ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում, որն իր մեջ ներառում է. ա. կարեկցանք մերձավորի հանդեպ և բ. բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ: Բ. քրիստ. առաքինություններից մեկի՝ ողորմության արտահայտությունն է: Նախաքրիստ. շրջանի հռոմեացի հեղինակները մերձեցել են մարդասիրության գաղափարին և խոսել կարեկցանքի մասին: Այնուամենայնիվ, հռոմ. շրջանում Բ. կրել է շղարշված փառասիրության բնույթ (ինչպես, օր., տոների առթիվ դրամ շաղ տալը, բաղնիքների, ամֆիթատրոնների և այլ հաս. զվարճության վայրերի կառուցումը և այլն): Հին կտակարանում Բ. հանդես է գալիս որպես տկարների նկատմամμ կարեկցանքի արտահայտություն, որը, սակայն, իր ուղղվածությամբ մեկ նպատակ ունի՝ շահել Աստծո բարեհաճությունը: Սկզբ. շրջանում մովսիսական օրենքը կարեկցանքը դիտել է որպես կատարյալ վարքի դրսևորում: Արդարությունն ու Բ. ընդունվել են որպես հոմանիշներ: Հետագայում, Երուսաղեմի տաճարի կործանումից և զոհաբերությունների հարկադրական վերացումից հետո, Բ. հրեաների մոտ դարձել է կրոն. պարտականություններից առաջինը: Բոլոր քաղաքներում եղել են ծառայողներ, ովքեր զբաղվել են սինագոգի գանձարկղում շաբաթ օրը հավաքված դրամը, նաև այլ նվիրատվությունները կարիքավորներին բաշխելով: «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ. 40.1) խոսքը ոչ միայն Բ-յան հորդոր է, այլև աղքատի նկատմամբ պարտականության արտահայտություն: Սակայն Հին ուխտի օրենքներով ու հրահանգներով առաջնորդվող հրեական իրականության մեջ Բ. թելադրվել է ոչ թե ներքին անհրաժեշտությամբ, այլ արտաքին՝ կեղծբարեպաշտ. դրդումներով: Բ. իր բուն նպատակով ու իմաստով երևան է եկել քրիստոնեության հետ միասին և իր էությամբ ամբողջապես քրիստոնեական է: Նոր կտակարանում Բ-յան արտաքին ձևը չի փոխվել, սակայն ձեռք է բերել բացարձակապես հոգևորբարոյական արժեք ու նշանակություն. շեշտադրվում է Բ. կատարողի ազատ կամքի, ներքին անձն. կարեկցանքի ու սիրո դրսևորումը: Հիսուս Քրիստոսը Բ. ապարդյուն չի համարում՝ Աստծո նկատմամբ ճիշտ կեցվածք ընդունելու գործում, այլ շեշտում է ճշմարիտ դրդապատճառի անհրաժեշտությունը՝ «հանուն Աստծո»: Նա դատափետում է իր ժամանակի ցուցադրական Բ. (Մատթ. 6.1–4) և կարևորում ողորմության ներքին բովանդակությունն ու նրանում թաքնված աստվածային օրհնությունն ու երանությունը: Քրիստոնյա առաջին հավատացյալները կամավոր, սիրով հրաժարվել են անձն. սեփականությունից և բաժանել կարիքավորներին: Վաղ քրիստ. համայնքում սպասավորների առաջին ընտրությունը տեղի է ունեցել հենց ողորմության անաչառ բաշխման նպատակով. յոթ սարկավագներ են ընտրվել սեղանին սպասարկելու համար (Գործք 6.1–7): Կարիքավորների պետքերը հոգացվել են (Գործք 4.32, 34–35), և յուրաքանչյուր քրիստոնյա պարտավորվել է իր ունեցվածքից բաժին հանել չքավորներին: Բ. հավասարվում է արդարությանը ո՜չ նրա համար, որ արդարացնում է մարդուն (մարդ արդարանում է հավատով. տես Հռոմ. 3.22, 26), այլ նրա համար, որ Աստծուն մերձենալու լավագույն ճանապարհներից է, և որի համար մեր մերձավորը բարի վկայություն է տալու Աստծո առջև: Հակոբոս առաքյալն իր Ընդհանրական թղթում հավելում է, որ հավատն առանց գործերի մեռած է. կարիքավոր եղբորը կամ քրոջը չօգնողը և երեսպաշտորեն Աստծուն մատնացույց անողը նմանվում է դևի (Հակոբոս 2.14–26): Քրիստոնեությունը Հռոմ. Կայսրությունում հաղթանակելուց հետո հիմնադրվել են զանազան աստվածահաճո հաստատություններ (հիվանդանոցներ, ուրկանոցներ, անկելանոցներ և այլն): Եկեղեցու հայրերը մշտապես հիշեցրել են Բ-յան անհրաժեշտության մասին՝ այն համարելով քրիստ. գլխավոր առաքինություններից մեկը: Բարսեղ Կեսարացին ասում է, որ խնայված ավելորդ հացը պատկանում է սովյալին, ավելորդ հագուստը՝ մերկին, իսկ հողին պահ տրված արծաթը՝ աղքատին: Իսկ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ՝ հարուստ լինել չի նշանակում շատ ունենալ, այլ՝ շատ տալ: Բ. քրիստոնեության մուտքի հետ արմատացել է նաև Հայաստանում: Արդեն Ներսես Ա Մեծ հայրապետի օրոք Մեծ Հայքը պատվել է բարեգործ. հաստատությունների խիտ ցանցով: Բարեգործ. շարժումը ծավալվել և կազմակերպված բնույթ է ստացել հատկապես XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, հիմնվել են զանազան բարեգործ. կազմակերպություններ: Համայնավար վարչակարգի հաստատումով, սակայն, Բ. որակվել է բուրժուա-կղեր. երևույթ և մերժվել այն պատճառաբանությամբ, թե հավասարների հասարակարգում չեն կարող լինել կարիքավորներ ու չքավորներ: Ըստ այդմ՝ «Բ.» տերմինը կիրառվել է միմիայն հեգնական երանգով: Հայաստանում ժողովրդավար. կարգերի հաստատումից հետո դարձյալ ստեղծվել են զանազան բարեգործ. հաստատություններ, որոնց մի մասը չի համապատասխանում քրիստ. Բ-յան ճշմարիտ ընկալմանը: Առանց ավետարանական պատշաճ գիտակցության կատարված օժանդակությունը չի կարող նույնանալ քրիստ. Բ-յան հետ, քանզի վերջինս պահանջում է նաև աստվածային մյուս բոլոր պատվիրանների անշեղ կիրառում և աստվածահաճո կենցաղ: Արդի շրջանում Հայ եկեղեցին նոր թափ է հաղորդել իր բարեգործ. գործունեությանը: Բացել է բարեգործ. ճաշարաններ ծերերի և կարիքավորների համար, օժանդակում է, հատկապես գյուղերում, կարիքավոր ընտանիքներին՝ ստեղծելով փոքր արտադրություններ: Հայ եկեղեցու հովանավորությամբ ՀՀ տարբեր մարզերում և թեմերում գործում են մանկ. ամառային ճամբարներ, որտեղ երեխաներն ստանում են նաև հոգևոր դաստիարակություն, ծանոթանում Հայ եկեղեցու պատմությանը: Հիմնվել են մանկ. գեղագիտ. դաստիարակության կենտրոններ ևն: Այդ ամենը Հայ եկեղեցին իրագործում է սփյուռքահայ բարերարների, ինչպես նաև մի շարք միջեկեղեց. և միջազգ. կազմակերպությունների օժանդակությամբ:
Միքայել ծ. վրդ. Աջապահյան