Դեռ բոլորովին վերջերս անհնարին էր պատկերացնելն անգամ, որ Հայաստանում հայ հոգևորականը կարող է դառնալ աղանդավորական ագրեսիայի թիրախ:
Այսօր արդեն մարդու իրավունքների անվան տակ Հայաստան ներմուծված աղանդները մեզանում գործում են ոչ միայն բացահայտ, այլև ագրեսիվ` իրենց անպատժելիության մեջ համոզված:
Հենց այդ անպատժելիության հետևանք է այն, ինչ տեղի է ունեցել Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, ով փորձել է կանխել եկեղեցու բակում իրականացվող հոգորսությունը:
Այստեղ տեղին է կատարել հետևյալ հարցադրումը. կարո՞ղ էր արդյոք այն, ինչ ամիսներ առաջ տեղի է ունեցել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունենալ արևմուտքի ժողովրդավարական երկրներում:
Ո’չ, որովհետև արևմուտքում ժողովրդավարություն ասելով ամենաթողություն չեն հասկանում: Ո’չ, որովհետև արևմուտքում հստակորեն տարբերակում են կրոնական ազատություններն աղանդավորական բեզպրեդելից: Ո’չ, որովհետև արևմուտքում չեն հանդուրժում անհանդուրժողականությունը: Բերենք ասվածի երկու ապացույց:
Այսպես. Ավստրիայում` այդ երկրի սոցիալական ապահովության նախարարությանը կից գործում է "Աղանդների հարցերով պետական կոմիտե” անվամբ հատուկ կառույց, իսկ երկրի տարածքում` 22 "հակաաղանդավորական կենտրոն” անվամբ կառույցներ` որոնք զբաղվում են աղանդների քայքայիչ ազդեցություններից տուժածներին տարաբնույթ օգնություն ցուցաբերելով:
Ավելին Ավստրայում մշակվել և հանրակրթության ոլորտում` ավագ դպրոցում, ներդրվել է հատուկ դասընթաց` աղանդներում դպրոցականների ներգրավումը կանխելու նպատակով: Դասընթացի մշակման նախաձեռնությունը պատկանում է Ավստրիայի կրթության և մշակույթի նախարարությանը: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ ուսումնական ձեռնարկ, որի հեղինակն է Հարալդ Այգները, և որում տրված է "աղանդ” եզրույթի սահմանումը: Հատկանշական է, որ ձեռնարկը գրախոսել է անձամբ Ավստրիայի կրթության և մշակույթի նախարարը: (Առավել մանրամասն տես` religioved.ru 24.06.2011. Мартинович В. А. Профилактика сектантства в школах Австрии.)
Մեկ այլ օրինակ: 1992 թվականի փետրվարի 5-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունում է թիվ 1178 հանձնարարականը, որտեղ նշվում է բառացիորեն հետևյալը. "Վեհաժողովն անհանգստացած է աղանդների և նոր կրոնական շարժումների գործունեության հետ կապված որոշ խնդիրներով, նա տագնապած է զանազան ընկերությունների և ընտանիքների դիմումներից, ովքեր վնաս են կրել աղանդների գործունեությունից”:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Աղբյուր` www.henaran.am, հեղինակ` Դավիթ Ջամալյան