«Հոգեորսություն» տերմինը հստակեցված չէ նոր օրենքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը` խոսելով այդ տերմինի հստակեցման շուրջ: «Այժմ նոր օրենքի դրույթներում նշված չէ ճշգրիտ, թե որ գործողություններն են համարվում հոգեորսություն: Սա է պատճառը, որ, կարծում եմ, պետք է փոփոխել»,- մեկնաբանեց փաստաբանը` հավելելով, որ պետք է առաջին հերթին փոխել 91թվականին ընդունված օրենքը, որում ասվում է, որ կրոնական կազմակերպությունները կարող են իրենց աղոթքներն իրականացնել գերեզմաններում, բանտում, տներում, որը նշանակում է, որ խոցելի խմբի վրա են աշխատում:
Անդրադառնալով Տեր Եսայի քահանա Արթենյանի դատական հայցին` նա տեղեկացրեց, որ դա ոչ թե քաղհայց է, այլ քրեական գործ, որի շրջանակում առաջադրվել են մեղադրանքներ` ծեծ, կյանքին սպառնալիք ներակայացնող գործողություններ՝ քահանայի նկատմամբ: «Հիմա ասում են, որ քահանան է մեղավոր և ոչ մեղադրվող կողմը: Նրանք բոլոր որոշումները բողոքարկել են և ձգձգել»,- ասաց Վ. Էլբակյանը` ընդգծելով, որ մեղադրանքը հիմնավորված է: Ըստ նրա`և՛ նախաքննությունը, և՛ քննությունն անցել են օրենքով սահմանված կարգով: «Այժմ Եհովայի վկայի շահերը պետք է պաշտպանի նաև Կանադայից հրավիրված փաստաբանը, ով փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված է»,- նշեց Էլբակյանը` հույս հայտնելով, որ հոկտեմբերի 14-ին կլինի դատական նիստ, որը չի հետաձգվի միջնորդության միջոցով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ամիսուկես առաջ, երբ Տեր Եսայի քահանա Արթենյանը փորձել է եկեղեցու տարածքում պայքարել հոգեորսության դեմ: «Ես տարիներ շարունակ պայքարել եմ, որ եկեղեցու տարածքում իրենց քարոզչությունն իրականացնեն. երկու-երկու միշտ կանգնում էին և փորձում մարդկանց ներգրավել Եհովայի վկաների շարքում: Ես ամեն օր հանդիպում էի, բանավիճում նրանց հետ, սկզբում վախենում էին և հեռանում: Դեպքից երկու առաջ երկու երիտասարդ աղջիկ էին կանգնած, ես էլ համառորեն կանգնում էի իրենց կողքին, որ չքարոզեին»,- տեղեկացրեց Տեր Եսայի քահանա Արթենյանը`շարունակելով, որ դեպքի օրն ուղարկել էին տղամարդկանց, որոնք պահանջել են փաստաթուղթ, որը կապացուցի, որ իրավունք չունեն այդտեղ քարոզելու: «Իմ ձեռքից հեռախոս են խլում, հարվածում և սպառնում»,- ամփոփեց քահանան` հավելելով, որ ամեն օր լսում է Եհովայի վկաների կողմից իրականացվող բռնության դեպքերի մասին:
Աղբյուր` www.1in.am 06.10.2011