Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական Ս. Պատարագ մատուցեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում` ի ներկայության բազմաթիվ հավատացյալների, ՀՀ դեսպան տիար Վլադիմիր Կարմիրշալյանի, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների:
Պատարագի ընթացքին եկեղեցանվեր գնահատելի գործունեության և ազգաշահ վաստակի համար արժանավոր հայորդիներ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվեցին պատվո շքանշաններով: Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց Արգենտինայի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ տիար Ալբերտո Ճերեճյանին, Վահան սարկավագ Պերպերյանին, տիար Խորխե Մյուրեքյանին, տիարք Գրիգոր Հայրապետյանին և Ռուբեն Մոզյանին շնորհվեց «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշան: Վեհափառ Հայրապետը պանակե նվիրեց թեմակալ առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` գնահատելով Սրբազան Հոր տասնամյակների վաստակն ու հոգևոր ծառայությունը, ինչպես նաև Մայր Աթոռից բերված սկիհ ընծայեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:
Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ մատաղաճաշ, որին ներկա էին բազմահարյուր հայորդիներ: Ճաշի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական Օրհնության գրեր շնորհեց տիարք Սամո Սարգիսյանին, Փետրո Մուրադյանին և տիկին Դիանա Տեր-Կարապետյանին: Նորին Սրբությունն այցելեց նաև Սարդարապատ հրատարակչատուն, այնուհետ Սարդարապատի ճակատարմարտի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ աղոթեց հերոսական ճակատամարտում զոհվածների հոգիների խաղաղության համար:
Մայիսի 16-ի առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Բուենոս Այրեսի քաղաքային զբոսայգի, որտեղ հայորդիների կողմից Արգենտինային նվիրված խաչքարի մոտ աղոթեց խաչքարի կանգնեցման նախաձեռնությունն իրականացրած Գևորգ և Վերա Կարագոզյանների հոգիների հանգստության համար: Այնուհետ Նորին Սրբությունն ուղևորվեց Հայկական գերեզմանատուն: Գերեզմանատան մատուռում, ի ներկայության հավատավոր հայորդիների, Հայրապետը հոգեհանգստյան աղոթք կատարեց, որից հետո մատուռից քիչ հեռու կանգնեցված Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակ զետեղեց և աղոթեց Ցեղասպանության նահատակների համար:
Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց ազգային բարերար Էդուարդո Էօռնեքյանին և կատարեց տիար Էօռնեքյանի նոր տան և տան բակում կանգնեցված խաչքարի օրհնության արարողությունը` բարձր գնահատելով բարերարի ազնիվ ոգին և մեծ ներդրումները ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացի ու զարգացման գործում:
Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ նաև Արգենտինայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների և պաշտամունքի մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասոֆի, Սահմանադրական դատարանի նախագահ Ռիկարդո Լորենսետիի և փոխնախագահ Էլենա Հայտըն դե Նոլասկոյի հետ:
Արգենտինայի Արտաքին գործերի նախարարությունում, ի պատիվ Հայոց Հայրապետի, կազմակերպվել էր ընդունելություն, որին մասնակցում էին դիվանագիտական առաքելությունների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ: Հանդիսության ընթացքում Վեհափառ Հայրապետը հռչակվեց Արգենտինայի կառավարության պատվո հյուր: Նորին Սրբությունն այս պատիվը առաջին հերթին գնահատանք նկատեց Արգենտինայի հայ համայնքին իրենց օրինավոր և արդյունաշատ կյանքի համար այս երկրում և գոհունակությամբ անդրադարձավ Արգենտինայում իշխանությունների կողմից կրոնական գործունեության համար բարենպաստ պայմանների և հնարավորությունների ապահովմանը, որով Քույր Եկեղեցիներն Արգենտինայում համերաշխությամբ և համագործակցությամբ իրականացնում են իրենց առաքելությունը:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Արգենտինայի նախագահ տիկին Քրիստինա Կիրշների հետ: Հանդիպմանը ներկա էին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, տիար Էդուարդո Էօռնեքյանը, Արգենտինայի Արդարադատության նախկին նախարար և պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Լեոն Կառլոս Ասլանյանը, Արգենտինայի Հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը:
Հանդիպմանը Նորին Սրբությունը ցավակցություն հայտնեց նախագահ Քրիստինա Կիրշներին նրա ամուսնու` Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների մահվան կապակցությամբ, ում հետ Վեհափառ Հայրապետը հանդիպել էր Արգենտինայի հայոց թեմ իր առաջին Հովվապետական այցելության ընթացքում: Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Արգենտինայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, գոհունակություն հայտնեց նախագահին Արգենտինայի հայ համայնքի վերաբերյալ գնահատանքի խոսքերի համար:
Վեհափառ Հարապետի Հովվապետական այցելությունը Բուենոս Այրես ավարտվեց մշակութային միջոցառմամբ ՙԹեատրո Ավենիդա՚ օպերային թատրոնում: Հանդես եկան հայ և արգենտինացի կատարողներ, երգչուհիներ և արվեստագետներ: Հանդիսության ընթացքում Նորին Սրբությունը, բարձր գնահատելով արգենտինահայ ազգային բարերար տիար Էդուարդո Էօռնեքյանի բարեգործությունները, ազգային և եկեղեցական անդաստանում զգալի ներդրումները, հայրենական կյանքի զարգացման ու առաջընթացին ի խնդիր բերած մեծ նպաստն ու գործերը, նրան հռչակեց Սուրբ Էջմիածնի ասպետ` մաղթելով տիար Էօռնեքյանին արևշատություն և նորանոր հաջողություններ ազգաշեն ու եկեղեցաշեն աստվածահաճո իրագործումներում: