Արմավիրցի հավատացյալ ժաղովուրդը արդեն երկար ժամանակ էր սպասում քաղաքում եկեղեցի ունենալու պատմական օրվան, որը ապրեց 2011 թվականի սեպտեմբերի 17-ին: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի և Արմավիր քաղաքի 80-ամյակի նախաշեմին մարզկենտրոն Արմավիր քաղաքում հանդիսավորությամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որը ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շքերթում իր կարևորությունն ու խորհրդավորությունն ուներ:
Հիմնօրհնեքի արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը, մարզի դատախազ Հ.Ղարախանյանը, պատվավոր հյուրեր, ովքեր ստանձնեցին եկեղեցու 16 վեմ քարերի կնքահայրերի պարտականությունը: Իրենց աղոթքներն էին բերել և եկել էին այս պատմական իրադարձությանը մասնակցելու բազմաթիվ հավատացյալ հայորդիներ:
Տերունական աղոթքով Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը և թեմի հոգևոր դասը սկսեց Արմավիր քաղաքում կառուցվող բազիլիկ եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը: Ապա ընթերցվեցին Սուրբ գրային հատվածներ, որից հետ Սրբազան հայրը և թեմի հոգևոր դասը սաղմոսների ընթերցման ու շարակաների երգեցողության ուղեկցությամբ նախ գինով և ջրով լվացին 16 քարերը, որոնք պետք է լինեն եկեղեցու վեմերը և Սրբալույս Մյուռոնով Սրբազան Հայրը օծեց դրանք:
Բազիլիկ եկեղեցու ճարտարապետն է Միքայել Մկրտչյանը:
Քարերի օծման և տեղադրման հանդիսավոր արարողակարգից հետո ներկաներին իր սրտի խոսքը ասաց Տ. Սիոն եպս. Ադամյանը.
«Սեպտեմբերի 17-ն արմավիրցու համար իրապես պատմական օր է, օր հույսի և սրբազան ուխտի: 80-ամյա պատմությունը կերտած քաղաքը ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների շեմին իր մասնակցությունն է բերում եկեղեցաշինության հիմնօրհնեքին, որն իսկական տոն է հայ քրիստոնյաի համար, քանի որ վեր է խոյանալու Աստծո տաճար, որտեղ աղոթք է բարձրացվելու հայի շուրթերից` ազգի պահպանության և հաղթանակների համար: Եկեղեցու հիմնաքարերի օրհնությամբ և եկեղեցու կառուցմամբ բոլորիդ առջև բացվում են նոր հույսերի դռներ և ճշմարիտ կյանքի նոր ճանապարհ: Այս նվիրական գործը սկսելու համար նախ ապավինում ենք երկնային Տիրոջը և մեծագույն երախտագիտության և գոհության խոսքեր հղում բարերար Կարեն Մկրտչյանին, ում անձնվեր ու ներշնչյալ աշխատանքը պիտի ապահովի այս սուրբ գործի հաջողությունը»:
Կարեն Մկրտչյանը ծնվել և մեծացել է Արմավիր քաղաքում, սակայն այժմ ապրում է Սանկտ Պետերբուրգում: Հանդիսանալով Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահը` իր նվիրական աջակցությունն է բերում հայ եկեղեցու պայծառացմանը և իր նպաստավոր գործունեությամբ Հայաստանից հեռու գտնվող հայ համայնքի համախմբվածության և բարօրության համար իր նվիրական ծառայությունը մատուցում:
Կարեն Մրտչյանին բարեմաղթության խոսքեր ասացին նաև Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, քաղաքապետ Ռ. Խլղաթյանը:
Բազմաթիվ շնորհավորանքներից բացի ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը ՀՀ Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգև` ոսկե մեդալ շնորհեց Կարեն Մկրտչյանին:
Արմավիրցիների համար բարերար Կարեն Մկրտչայը կազմակերպել էր մեծ տոնախմբություն, համերգային ծրագրի ժամանակ բոլորը պատիվ ունեցան ունկնդրելու Հայաստանի Պետական Կամերային երգչախմբի կատարումները` արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Այնուհետև հյուրերը և ներկա հավատացյալները ճաշակեցին մատաղ:
Առաջնորդարան. Արմավիրի թեմի