Պետք է իմանալ ամենօրհնյալ Սբ Կույս Մարիամի Ննջման պատմությունը, որ գրեց
սուրբ Հովհաննես Ավետարանիչը: Երբ հասավ ամենասրբուհու` մարմնավոր կյանքից
դեպի հանդերձյալը փոխվելու ժամանակը, ինչպես օրեր առաջ Գաբրիել
հրեշտակապետն իջավ նրա մոտ և հղության ավետիսը տվեց, նույն Գաբրիել
հրեշտակապետն էլ ավետեց Սուրբ Կույսի` երկրից երկինք փոխադրվելու լուրը:
Բերկրեց և զվարճացավ նրա հոգին: Եվ ելնելով սկսեց շրջել և աղոթել Քրիստոսի
տնօրինական վայրերում: Եվ դարձյալ 13 օրից հետո եկավ Գաբրիելը և
խոնարհվելով ողջունեց Տիրածին Կույս Մարիամին` ասելով. «Ուրախացիր բերկրեալդ
կանանցից, քանզի կանչում է քեզ մեր Արարիչը` քո Միածին Որդին»:
Եվ պսակեց Սուրբ Կույսի գլուխը Ադամի Դրախտից բերած բրաբիոնե պսակով:
Ամենասուրբ Կույսի համար ծաղիկներից և արմավենու ոստերից հյուսված
բրաբիոնի պսակը իր` երկրից երկինք փոխադրման ավետիսն եղավ: Մանավանդ որ
հետո այն բժշկության և հրաշքների աղբյուր եղավ: Ապա ելավ Ձիթենյաց լեռը
աղոթելու, և ամբողջ բույսերը և ծառերի տունկերը խոնարհվելով երկրպագում էին
նրան: Այսպես էր աղոթում Աստվածածինն և ասում. «Դու, Տեր իմ Հիսուս
Քրիստոս, Քո Հայր Աստծո Որդի և իմ ` մոր Քո աղախնիդ` Տեր իմ Միածին,Դու
Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որ Քեզանով ավանդեմ իմ հոգին »:
Այնժամ երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Չեմ թողնի քեզ, Մայր իմ Տիրուհի և
կկատարեմ քո խնդրանքները»: Եվ աղոթքից ելնելով` ամենօրհնյալ Մարիամը երեք
օր շրջեց, աղոթեց և երկրպագեց Աստվածորդու` իր Միածնի տնօրինական
վայրերով` ունենալով իր հետ Սողոմեին` Հովհաննեսի մորը և Նիկոդիմոսի
դստերը` Մարթային: Տուն վերադառնալով` կանչեց իր մոտ ազգականներին և այլ
սուրբ կանանց, ասաց նրանց վառել ջահերն ու ղամպարները և մնալ իր մոտ երեք
օր: Եվ ապա սկսեց պատմել Աստծո փառքը: Իսկ մահվան մասին ասաց. «Երկու
հրեշտակներ են գալիս մարդու հոգու ետևից` մեկը չար, մյուսը` բարի: Եվ եթե
մեղավոր է հոգին, չար հրեշտակն է այն ժառանգում, և ուրախանում են դևերն այդ
հոգու կորստյան համար: Եվ ցույց է տալիս չար հրեշտակը մեղավոր հոգու
արդար դատաստանը և տանջանքների վայրը: Իսկ եթե արդար է հոգին, ժառանգվում է
բարի հրեշտակին, և ցույց է տրվում նրան կենաց հարությունը և փառքի
հանգստավայրը»:
Եվ մինչ պատմում էր, եկավ Հովհաննես ավետարանիչը, որ Քրիստոս էր քարոզում
մերձակա գյուղերում և մենակ էր : Մտնելով ողջունեց և երկրպագեց Կույս
Մարիամ Աստվածամորը, իսկ նա ընդունեց ողջույնն ասելով. «Բարի եկար որդյակ
իմ և իմ Որդու սիրելի»: Պատմեց նրան իր փոխման մասին և ցույց տվեց իր
թաղման տեղը հայրենի Գեթսեմանիի ձորում: Պատվիրեց նաև իր երկու հանդերձները
տալ այն այրի կանանց, որ շրջեցին իր հետ փրկչական վայրերում: Եվ պատվիրեց
Հովհաննեսին մատուցել աստվածային Պատարագը, որպեսզի հաղորդվի իր Միածին
Որդու Մարմնին և Արյանը, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը /…/թե. «Իմ
ատամների մեջ իմ մարմինն ունեմ»:
Այնժամ Հովհաննեսը կանանց և Հիսուսի մայր Մարիամի հետ ելավ Վերնատունը և
այնտեղ պատարագեց Հիսուս Քրիստոսին: Եվ մինչ գոհաբանական աղոթքներ էր
մատուցում, իսկույն նրան ձայնակից եղան սուրբ առաքյալների դասերը, որոնց
Սուրբ Հոգին ի մի հավաքեց ամբողջ աշխարհից, ուր գնացել էին Քրիստոս Աստված
քարոզելու: Եվ այսպես տասը և յոթանասունը` յուրաքանչյուրն իր վիճակից
Սուրբ Հոգու կանչով եկավ, հասավ Սբ Աստվածածնի ննջմանը: Եվ Պատարագի
վերջին` սուրբ Հաղորդության ավարտին, երկրպագեցին սուրբ Աստվածամորը`
մատուցելով հիսուսավանդ ողջույնը և ապա ողջունեցին միմյանց «ի համբոյր
սրբութեան» և օրհնեցին Աստծուն իրենց` այս զարմանալի հավաքման համար: Հետո
մտան Վերնատան մոտ գտնվող տունն Աստվածամոր: Եվ սուրբ Աստվածածինը ցույց
տվեց նրանց բրաբիոնը, խոսեց իր ննջման մասին և ցույց տվեց իր հանգստի
վայրը` Գեթսեմանի գերեզմանը: Այնժամ արտասվեցին սուրբ առաքյալները, սաստիկ
լաց եղան և հիացած բրաբիոնի վայելուչ պայծառությամբ` գոհացան Աստծուց: Եվ
ապա հրամայեց նստել, վառել ջահերն ու ղամպարներն, իսկ ինքը մտավ մահիճ.
Պետրոսը նստեց սնարին, իսկ Հովհաննեսը` պատվանդանին: Եվ Պետրոսն սկսեց
գովերգել կանանց մեջ ամենօրհնյալին` Մորն Աստծո: Աստվածամայրն իր հերթին
փառավորեց և երանի տվեց Պետրոսին ` որպես «եկեղեցու հիմք և հավատի վեմ »:
Եվ դարձյալ Պետրոսն սկսեց ուսուցանել հավաքված եղբայրներին և սուրբ
կույսերին և պատմեց նրանց այս առակը. «Մի հարուստ մարդ իր երկու ծառաներին
աքսորեց հեռավոր մի երկիր: Մի ծառան մոռացավ իր տիրոջը և աքսորականներից իր
համար գանձ և շատ ունեցվածք հավաքեց: Իսկ մյուս ծառան չդադարեց հուսալ `
գուցե տերը ետ դարձնի իրեն աքսորից: Նա ոսկուց, մարգարտից և պատվական
քարերից մի պսակ կազմեց: Եվ երբ տերը կանչեց նրան աքսորից, բարի ծառան
պսակն իր տիրոջը մատուցեց: Տերը հավանեց պսակը և դրեց այն հավատարիմ
ծառայի գլխին, իսկ մյուս ծառան դատապարտվեց»: Այս առակը պատմեց Պետրոսը
երկրում ապրող արդարներիս և մեղավորներիս համար: Որովհետև, երբ արդարները
Տիրոջ կամքը կատարեն և պատրաստ լինեն իրենց կանչվելու օրվան, ուրախությամբ
կգնան Տիրոջ մոտ,և այն պսակը, որ կազմեցին նրանք իրենց հավատի ոսկուց և
զանազան առաքինի գործերից, Տերը կդնի նրանց գլխին: Իսկ մեղավորները, ովքեր
աշխարհինը և իրենց մարմնավոր կարիքները հոգացին, պիտի լան և կոծեն և դողան`
բարի գործեր չունենալու պատճառով: Եվ կաղաչեն հրեշտակներին դույզն-ինչ
ներում ստանալ կամ ժամանակ ` պատրաստելու իրենց:
Առավոտյան սրբուհի Մարիամն արևածագի հետ վեր բարձրացրեց ձեռքերը, աղոթեց
Աստծուն և ընկողմանեց մահճում: Իսկ սուրբ առաքյալներն գիշերային հսկումից և
առավոտյան պաշտամունքից հետո շրջապատեցին սրբուհու մահիճը: Իսկ Հովհաննեսը
վերցրել էր կիպարիսի մի տախտակ և փորագրել վրան Տիրամոր պատկերը և տվեց
Պետրոսին, և Պետրոսն ու բոլոր առաքյալներն աղաչեցինԱստվածամորն ասելով. «Ով Տիրածին Կույս, որովհետև հանդերձյալն ես գնում` քո անձկալի Միածնիդ մոտ
. վերցրու և օրհնիր այս պատկերը, թող այն նշան լինի հիվանդների առողջացման
և մանավանդ, բորոտների համար: Որ նրանք, ովքեր ապավինեն քո
բարեխոսությանը, գտնեն առողջություն և բժշկությունիրենց ցավերից,
որովհետև տրտմություն է քո` մեր միջից փոխադրվելը, որովհետև քեզանով էինք
մխիթարվում Քո Որդու և մեր Աստծո համբարձվելուց հետո: Որեմն, տուր մեզ քո
պատկերը, որպեսզի քո փոխվելուց հետո նրանով մխիթարվենք»: Եվ Աստվածամայրն իր
ձեռքը վերցրեց պատկերը, խաչակնքեց և դնելով իր երեսի վրա`թրջեց արտասուքով
և խնդրեց Աատծուն նրանով բժշկել բոլոր տեսակի ցավերը, առավել
ևս`բորոտների պիսակները: Նույն այդ պահին լուսեղեն կամար եկավ սրբուհու
վրա, ձայն լսվեց և ասաց. «Թող կատարվի քո կամքը, մայր իմ»: Եղավ ահագին
որոտ, աստվածային անուշահոտություն բուրեց, և առաքյալներից բացի `բոլորը
թմրեցին: Եվ օրվա երրորդ ժամն էր, երբ երկնային բազում զորքերով երկնքից
իջավ Սուրբ Կույսի Որդին: Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը գալիս էին Նրա
առջևից: Եվ այդ ամբողջ ժամանակ փայտյա պատկերը, որ սրբուհին ուներ իր
ձեռքերում, դրեց իր հանդեպ հրեղեն կառքում կանգնած Աստվածորդու առջև, և Նա
Իր աստվածային Աջով տեառնագրեց / խաչակնքեց / Իր Մոր պատկերը: Նրանք
վերցնելով երկրպագեցին և տեսան, որ տախտակի վրա նկարվել է Աստվածածին
Կույսի պատկերը` աչքերն ու հոնքերը, բերանն ու քիթը, գույնն ու կերպը`
ամբողջովին կատարյալ:
Եվ տեսնելով մայրը Միածին Տիրոջն իր` Հիսուս Որդուն` գոհացավ Աստծուց և
փառաբանեց Նրա անունը, որ կատարեց իրեն տված խոստումը: Ապա ամենամաքուր
Կույսն Մարիամ զվարթերես ավանդեց սրբասնունդ հոգին իր Միածին Որդու և մեր
բոլորին Ստեղծողի ձեռքը: Եվ Տերը`Քրիստոս, վերցնելով Իր Մոր հոգին`
հանձնեց Գաբրիել հրեշտակապետին: Եվ ով կարող է նկարագրել պայծառությունն
Աստվածամոր հոգու, քանզի լույսից առավել սպիտակ էր, կատարյալ էր իբրև
մարդ`ոչ էգ և ոչ արու` տասնհինգամյա պատանու նմանությամբ: Այս տեսնելով`
առաքյալները զարմացան: Այնժամ Պետրոսը հիացմունքով դիմեց Տիրոջը. «Ամենայնի
Տերդ իմ և Մոր քո Միածի Որդի, Քո անարատ Մոր հոգու պես որ մահկանացուի
հոգին է, որ արձակվելուց հետո նման է պայծառ արեգակի»: Տերն ասաց Պետրոսին. «Ով Պետրե, ի սկզբանե բոլոր արարածների հոգիներն այդպես պայծառ ստեղծեցի,
ինչպիսին Իմ Մորն էր, որ ցույց տվեցի, բայց մարդիկ ապրելով մեղքերով
սևացնում և աղտեղի են դարձնում: Ով Պետրե, գնա Գեթսեմանի ձորը և այնտեղ
պատրաստիր իմ Մոր գերեզմանը և երեք օր մի հեռացեք դրանից»: Հենց որ այս
ասաց Տերը , այնժամ խոսեց Տիրամայրն առանց հոգու և ասաց. «Հիշիր ինձ, Տեր,
որ ստեղծեցիր Քո անարատ ձեռքերով: Հիշիր ինձ, Տեր, որովհետև զգուշությամբ
պահեցի քեզնից ինձ տրված իմ կուսության գանձը»: ,Չեմ թողնի քեզ, իմ
գանձերի գանձ, չեմ թողնի քեզ, Մայր Իմ սիրելի և մարդեղության առագաստե, -
պատասխանեց Տերը:
Այս ասելով` Տերը վերացավ երկինք: Այնժամ Առաքյալների և սուրբ կույսերի
հետ Սուրբ Կույսին մոտեցավ Հովհաննեսը և մաքուր կտավով պատեց անարատ Կույս
Մարիամի աստվածաբնակ մարմինը:
Երբ դագաղ դրեցին, բրաբիոնե պսակը վրան դրեցին, և առաքյալներն Սուրբ
Կույսին իրենց ուսերի վրա տարան և դրեցին տապանի մեջ: Լսում էին
հրեշտակների երգեցողության ձայնը, բայց չէին տեսնում նրանց: Եվ Պետրոսն իր
ձեռքին պահել էր Տիրամոր պատկերը, Հակոբոս Տեառնեղբայրը` Տերունական Խաչի
սուրբ Նշանը, իսկ Թովմասը` խնկի բուրվառը: Եվ Պետրոսն սկսեց խորհրդաբար
սաղմոսել. «Իսրայելին Եգիպտոսից հանելու համար, ալելուիա»: Եվ ողբաձայն`
քաղցր ու անուշ եղանակով ամբողջ երկնավոր խումբը միաբանված` սաղմոսով
ձայնակցում էին նրան:
Եվ Տիրամոր աստվածընկալ մարմինը առաքյալները սաղմոսներով և օրհնությամբ
տարան և դրեցին տապանի մեջ և մնալով այնտեղ 3 օր` պահպանում էին: Եվ լսվում
էր հրեշտակների փառաբանության խոսքերը: Իսկ երեք օր հետո` առավոտյան,
բարձունքներից իջան անմարմին հրեշտակների զորքերը. նրանց հետ լուսափայլ
ամպերի միջով եկավ Տերը մեր` Հիսուս Քրիստոս, և հրեշտակներն, առանց
խախտելու Սուրբ Կույսի կնքված գերեզմանը, վերցնելով աստվածընկալ մարմինը
բարձրացրին ամպերի մեջ: Իսկ Հիսուս վերցնելով միավորեց Իր Մոր և Կույսի
մարմինն ու հոգին, տարավ նրան երկինք և բազմեցրեց Իր փառքի Աթոռի աջ
կողմում` ըստ այն սաղմոսի, որ ասում է, կլինի Թագուհին Քո աջ կողմում ե:
Այնուհետ լռեց հրեշտակների երգը, որովհետև նա կատարյալ հարություն էր առել:
Եվ սուրբ առաքյալներից մեկը` գլխավորներից, Բարդուղիմեոսը չէր հասել
Աստվածածնի Ննջմանը և չորրորդ առավոտյան Խորասանից վերադարձավ և իմանալով
Աստվածածին Կույսի Վերափոխման մասին` սկսեց լալ և կոծել իր անձը` պոկում էր
մազերն ու մորուքը և անմխիթար ողբում, թե ինչու չարժանացավ Կույս
Աստվածամոր տեսությանը: Այնժամ Պետրոսը հրամայեց բացել Ամենօրհնյալի
տապանը: Երբ արագ բացեցին սուրբ գերեզմանը, չգտան Աստվածածնի մարմինը, այլ
միայն պատանը և հիացած փառք տվեցին Աստծուն: Ապա վերից ձայն եկավ
առաքյալներին և ասաց. «Տվեք փայտյա պատկերը Բարդուղիմեոս առաքյալին, որ
տանի իր վիճակը և նրանով մխիթարվի: Իսկ Աստվածամոր մարմնի համար մի
երկմտեք, քանզի նա փոխադրվեցիր Արարչի և Որդու մոտ, ուր ինքն էր կամենում. մահկանացու արարածներից մեկը Ամենասուրբ Երրորդության հետ դասվեց»: Այս
լսելով` առաքյալները գոհություն տվեցին Աստծուն և փառավորեցին Աստվածամորը:
Մարիամը Համբարձումից հետո ապրեց ևս 12 տարի, իսկ երբ մահով ննջեց, 60 տարեկան էր… Աստվածամայրն իր ծննդեան օրն էլ վախճանվեց:
Պետք է գիտենալ, որ Սուրբ Կույսը բարձրահասակ էր, սպիտակամարմին, ձվաձև
դեմքով, երկարամատն, և լի էր Աստծո բոլոր շնորհներով` նման իր Միածին
Որդուն: Մարիամը ադամորդիներից ամենագեղեցիկն էր:
Սողոմոնի վկայությամբ, որ ասում է. «Գեղեցիկդ ի կանայս, քոյր իմ
Հարսն»:
Եվ բարեխոսությամբ Մոր Քո և Կույսի, Քրիստոս Աստված, ողորմիր բոլոր հավատացյալներին. ևս առավել այս բոլորը գրողին…Ամեն:
«Հայսմավուրք» /կրճատ /-թրգմ.`Գ Մանուկյանի