Աղանդները քաղաքական նպատակ ունեն՝ պառակտել հասարակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` խոսելով վերջին շրջանում կրոնական կազմակերպությունների ակտիվացման մասին: «Նրանք, ովքեր եկեղեցու ավանդական կառուցվածքը ուրիշ ձև են ներկայացնում՝ կոչվում են սեկտաներ: Նրանք սուտ մարգարեներ են՝ գառան դիմակ հագած»,- համատեղ ասուլիսի ընթացքում նշեց վարդապետը` հավելելով, որ 19-րդ դարից սկսվեց աղճատվել կրոնը, ստեղծվեցին ճյուղավորումներ: Նրա կարծիքով` սա աբսուրդ է, դրանց մեջ ոչ մի հայկական բան չկա, օտարածին երևույթներ են, և նրանք ատամներով պաշտպանում են իրենց շահը: «Մենք չգիտենք` ինչ է նշանակում եվրոպացի, մենք միայն ընդօրինակում ենք եվրոպական աղբը, իսկ եվրոպացի լինելը մակարդակ է, ոչ թե մարմնաֆիզիկական մակարդակ»,- մեկնաբանեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը`ընդգծելով. «Որպեսզի կարողանաս եվրոպական կառույցին հետևել, պետք է հետևես խղճի ազատության մասին օրենքին, մենք ստիպված ենք խոնարհվելու, որպեսզի չդատափետվենք և չդառնանք ոչ դեմոկրատիկ երկիր»:
Տեր Եսայի քահանա Արթենյանը համատեղ ասուլիսի ընթացքում, խոսելով կրոնական շարժառիթներով ինքնասպանությունների մասին, նշեց, որ Հայաստանում հնարավոր չէ ապացուցել՝ կրոնական շարժառիթների՞ հողի վրա է ինքնասպանությունը, թե՞ ոչ, որովհետև չկան համապատասխան կառույցներ: «Եհովականները ինձ դիմում են իմ ավազանի անունով, բայց վիրավորվում են, երբ մենք իրենց աղանդ ենք կոչում: Ես նրանց դատի տա՞մ, որ նրանք չեն անվանում ինձ իմ անվամբ: Այսօր շատ են գալիս մարդիկ, ովքեր տուժել են կրոնական կազմակերպության գործունեությունից, ֆիզիկական բռնություն է գործադրվում»,- ասաց քահանան` քննարկելով «Դավանանքի ազատության մասինե օրենքում փոփոխությունները և ասելով, որ նոր օրենքի նախագիծը քննարկվում է Մայր Աթոռում, քանի որ երկակի է` կան և՛ դրական, և՛ բացասական կետեր, շատ հղկվելու տեղեր կան:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հայ եկեղեցին արդյոք թույլ չէ՞, որ շատանում են կրոնական կազմակերպությունները, պատասխանեց, որ հայ եկեղեցին երբեք թույլ չի եղել: «Անկախացումից հետո սուղ պայմաններ էին, և եկեղեցին չէր կարողանում մարդկանց կրոնական կարիքները լրացնել, իսկ այժմ վերականգնվում են բացերը»,- ասաց քահանան:
Անդրադառնալով Ա. Բաղդասարյանի հրավիրած նիստին` վարդապետն ասաց, որ գործով պետք է ապացուցել և հայտարարությունը ուշացած է: «Եհովայի վկաները հրաժարվում են ծառայելուց՝ դա արդեն վտանգում է երկրի միասնությունը»,- հավելեց վարդապետը:
Նույն թեմայի շուրջ խոսեց նաև քահանան՝ ասելով, որ նշվում է քայքայիչ աղանդների մասին: «Պետք է որոշել, թե որն է քայքայիչ աղանդ: Բանիմաց մարդը, եթե մասնակցի «Կյանքի խոսք» աղանդի հավաքներին, ապա կհասկանա՝ ինչ է դա: Խուլերի պալատում ցանկացա մտնել «Կյանքի խոսքի» հավաքին, հետաքրքրեց, ինձ շրջապատեցին և թույլ չտվեցին, ես միայն մի քանի արտահայտություն լսեցի՝ անհեթեթ, պարզապես սարսափելի, մարդկանց զոմբիացնող մեթոդ են կիրառում»,- ավարտեց իր խոսքը քահանան:
Աղբյուր` www.1in.am. 01.10.2011