«Եհովայի վկաները հակապետական գործունեություն են իրականացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց հոգեբան Սամվել Խուդոյանը`խոսելով Եհովայի վկաների և աղանդների կործանարար ազդեցության մասին: Հոգեբանի հավաստմամբ` կան «ռեստրուկտիվ» աղանդներ, որոնց դեմ գործունեությունը որոշ երկրներում նույնիսկ արգելվում է, և այդպիսին է Եհովայի վկաների աղանդը: «Պետք է առանձնացնել այն միջոցները և այն գործողությունների հերթականությունը, որոնց համաձայն նրանք մարդկանց իրենց ցանցն են գցում»,- նշեց Ս. Խուդոյանը` հավելելով, որ նրանք մարդկանց շահագործում են՝ իրենց հետին նպատակների համար: «Ինչպե՞ս գցել ցանցը, կա «գնչուական հիպնոս» արտահայտությունը. ոչ զգոն մարդկանց են մոտենում, հրավիրում են, հետո գովասանքների շարանն է սկսվում, այնուհետև եսը խեղդելուն ուղղված միջոցների խումբը, մեղքի զգացման ներշնչումը, արգելում են ուրախությունները, որոնք, ըստ էության, ուժեղացնող հատկություն ունեն, այսինքն` նրանք թուլացնում են մարդուն, նրա ինքնագնահատականը, հետո հնարավորինս սահմանափակում են ցանցից դուրս շփումները, հետո սկսվում են նպատակները, օրինակ` բանակում չծառայելը»,- մանրամասնորեն նկարագրեց հոգեբանը՝ դիմելով Եհովայի վկաներին: «Եհովայի վկանե՛ր, ո՞վ պետք է ձեր կնոջը, մորը պաշտպանի, սա արդեն ազգի դեմ ուղղված գործունեություն է»,- ասաց Ս. Խուդոյանը՝ հավելելով, որ հաճախ պարզվում է՝ նրանք կապված են այս կամ այն ռազմական գործունեության հետ:
Աղբյուր` www.1in.am 06.10.2011