Սեպտեմբերի 7-10-ը Իտալիայի Միլան քաղաքի մոտ գտնվող Բոսսեի վանքում տեղի ունեցավ 19-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը` «Աստուծո խոսքը հոգևոր կյանքում» թեմայով:
Ժողովին մասնակցում էին Կաթոլիկ, Ռուս Ուղղափառ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայցուցիչներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարերին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը:
Ժողովի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբի կողմից կոնֆերանսի մասնակիցներին ընթերցվեց Հայրապետական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Քրիստոնյա ժողովուրդների հոգևոր ուժն ու զորությունը, հավատքի անշեջ լույսը սնվում են աստվածային խոսքի օրհնաբեր աղբյուրից: Աստվածային ճշմարտությունը արտահայտվեց խոսքով, որն իր զորությամբ վերափոխում է մարդկային կյանքը:
Մեծապես գնահատելի է, որ այս համագումարին դուք համախմբվել եք զեկուցումներ ներկայացնելու և քննարկումներ իրականացնելու հոգևոր կյանքում Աստվածաշնչի կաևորության, Ընդհանրական Սուրբ Հայրերի և եկեղեցական հեղինակների սուրբգրական աշխատությունների և Աստծո խոսքով ներշնչված վանական ու ճգնավորական մեծ փորձառության վերաբերյալ: Աստծո խոսքը այն ամփոփող գիրը չէ միայն, այլ գրից ավելին` հոգին, որն արտահայտվում է խոսքի միջոցով` համաձայն Սուրբ Պողոս առաքյալի հաստատման. «Գիրն սպանանէ, այլ հոգին կեցուցանէ» (Բ Կորնթ. Գ 6):
...Այսօր, երբ արդիական տեխնոլոգիաների օգնությամբ տեղեկություններն արագությամբ սփռվում են աշխարհով մեկ, մեր կյանքում նկատվում է խոսքի առատություն, սակայն այդ բյուրավոր խոսքերի մեջ անհրաժեշտ է աստվածային խոսքի գերակայությունը, որպեսզի հասարակությունները, մարդիկ ապրեն փոխըմբռնման, համերաշխության և Քրիստոսապատվեր սիրո մեջ: Ներկա ժամանակներում, երբ նաև սփռվում են զանազան կեղծ գաղափարներ` ճշմարտության շղարշով քողարկված, առավել հրատապ է դառնում անհրաժեշտությունը աշխարհում Աստծո խոսքի իմացության ու տարածման, որը պայծառակերպում է հոգիները և մնում անփոփոխ ու հավիտենական, ինչպես ասում է Քրիստոս. «Երկինք և երկիր անցցեն, և բանք իմ մի անցցեն» (Մատթ. ԻԴ 35)»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան