ԳԱՎԱԶԱՆ, եկեղեցական ըմբռնմամբ՝ հոգևոր աստիճանի կամ պաշտոնի հայտարար, իշխանության նշանակ: Արքայական Գ. Կոչվում է նաև մական, հովվականը՝ ասա, սովորականը՝ ցուպ: Գ. վարդապետին կամ ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսը՝ ձեռնադրությամb, Ձեռնադրության Մաշտոցի համաձայն: Գ-ի մասին, որպես խորհրդավոր ուժակրի, ակնարկվում է դեռևս Ծննդոց գրքում. նահապետներից Հակոbը ջրի գռների մեջ խնկենու, ընկուզենու և սոսու կեղևահան Գ-ներ է դրել, որպեսզի բեղմնավորվող մաքիները, այդ ջրից խմելով, խայտաճամուկ գառներ ծնեն (30.37–42): Ելք գրքում Մովսեսի Գ. օժտվել է աստվածային իշխանությամբ և հրաշագործությամբ (4.2–5): Այն վիշապ դառնալով՝ կուլ է տալիս քրմերի վիշապներին (Ելք 7.8–12), բացում Կարմիր ծովը (Ելք 14.15–22) և կատարում այլ հրաշքներ: Թվոցում Ահարոնի Գ., դրվելով Վկայության խորանում, ծաղկել է (17.2–10). հետագայում այն, ի թիվս այլ սրբությունների, դրվել է Ուխտի տապանակի մեջ: Ավելի ուշ, եկեղեցու պաշտոնյաներին տրված Գ-ներն ունեցել են օձի գլուխ և զարդարվել (ծաղկվել)՝ ի հիշատակ և ի նմանություն անապատում Մովսեսի բարձրացրած բուժիչ պղնձե օձի (Թվոց 21.6–9) և Ահարոնի ծաղկած Գ-ի՝ խորհրդանշելով պատժիչ կամ փրկարար ուժ, զորություն, իմաստություն, հավիտենություն և այլն: Գ-ով հրեաները զատել են Տիրոջը նվիրաբերված տասանորդի անասունները (Ղևտ. 27.32): Մինչև XII դ. հայոց եկեղեցիներում վարդապետներն ու եպիսկոպոսները կրել են վարդապետ. երկգլխանի օձագլուխ Գ-ներ: 1184-ին Լուկիոս III պապը Գրիգոր Դ Տղա (1173–1193) կաթողիկոսին նվիրել է կաթողիկոս. պատարագչի լրիվ զգեստ՝ կորագլուխ Գ-ով հանդերձ: Այն Կաթոլիկ եկեղեցում օգտագործել են պապերը, կարդինալները և եպիսկոպոսները: XII դ. վերջին, փաստորեն, հայ եպիսկոպոսները գործածական են դարձրել նաև նման Գ-ները: Հայ եկեղեցում ընդունված են երկու կարգի Գ-ներ՝ վարդապետական, եպիսկոպոսականկամ հովվական: Հովվականը՝ ասան, կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները, ընդ որում, առաջնորդները ասա կրելու իրավունք ունեն միայն իրենց թեմերի սահմաններում: Գ-ները լինում են փայտե, մետաղե, ոսկրե, երբեմն՝ բյուրեղապակե: Ի տարբերություն մյուս Գ-ների, ասան ազնիվ փայտից է, մոտ 10–12 սմ-անոց ոսկե կամ արծաթե գլխիկով:
Եղիշե ավ. քհն. Սարգսյան Լևոն Սարգսյան