«Հայությունը կարմիր գրքում է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, դպրոցներում աշակերտներին սովորեցնենք, թե ինչքան կարևոր է ընտանիք կազմելը և երեխա ունենալը». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` մեկնաբանելով վերջին տարիների Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները: Սոցիալոգը նշում է, որ ծնելիության մակարդակի աճը խթանելու համար պետական մակարդակով պետք է քայլեր ձեռնարկվեն. ստեղծվեն աշխատատեղեր, անվճար բնակարաններ հատկացվեն երկուսից ավել երեխա ունեցող ընտանիքներին: Ադիբեկյանի խոսքով` Հայաստանի համար փրկություն կարող է լինել չորս երեխայի մոդելը որդեգրելը, ըստ որի տղային պետք է եղբայր, իսկ աղջկան էլ` քույր: «Այլապես մեր հայրենիքի կորսված տարածքներում, որ ձգտում ենք հետ բերել, ապրող չի լինի»,- ասում է Ադիբեկյանը` հավելելով, որ մինչև 2050թ. Հայաստանի բնակչությունը կարող է կրճատվել կիսով չափ` մինչև 1,5 մլն: Հայաստանում 2010-ին ծնվել է 44810 երեխա` 1 տոկոսով ավել, քան 2009-ին: Անցած տարի 1,6 տոկոսով աճել է նաև մահացությունների թիվը` 28800 մահ` 2009-ի 27560-ի դիմաց: Անցած տարի, ինչպես միշտ, ավելի շատ ծնվել են տղաներ, քան թե աղջիկներ` 20924 աղջիկ և 23986 տղա: Չնայած ծնելիության գրանցված աճին` այն դեռ զիջում է 1990-ի ցուցանիշներին: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 1990-ին բնակչության բնական աճի գործակիցը հազար բնակչի հաշվով կազմել է 16,3, 2000-ին` 2,6, 2010-ին` 13,7 /ըստ այդմ 1990-ին մեկ կնոջը բաժին է ընկել 2,6 երեխա, 2000-ին` 1,0, 2010-ին` 1,6/: Սոցիոլոգը ներկա վիճակը պայմանավորում է ամուսնության տարիքի աճով` տղաների ամուսնության տարիքը ներկայումս 28-29-ն է, աղջիկներինը`24-25-ը: «Աճել է հարսնացուների ու փեսացուների ամուսնության տարիքը, իսկ «պառաված» ընտանիքներից շատ երեխա ակնկալել հնարավոր չէ,- ասում է Ադիբեկյանը:- Երիտասարդ ընտանիքներն էլ անընդհատ հետաձգում են երեխա ունենալը: Եվ երբ արդեն պատրաստ են երեխա ունենալուն, պարզվում է, որ կինն արդեն ինչ-որ խնդիրներ ունի ու չի կարող երեխա ունենալ»: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի աշխատակից, էթնոժողովրդագիր Համլետ Սարգսյանի կարծիքով` ծնելիության մակարդակի անկումը հետևանք է գենդերային հավասարության: Նա նշում է, որ 19-րդ դարում սոցիալ-տնտեսական վիճակն ավելի վատ էր, բարվոքության հույս էլ չկար, սակայն մարդիկ ավելի շատ էին երեխա ունենում: «Երբ աղջիկը հարս էր գնում, գիտեր, որ պիտի ծառայի իր ամուսնուն ու երեխաներ ծնի,- ասում է ազգագրագետը,- Հիմա կանայք հավասարության են ձգտում, ունեն աշխատանք, կարիերա, իրենց հաճույքները և նպատակները, որոնք չեն կարողանա իրագործել 3-4 երեխա ունենալու դեպքում»: Ազգագրագետը դեմոգրաֆիական ստեղծված վիճակի պատճառ է համարում նաև ընտանիքի պլանավորումը` նախկինում կանխարգելման միջոցներ չկային, իսկ հիմա զույգերը մինչև ամուսնությունը պլանավորում են, թե երբ և քանի երեխա պետք է ունենան: Սարգսյանը նշում է, որ ծնելիության աճը խթանելու համար հատուկ դեղատոմս չկա, պետք է պարզապես հանրությանը հոգեբանորեն նախապատրաստել դրան: Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշում է, որ ծնելիության ցուցանիշն ամենացածրը Սյունիքում է` հազար բնակչին բաժին է ընկնում 11 երեխա, հանրապետական 13 երեխա ցուցանիշից ցածր է նաև մակարդակը Լոռու, Տավուշի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում: Ադիբեկյանը նշում է, որ համեմատաբար ծնելիության ցուցանիշը բարձր է Երևանին մերձակա մարզերում` հավելելով, որ տնտեսական աճի խթանման դեպքում նման ցուցանիշներ կլինեն նաև մյուս մարզերում: Փախարենը 4,2 տոկոսով նվազել է ամուսնությունների թիվը` անցած տարի գրանցվել է 17984 ամուսնություն 2009-ի 18773-ի փոխարեն: Չնայած ամուսնությունների թիվը 2010-ին նվազել է, փոխարենը շարունակել է աճել ամուսնալուծությունների թիվը` 2997 ամուսնալուծություն 2009-ի 2829-ի դիմաց և արդյունքում` 5,9 տոկոս աճ: Ամուսնալուծությունների թվով առաջին տեղում Լոռու մարզն է`հազար ամուսնությանը բաժին է ընկնում 336 ամուսնալուծության դեպք, հաջորդում է Երևանը` 208 դեպքով, Շիրակը` 159-ով:Հանրապետական միջին ցուցանիշը 167 է: Ադիբեկյանը նշում է, որ ամուսնալուծվում են այն կանայք, որոնք ֆինանսապես անկախ են և ամուսնալուծությունից հետո կարող են ինքնուրույն պահել իրենց և երեխային: Սարգսյանի կարծիքով էլ` «սա նույն շարքի օղակներից է: Հիմա եթե կինը չի համակերպվում ամուսնու առաջարկած պայմաններին, ազատ է որոշել իր անելիքը»: Լոռու մարզը առաջատարնքերի շարքում է նաև մահացության գործակիցով` այստեղ հանրապետության 8,6 գործակցի փոխարեն 10,4 է: Կույումջյանը նշում է, որ մահացության թիվը դժբախտ պատահարներից, սիրտ-անոթային հիվանդություններից և նորագոյացություններից աճել է, փոխարենը 4 տոկոսով նվազել են մահացության դեպքերը շնչառական ուղիների հիվանդություններից: 18,9 տոկոսով աճել է նաև ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը. Անցած տարի գրանցվել է 225 ինքնասպանության և 367 ինքնասպանության փորձի դեպք: Ընդ որում` ըստ Կույումջյանի, հիմնականում ինքնասպանության են դիմում գործազուրկ և թոշակառու անձինք: