Մյուռոնով՝ ավագագույն արքեպիսկոպոսի և ներկա եպիսկոպոսների ձեռքով: Վախճանվելու դեպքում կաթողիկոսի իրավասությունները, որոշ սահմանափակումներով, ստանձնում է Եպիսկոպոսաց ժողովի ընտրած կաթողիկոսական տեղապահը: կաթողիկոսները եկեղեցական գործունեության շրջանակից դուրս օժտվել են նաև քաղաքացիական, դատական ատյանի լիազորություններով, տնօրինել են մշակութային, կրթական կյանքին առնչվող խնդիրներ: Հատկապես հայոց պետականության չգոյության պայմաններում կաթողիկոսները դարձել են երկրի կենտրոնական անձը և ստանձնել նաև համապատասխան քաղական իրավասություններ (բանակցություններ վարել, պատվիրակություն ընդունել, բանագնացներ առաքել ևն): Օտարների տիրապետության շրջանում, երբ շեշտված դրսևորվել են ներքին ուժերի կենտրոնախույս հակումները, կաթողիկոսներից շատերը դարձել են հայ ժողովրդին միավորող կարևորագույն գործոն և աջակցել նրա մղած ազատագրական պայքարին: Քաղաքական անբարենպաստ պայմանների թելադրանքով հայոց ընդհանրական կաթողիկոսի նստավայրը բազմիցս փոխվել է : 1441-ից ի վեր կաթողիկոսի նստավայրը գտնվում է Ս. Էջմիածնում: Ս. Էջմիածնի ընդհանրական կաթողիկոսը կոչվում է Ամենայն հայոց (այդ տիտղոսը սկսել է գործածվել X դարից, տարածում ստացել՝ XV դարից, պաշտոնապես կիրառվել՝ XIX դարից, Ներսես Ե Աշտարակեցու օրոք): Ներկայիս տիտղոսն է Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց: Պատմաքաղաքական անբարենպաստ հանգամանքների բերումով XVI դարից կաթողիկոսներին կից գործել են «աթոռակից» կաթողիկոսներ, որոնց ներկայությունն ապահովել է եկեղեցական առաջնորդության անվտանգ հարատևումը [Դավիթ Դ Վաղարշ ապատցի կաթողիկոսը (1590–1629), քաղաքական կացությունից ելնելով, 1593-ին աթոռակից կաթողիկոս է ձեռնադրել Մելքիսեդեկին]: Եղել են դեպքեր, երբ օրինավոր կաթողիկոսի հետ միաժամանակ, մի այլ վայրում, պաշտոնավարել է հակաթոռ կաթողիկոս, որի հոգևոր և եկեղեցավարչական գերագույն իշխանությունն էլ կոչվել է հակաթոռ կաթողիկոսություն: կաթողիկոսի տարազը հիմնականում համապատասխ անում է եպիսկոպոսական զգեստին, այն տարբերությամբ, որ կաթողիկոսը՝ իբրև գերագույն իշխանության մարմնավորում, իրավունք ունի կրելու նաև հայրապետական ասա (տես Գավազան) և կոնքեռ (տես Զգեստ եկեղեցական): Կաթողիկոսին անմիջապես դիմելու հարգելի ձևը «Վեհափառ Տեր» կամ «Վեհափառ» մակդիրն է: Կաթողիկոսի նստավայրը կոչվում է Վեհարան: 1999-ից Ամենայն հայոց հայրապետը Գարեգին Բ Ներսիսյանն է:Աղբյուր` Ք.Հ, հանրագիտարան