Այսօր Ավագ շաբաթ օրն է, որ նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Ավագ շաբաթը խորհրդանշում է դժոխքի ավերումը, քանի որ ուրբաթ լույս շաբաթ օրը Քրիստոսը, գերեզման դրվելով, իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին:
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է միայն Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:
Այսօր երեկոյան` Զատիկի տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, ավարտվում է Մեծ պահքը և սկսվում է Հարության տոնը: Այսօր երեկոյան 17.30-ին եկեղեցիներում կանցկացվի Սբ. Պատարագ, որին կհաջորդի նախատոնակ:
Վաղը Քրիստոսի Հարության տոնն է` Մեծ Զատիկը: Այդ օրը քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, և պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Սա մեծ ուրախության տոն է նաև, որովհետև այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը մեզ խոստանալով:
Վաղն առավոտյան 11.30-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ պատրիարքը կանցկացնի Հայրապետական Սբ. Պատարագ, իսկ 16.30-ին կանցկացվի հոգեհանգստի արարողություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար:
Երկուշաբթի Ննջեցյալների հիշատակության օրն է` Մեռելոցը: Բոլոր եկեղեցիներում երկուշաբթի առավոտյան կանցկացվի Սուրբ Պատարագ և Հոգեհանգիստ: