Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել հետևյալ աշխատությունները` Արշակ Մադոյանի «Գէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց», Իլարիոն արքեպիսկոպոս Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց Եկեղեցու»` թարգմանությամբ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի, Էմմանուել քահանա Նազարյանի «Պարզ քարոզները» գրքերը, ինչպես նաև վերահրատարակել է Կարապետ ծայրագույն վարդապետ Տեր-Մկրտչյանի «Հայոց եկեղեցու պատմության» Ա մասը:
Արշակ Մադոյանի «Գէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց» գիրքը նվիրված է լուսահոգի Գևորգ Հայրապետի կյանին ու գործունեությանը:
Իլարիոն արք. Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց եկեղեցու» աշխատությունը գրվել է 20-րդ դարի սկզբին և ցայսօր իր պատգամով այժմեական է նաև հայ հասարակության համար, որի հիմքում ընկած է այն կարևոր գաղափարը, թե
քրիստոնեությունն ու եկեղեցին չեն կարող անջատաբար դիտվել, այլ միայն փոխկապակցության մեջ` աղոթական ու ներեկեղեցական կյանքով:
Ուսուցիչ, գրականագետ, քարոզիչ Էմմանուել քահանայի «Պարզ քարոզներ» քառահատոր ժողովածուն, նախատեսված լինելով ընթերցողի լայն շրջանակի համար, այսօր էլ պահպանում է իր կենդանի ուժն ու ներգործությունը:
Նշանավոր հայագետ Կարապետ ծայրագույն վարդապետ Տեր-Մկրտչյանի «Հայոց Եկեղեցւոյ պատմութիւն» ուսումնական ձեռնարկի սույն Ա մասն ընդգրկում է քրիստոնության ծագումից մինչև Զ դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի Հայոց Եկեղեցու և նրա հետ աղերսվող քաղաքական պատմության ամփոփ նկարագիրը:
Բոլոր այս գրքերը հրատարակվել են
մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն`
Տ. Վահրամ քահանա Մելիքյան