Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Дворкин А.Л. Сектоведение. Тоталитарные ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Դպրության տվչության կարգ Երևանում (եկեղե...
Արծվիկ Դեմիրճյան. Մայր և կույս mp3
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Մեկնություն Ժողով...
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Օրհնության մի խաչքար է տեղադրվել Աբովյան...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
13.07.11 PS Հյուրը Տեր Վահրամ քահանա Մել...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Կարինե Խոդիկյան, Օր 6-րդ
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
«Նոր սերունդ» աղանդի մասին
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգ...
Ժամագիրք. pdf
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Ավետիս Վարժապետ Պերպերյան. Պատմություն Հ...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Եկեղեցի հաճախելու կանոները
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Р.М. Конь. Сектоведение. pdf
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց Էջմիածին ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 11 » Ավագ ուրբաթ

19:31
Ավագ ուրբաթ


Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության հիշատակը Հիշատակ վեցերորդ օրվա արարչության
Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված արարեց ցամաքային շնչավոր արարածներին:
«Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ և գազաններ իրենց տեսակներով»: Եվ եղավ այդպես: Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, անասուններին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով: Աստված տեսավ, որ դրանք բարի են» (Ծննդ. Ա 24-25):
Դրանից հետո Աստված արարեց մարդուն: Տերը, արարչությունն սկսելով նվաստագույն արարածներից, ավարտեց մեծագույնով:
«Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր պատկերով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. Ա 26):
Աստված մարդուն արարեց հողից, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց կնոջը և նրանց դրեց Դրախտում: Աստված մարդուն մյուս եղականների հետ չստեղծեց, և մարդուն ստեղծելուց Իրեն խորհրդակից արեց ոչ թե եղականներին, այլ Իր անեղ Խոսքին և Սուրբ Հոգուն: Աստված արարածներին արարեց ոչ թե Իր համար, քանի որ Ինքը ոչ մի բանի կարոտ չէ, այլ մարդու, ում դեռ պետք է ստեղծեր: Իսկ մարդուն նախապես չարարեց, որպեսզի նրան դատարկ և ունայն վայրում չբնակեցնի ու տրտմեցնի:
Աստված մարդուն Իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց և բոլոր արարածների օրինակը մարդու մեջ ցույց տվեց. Ադամի հոգով իմանալի էություններին, իսկ մարմնով՝ զգալի: Մարդը հոգով Աստծու պատկերն է, քանի որ հոգին անմարմին է, անմահ, անվայր, անիմանալի, մտավոր, անձնիշխան, անուրեք, ամենուր և ոչ ուրեք, նաև՝ բանական, անտեսանելի, անմեղ: Մարդը նաև մարմնով է Աստծու պատկերը, քանի որ ուղիղ է մարդու ձևը, մարդը տեսնող է ու լսող, բոլոր զգալի արարածների տերն է ու իշխանը, և հոգին ամենուր է նրա մարմնում:
Աստված ստեղծեց մարդուն իմանալի (հոգևոր) և զգալի (մարմնավոր) բնություններից: Այդ երկուսն էլ Աստծու պատկերով են ստեղծվել և հորինվել երկու աշխարհների կատարյալ ձևերով, այդ պատճառով էլ մարդը երկու օրհնություն է ընդունում. որպես մարմնավոր արարած ընդունում է որդեծնության օրհնությունը, ինչպես մյուս զգալի արարածները՝ ըստ այս խոսքի. «Աճեցե՜ք և բազմացե՜ք», և որպես իմանալի արարած՝ հոգևոր օրհնությունը՝ արժանանալով պատվիրանապահության պատվին:
«Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. Ա 27):
Տերը մարդուն արու և էգ արարեց: Սեռը օտար է Աստծուն, հրեշտակներին և մեր հոգուն: Աստված կանխատես է և գիտեր, որ մարդը կորցնելով Իր նմանությունը՝ ընկնելու է և հավասարվելու անասուններին, այդ պատճառով արու և էգ արարեց նրանց, որպեսզի կարողանան բազմանալ:
Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՜ք, բազմացե՜ք, լցրե՜ք երկիրը, տիրեցե՜ք դրան, իշխեցե՜ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. Ա 28):
Չասաց Դրախտը, այլ երկիրը, քանի որ գիտեր, որ մարդը Դրախտից շուտով դուրս է գալու: Թեպետ Աստված Եվային դեռ չէր ստեղծել, բայց օրհնեց ապագայում կատարվելիքները ևս. գլխի՝ Ադամի համար այս խոսքերն ասելով՝ անդամների՝ Եվայի համար ևս ասաց:
Ադամը ուրբաթ առավոտյան Արարչի ձեռքով ստեղծվեց հողից, և նույն օրվա երրորդ ժամին Աստված Ադամի կողից ստեղծեց կնոջը: Արարումից քառասուն օր հետո , ուրբաթ օրը, Ադամն ու Եվան բնակվեցին Դրախտում, և դարձյալ ուրբաթ օրը՝ երրորդ ժամին, Եվան խաբվեց օձից, հրաժարվեց Աստծու պատվիրանից ու կերավ պտուղը: Նույն օրն Ադամը, տեսնելով կնոջը մերկացած լուսազարդ փառքից, հանուն նրա սիրո ինքն էլ կերավ պտուղը, և երկուսն էլ մերկացան փառքից: Երբ նախաստեղծները լսեցին Աստծու ոտնաձայները, փախան, թաքնվեցին թզենու թփի ետևում ու ծածկվեցին տերևներով:
Իններորդ ժամին Տերը գալով Դրախտ ասաց. «Ադա՛մ, ո՞ւր ես»: Այդպես ասելով՝ նրանց հնարավորություն տվեց ապաշխարելու: Բայց ապաշխարություն չգտնելով՝ Ադամին պատժեց անեծքով, Դրախտից արտաքսեց, ուղարկեց այն երկիրը, որտեղից նրան վերցրել էր, և ասաց. «Հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. Գ 19): Հետո Աստված փակեց Կենաց ծառի ճանապարհը՝ Դրախտի դռանը պահապան կարգելով սերովբեներին: Այդ պատճառով էլ վեցերորդ օրվա անունը «Ուրբաթ» դրվեց, որը նշանակում է մարդու կազմություն, նաև՝ բոթ և գույժ:

Վեցերորդ դարի պատկերը
Վեցերորդ դարում, որը արարչության վեցերորդ օրվա պատկերն է, Աստված սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Արարչության օրերին մարդու ստեղծումով ավարտվեցին արարչության գործերը, իսկ Տիրոջ գալստյամբ՝ տնօրինական գործերի գլուխը դարձավ Խաչը, և Տիրոջ անպարտ մահվամբ ջնջվեցին հանցանքների պարտքերը:
Ավագ ուրբաթ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Երկրորդ Ադամը, խաչի վրա մեռնելով՝ բացեց Իր կողն ու շինեց Իր Եկեղեցին և Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտության փուշը՝ ազատեց նրան: Տերը փոխանակ ծառին՝ խաչը կանգնեցրեց, և փոխանակ պտղին՝ լեղին ճաշակեց, և այն ժամին, երբ Ադամը դուրս եկավ Դրախտից, Տերն ավազակին մտցրեց Դրախտ, իսկ Ինքը հանգստացավ գերեզմանում:
Այն օրը, երբ նախաստեղծը մերկանալով լուսազարդ փառքից՝ տարագրվեց Դրախտից, Իսրայելը ազատվեց փարավոնի ձեռքից, որը և դարձավ հրեաների ամիսների սկիզբը: Իսրայելի ժողովուրդը գիշերը դուրս եկավ Եգիպտոսից, և այդ գիշերվա օրինակն էր այն գիշերը, երբ Տերը հրամայեց Աբրահամին վերցնել երեքամյա երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ ու աղավնի և դրանք մեջտեղից կտրելով իրար դիմաց դնել, իսկ թռչուններին՝ չկտրել (տե՜ս Ծննդ. ԺԵ 9): Եվ արևի մայր մտնելու ժամանակ Աբրահամը թմբիրի մեջ ընկավ, ինչը խորհրդանշում է նրա Որդու չարչարանքներն ու մահը, և Եգիպտոսին հարվածելը: Քանի որ Ադամը հանցանքի պատճառով խավարով նսեմացավ, Տերը Եգիպտոսին խավարով տանջեց, և Ինքն էլ գիշերը մատնվեց՝ ազատելու համար մարդկային ցեղը:

Տիրոջ կենարար չարչարանքները
ԽավարումԱվագ ուրբաթ օրը՝ Գիշերային ժամերգության ժամանակ, կատարվում է հսկում. բեմի վրա մոմեր են վառում ու շարում՝ վեցական մոմ աջից և վեցական ձախից, մի մեծ մոմ էլ դնում են կենտրոնում: Այս տասներկու մոմերը խորհրդանշում են Տիրոջ տասներկու աշակերտներին, իսկ մեծ մոմը՝ Քրիստոսին: Այնուհետև քահանաները վեց անգամ ավետարան են ընթերցում ու պատմում Ավագ ուրբաթ օրը կատարված դեպքերի մանրամասները: Դրանք են՝ Վերջին ընթրիքը, Հիսուսի աղոթքը Գեթսեմանիի պարտեզում, Հուդայի մատնությունը, Հիսուսի ձերբակալվելը, քահանայապետի մոտ տարվելը, Կայիափայի ատյանի առջև կանգնելը, անարգվելը, հարցաքննվելը, Պետրոսի ուրացումներն ու արտասվելը:
Յուրաքանչյուր ավետարանի ընթերցումից առաջ սաղմոսում են, երգում սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի «Այսօր անճառ» շարականից մի հատվածը, իսկ ընթերցումից հետո մոմերից երկուսը հանգցնում, մեկն աջից, մյուսը՝ ձախից, ապա ծնրադրելով աղոթում: Այս կարգը վեց անգամ կրկնելով ընթերցում են Ավագ ուրբաթին վերաբերող բոլոր ավետարանները և մարում տասներկու մոմերը: Մոմերի հանգցնելը խորհրդանշում է առաքյալների փախուստը, իսկ կենտրոնի մեծ մոմի վառված մնալը՝ Տիրոջ միայնակ մնալը:
Այս ամենից հետո ասվում է մաղթանք, քարոզ և աղոթք հանգուցյալների հոգիների համար, ապա ողբաձայն երգվում է կանոնագլուխ՝ «Իշխանք հալածեցին զիս» և «Արծաթասիրութեամբն» շարականը: Երբ երգում են «Տէր յերկնից» շարականը, վերցնում են վառվող մեծ մոմը ու մարում եկեղեցու բոլոր լույսերը: Որից հետո, երբ ավարտին է հասնում «Փառք ի բարձունս»-ը, մեծ մոմը դուրս են բերում, վառում եկեղեցու լույսերը և համապատասխան աղոթքներից ու սաղմոսներից հետո ասում «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ մատնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ» երեքսրբյանը:
Այնուհետև ընթերցվում է Հովհաննեսի ավետարանը, որտեղ պատմվում է Տիրոջ տարվելը Պիղատոսի մոտ, հարցաքննվելը, գանակոծվելը, ամբոխի առջև դուրս բերվելը և ամբոխի կողմից ևս մահվան դատապարտվելը: Ապա գրակալի վրա են դրվում սուրբ Խաչն ու Ավետարանը, և քահանաները շրջան են կազմում: Եպիսկոպոսը կամ ավագ քահանաներից մեկը խնկարկում է, իսկ մյուսներն ասում են՝ «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմ», «Սուրբ Աստուած, որ խաչեցար», «Փառք սուրբ խաչիդ» և այլն ըստ կարգի: Վերջում ընթերցվում է «Ավագ ուրբաթի կտակ» կոչվող ճառը:
Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն, ինչ պատճառով լուսատուները խավարեցին երկնքում, երկիրը շարժվեց, քարերը պատռվեցին, տաճարի վարագույրը կիսվեց և ջահերը մարեցին: Այդ պատճառով էլ այսօր մենք պետք է սգանք և ողբանք մյուս արարածների հետ և չարչարանակից լինենք Քրիստոսին:
Այսօր Եկեղեցին կատարում է մեծ Զվարակի մորթվելու հիշատակը: Այս մեծ խորհուրդը, որ սկզբնավորվել էր հավիտենականությունից առաջ, որը և կատարվեց ժամանակի լրմանը, Տերը նախօրոք հայտնել էր Իր մարգարեներին: Ըստ որում, տեսանողներից մեծը՝ Ամոսի որդի Եսային, մյուս բարձրագույն խորհուրդների հետ նաև այս անբավելի խորհրդի խորհրդազգացը եղավ՝ ասելով. «Ո՞վ հավատաց Տիրոջ մասին մեր տված լուրին» (Եսայի ԾԳ 1): Նրան Հոգով հայտնվեց ծածկված խորհուրդը և անճառ խորհրդի մեծությունը: Իսկ ովքեր չէին ընդունել Հոգին, նրա միջոցով տեղեկացան, սակայն լսողները դյուրությամբ չհավանեցին, քանի որ նրանց ներքին ունկը մաքրված չէր:
Այս լուրը Հոգով զորացած մեկ ուրիշը ևս լսեց և իր մեծ հիացմունքը երկյուղի հետ խառնելով՝ ասաց. «Տե՜ր, Քո լուրը լսեցի և վախեցա, նայեցի քո գործերին և զարհուրեցի. Դու կճանաչվես երկու գազանների միջև, երբ տարիները մոտենան, կհայտնվես, երբ ժամանակը հասնի, կերևաս, երբ իմ անձը բարկությունից խռովվի, ողորմությունս կհիշես» (Ամբակ. Գ 2): Եվ ի՞նչ լուր է սա, որին այդպես դժվար է հավատալ: Սա լուրն է Անեղի եղանալու, Խոսքի՝ թանձրանալու, Անբովանդակի՝ բովանդակվելու, Անսահմանելիի՝ սահմանվելու, Անսկզբի՝ սկզբնավորվելու, Անժամանակի՝ սկսվելու, Անտեսանելիի՝ տեսանելի դառնալու, Անըմբռնելիի՝ ըմբռնվելու, Անչարչարելիի՝ չարչարվելու, Անմահի՝ մեռնելու:

Հիսուս Կայիափայի առաջ
Հոգեղենների ու հրեղենների Արքան կանգնեց ատյանում: Աստվածային Քահանայապետը, Ով իջել էր երկնքից աշխարհի մեղքը վերցնելու, Իրեն մատնեց քահանաների ձեռքը: Անօրեն հրեաները սուտ վկաներ էին փնտրում Նրա դեմ, ինչպես և գրված է. «Իմ դեմ մեղսագործ վկաներ ելան և չարախոսեցին Ինձ իրենց անիրավությամբ» (Սաղմ. ԻԶ 12), սակայն որևէ մեղք չէին գտնում, որ Նա գործած լիներ, քանզի Նա մեղք չգործեց, և Նրա բերանում նենգությունը տեղ չգտավ (տե՜ս Ա Պետ. Բ 22):
«Երկու վկա առաջ գալով ասում են. «Մենք լսեցինք Դրանից, երբ ասում էր. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կշինեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտ» (Մարկ. ԺԴ 58):
Իսկ Հիսուս լուռ էր: Քահանայապետը, կամենալով Տիրոջը խոսքով որսալ, ասաց:
«Երդվեցնում եմ Քեզ կենդանի Աստծով, որ մեզ ասես, թե Դո՞ւ ես Քրիստոս՝ Աստծու Որդին» (Մատթ. ԻԶ 63):
Այսինքն՝ Հոր անճառելի Ծնունդը: Նա լսողների օգտի համար չհարցրեց, այլ իր չարությունից մղված, որպեսզի ամբոխին Նրա դեմ գրգռի: Եվ Տերը բարի դավանությամբ պատասխանեց.
«Դո՜ւ ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետև Մարդու Որդուն կտեսնեք նստած ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով» (Մատթ. ԻԶ 64):
Սկզբում Տերը ճառում էր Իր չարչարանքների, մահվան ու հարության մասին, իսկ այս խոսքով բացահայտում է Իր նստելը Հոր աջ կողմում և աշխարհի վախճանին Հայրական իշխանությամբ Իր Երկրորդ գալուստը:
«Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց» (Մատթ. ԻԶ 65):
Այդ թշվառականն այդպես արեց, քանզի այդպես պատռվելու էր նրա քահանայությունը, ինչպես Սավուղի թագավորությունը, երբ նա պատռեց Սամվելի հանդերձը (տե՜ս Ա Թագ. ԺԵ 27):
«Այն ժամանակ թքեցին Նրա երեսին, բռունցքով հարվածեցին Նրան» (Մատթ. ԻԶ 67):
Ամբոխը համարձակություն ստանալով՝ քահանայապետի հետ թքեցին մեր Տիրոջ դեմքին. Նրա դեմքին, Ումից սարսելով դողում են հրեշտակները, և Ում փառքի ահից վեցթևյան սերովբեները զարհուրելով ծածկում են իրենց դեմքերը: Մեծն Մովսեսը վեր էր նայում, որ տեսնի Աստծու ահավոր դեմքը, իսկ այսօր հրեաները թքում էին Արարչի դեմքին:
Քանի որ նախահայրն ամաչեց փառքից մերկանալու պատճառով, Տերը թուքն ընդունեց, որպեսզի վերացնի Ադամի նախատինքը:
«Ոմանք էլ ապտակում էին Նրան ու ասում. «Մարգարեացի՜ր մեզ, Դո՜ւ, Քրիստո՜ս, ո՞վ է, որ Քեզ հարվածեց» (Մատթ. ԻԶ 68):
Շատ թագավորներ ու մարգարեներ ցանկացան տեսնել Իսրայելի Աստծու դեմքը, բայց չկարողացան, իսկ հրեաները տեսնելով՝ աստվածամարտ դարձան, և այդ պատճառով հրեաների փոխարեն հեթանոսները դարձան Աբրահամի որդի:
«Երբ առավոտ եղավ, բոլոր քահանայապետերն ու ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Հիսուսի դեմ՝ Նրան սպանելու համար: Նրան կապեցին, առան-գնացին և հանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը» (Մատթ. ԻԷ 1-2):
Կապվեց փառքերի Թագավորը, որպեսզի մեզ՝ բազմամեղներիս, ազատի մահվան կապանքներից և հավիտենական կյանք պարգևի: Կենդանիների ու մեռելների Դատավորին, Ով դատում է աշխարհն արդարությամբ և ժողովուրդներին ուղղությամբ, մատնեցին դատավորի ձեռքը:

Հուդայի ինքնասպանությունը
«Այն ժամանակ Հուդան, որ Հիսուսին մատնել էր, տեսնելով, որ Հիսուս դատապարտվեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետերին և ժողովրդի ծերերին ու ասաց. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. ԻԷ 3-4):
Հուդան ընդամենն արդար արյուն է ասում Նրան, Ում Պետրոսն Աստծու Որդի դավանեց, Իսկ Հովհաննես Մկրտիչը՝ Աստծու Գառ և բոլորի մեղքերը Վերցնող: Ասում է «արդար արյուն», ինչպես կասեր մարդկանցից մեկի համար, և ոչինչ չի շահում իր անօգուտ զղջումից: Այլ նա պետք է աղաղակեր, թե՝ «Մեղավոր եմ, քանի որ Իսրայելի Աստծուն և երկնքի ու երկրի Տիրոջը մատնեցի»: Հուդան արծաթը գցեց տաճարում, որպեսզի դրանով գնեն բրուտի ագարակը՝ որպես գերեզման օտարների համար, և որպեսզի կատարվեն մարգարեի խոսքերը. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՜ք իմ վարձը, իսկ եթե՝ ոչ, ասացե՜ք: Եվ նրանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ... Ես վերցրեցի երեսուն արծաթը և Տիրոջ տանը գցեցի բովի մեջ» (Զաքար. ԺԱ 12-13), այսինքն՝ քուրայի, ինչը բրուտի ագարակն էր՝ կավե անոթներ թրծելու տեղը: Եվ հեգ ու թշվառական Հուդան կախվեց ծառից ու խեղդվեց, ինչպես իր ժամանակին Աքիտոփելը՝ Դավիթի բարեկամը, ով մատնիչ էր (տե՜ս Բ Թագ. ԺԷ 23): Դրանով Հուդայի վրա կատարվեց հարյուրութերորդ սաղմոսի անեծքը. «Նրա դեմ մի չարագործ հանի՜ր, և սատանան թող կանգնի նրա աջ կողմում: Իր դատաստանից թող նա հանցապարտ դուրս գա, և նրա աղոթքը մեղք թող համարվի: Թող նվազեն օրերը նրա, և նրա պաշտոնը թող ուրիշն առնի: Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի: Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, և թող նրանք հեռանան իրենց բնակավայրից: Պարտատերը թող խուզարկի ողջ ունեցվածքը նրա, օտարները թող հափշտակեն վաստակը նրա: Թող ոչ ոք աջակից չլինի նրան, և նրա որբերին ոչ ոք չգթա: Թող նրա որդիները կոտորվեն, և նրա անունը թող ջնջվի սերնդի միջից: Թող Տիրոջ առջև հիշվեն նրա հոր մեղքերը, և նրա մոր մեղքերը չսրբվեն: Թող նրանք ամեն ժամ Տիրոջ առջև լինեն, և նրանց հիշատակը թող վերանա երկրից, քանզի նա ողորմություն անելը չհիշեց, հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով: Նա, որ անեծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնություն, թող այն հեռու լինի նրանից: Անեծքը, որ նա հագավ ինչպես հանդերձ, թող ջրի պես լցվի նրա փորը, և ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ: Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն, և մեջքին կապելու մշտական գոտի: Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին Ինձ Տիրոջ առջև, և ովքեր չարախոսում էին Իմ մասին» (Սաղմ. ՃԸ 6-20):
Հուդան դարձավ մատնիչը՝ մարմնացած անժամանակ Խոսքի, ատելի դարձավ Տիրոջ աշակերտներին, իսկ հրեաների աչքին՝ ստախոս, դավաճան ու խոսքը փոխող: Եվ նա իր չար տրտմությունից նեղսրտելով կախվեց: Հիսուս Պիղատոսի առաջ

«Եվ Հիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց Նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը» (Մատթ. ԻԷ 11):
Քահանայապետերը ժողովրդին խաբում էին, թե Հիսուս հակառակ է Աստծուն և Մովսեսի օրենքներին, իսկ կուսակալին խաբում էին, թե Նա կամենում է թագավորել Իսրայելի վրա, ժողովրդին գրգռում է կայսեր դեմ և ուզում է հռոմեական զորքերին արտաքսել երկրից: Սկզբում Պիղատոսը հավատաց և տագնապեց իր անձի համար, իսկ երբ տեսավ, որ Հիսուս ավելի նման է վարդապետի, քան թե զինվորի, հրեաների խոսքերը ցնորական համարեց:
Պիղատոսը նրանց ասաց. «Դուք ասում եք ինձ, թե այս Մարդը կամենում է թագավորել, արդ՝ ո՞ւր են Նրա կառքերն ու զորքը և կամ դրա արքայական զգեստները»: Հրեաները պատասխանեցին. «Հազիվ դրան հափշտակեցինք Իր զորքերի միջից»: Պիղատոսը հակառակվեց. «Հնարավոր չէ առանց արյունահեղության հափշտակել զորքերի հրամանատարին»: Հրեաները ասացին, թե Նա ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում՝ սկսած Գալիլիայից մինչև Երուսաղեմ: Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին և պարզեց, որ այդ Մարդը գալիլիացի է (իսկ Գալիլիան Հերովդեսի իշխանության տակ էր), կարգադրեց, որ Նրան տանեն Հերովդեսի մոտ, քանի որ այդ օրերին նա Երուսաղեմում էր (տե՜ս Ղուկ. ԻԳ 5-7):
Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, ուրախացավ, քանի որ վաղուց ցանկանում էր տեսնել Նրան, Նրա մասին շատ էր լսել և ակնկալում էր Նրա ձեռքով կատարված որևէ հրաշք տեսնել: Հերովդեսը Նրան հարցաքննեց, սակայն Հիսուս նրան ոչ մի պատասխան չտվեց, որպեսզի մեզ սովորեցնի, որ չապավինենք հարստությանը և ընչավետ աշխարհին: Եվ Հերովդեսը, ոչ մի պատասխան չստանալով, իր զորականներով հանդերձ Նրան ծաղրեց և սպիտակ զգեստներ հագցնելով՝ վերադարձրեց Պիղատոսին:
Պիղատոսն ու Հերովդեսը, որ նախկինում թշնամիներ էին, այդ օրերին բարեկամացան: Թշնամության պատճառը Հովհաննես Մկրտչի սպանությունն էր Հերովդեսի կողմից: Հովհաննեսը երուսաղեմցի էր՝ Պիղատոսի իշխանությունից, և Հերովդեսը իրավունք չուներ նրան սպանելու: Որպես պատասխան՝ Պիղատոսը ձերբակալեց այն գալիլիացիներին, ովքեր եկել էին Երուսաղեմի տաճար՝ Տիրոջը երկրպագելու, սրախողող արեց նրանց իրենց մատուցվելիք զոհերի հետ միասին, և զոհերի արյունը խառնեց մարդկանց արյանը՝ դրանով առնելով Հովհաննեսի արյան վրեժը (տե՜ս Ղուկ. ԺԳ 1):
Պիղատոսը դիմեց հրեաներին. «Այս Մարդուն ներկայացրիք ինձ որպես ժողովրդին մոլորեցնողի. ահավասիկ՝ ես ձեր առաջ դատաքննություն արեցի և այս Մարդու մեջ չգտա անգամ մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էիք Նրան: Եվ ոչ էլ՝ Հերովդեսը, որի մոտ հրամայեցի, որ տանեն Հիսուսին»:
Եվ մինչ նա նստած էր ատյանում, իր կինը նրան լուր է ուղարկում ու ասում. «Քո և այդ Արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս Նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան» (Մատթ. ԻԷ 19): Քանի որ ամեն ինչում ողորմած ու մարդասեր է Տերը և չի կամենում, որ մարդն իր անգիտության պատճառով կորստյան մատնվի, այլ կամենում է, որ ամեն մարդ ապրի և հասնի ճշմարտության գիտությանը: Եվ ինչպես հրեաներին ճանաչեցրեց Իր Աստվածությունը օրինակներով ու մարգարեություններով, այնպես էլ սրանց՝ ըստ հեթանոսական սովորության, քանի որ նրանք միշտ հետևում էին երազներին և հմայություններին: Տերը երազի միջոցով հայտնեց Պիղատոսի կնոջը, որպեսզի նա անպարտ լինի Պիղատոսի համառությունից: Ինչպես երեկ Տերը մատնիչին էր կշտամբում, այդպես էլ այսօր՝ դատավորին: Տերը մոգերին աստղերի միջոցով հայտնեց, ազովտացիներին՝ երինջների (տե՜ս Ա Թագ. Զ 9), իսկ Պիղատոսի կնոջը՝ երազի:
Այդ ժամանակ Պիղատոսը մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը, որ խորհում ես վերացնել կայսեր իշխանությունը Քո ազգի վրայից»: Հիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թե ուրիշներն Իմ մասին քեզ ասացին»: Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ: Քո ազգը և քահանայապետերը մատնեցին Քեզ իմ ձեռքը, և ես կամենում եմ իմանալ, թե Դու ի՞նչ ես արել» (տե՜ս Հովհ. ԺԸ 33-35): Տերը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ. եթե Իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, Իմ հետևորդները կմարտնչեին արդեն, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ» (տե՜ս Հովհ. ԺԸ 36): Դրանից Պիղատոսը զարհուրեց ու ասաց. «Թե որ այդպես է, ուրեմն Դու Թագավո՞ր ես»: Տերը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ Թագավոր եմ, բայց Ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է» (տե՜ս Հովհ. ԺԸ 37):
Այս մասին է գրում առաքյալը Տիմոթեոսին. «Պատվիրում եմ քեզ Աստծու ներկայությամբ, Ով կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, Ով Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դավանությունը» (Ա Տիմ. Զ 12-13): Տերն Իրեն ոչ թե երկրավոր թագավոր դավանեց, այլ թագավորների Թագավոր և ասաց, որ դրա համար է ծնվել և կարոտ չէ հռոմեական մասնավոր թագավորությանը, որ տիրում է մեռելաշունչ մարդկանց վրա, քանի որ Ինքը բոլորի Թագավորն է, վերին իշխանությունների և երկնային անմահ զորքերի Արքան:
Պիղատոսը Նրան հարցրեց. «Ի՞նչ է ճշմարտությունը», ապա դուրս եկավ ու դիմեց քահանաներին. «Ես Նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում: Բայց դուք սովորություն ունեք, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ արձակեմ» (տե՜ս Հովհ. ԺԸ 38-39): «Ուզո՞ւմ եք, որ ձեզ համար արձակեմ հրեաների Թագավորին» (տե՜ս Հովհ. ԺԸ 39):
Երբ լսեց Տիրոջից, որ Թագավոր է, և որ թագավորությունն էլ այս աշխարհից չէ, Նրան ճշմարիտ Թագավոր ճանաչեց և խորհեց արձակել:
Իսկ հրեաները միաբան աղաղակում էին ու ասում. «Ո՜չ դրան, այլ՝ Բարաբբային» (տե՜ս Հովհ. ԺԸ 40): Ամբարիշտ հրեաները չէին մտնում Պիղատոսի ապարանքը, որպեսզի չպղծվեն մինչև զատկական գառն ուտելը. նրանք Օրենքից վախենում էին, սակայն Օրենսդիրին՝ արհամարհում:
«Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսի համար հրամայեց, որ Նրան վերցնեն և գանակոծեն» (Մատթ. ԻԷ 26, Հովհ. ԺԹ 1):
Այս մասին Եսային ասում է. «Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա՜ պատիժ կրեց, և Նրա՜ վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի ԾԳ 5):
Կուսակալի զինվորները Հիսուսին տարան ապարանք, մերկացրին, ծիրանի զգեստ հագցրին և փշե պսակ դրեցին գլխին: Սա եղավ, որպեսզի դրանով վերացնի փշաբերության անեծքը. «Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը» (Ծննդ. Գ 18), ինչպես և Իր քրտինքով վերացրեց Ադամի երեսի քրտինքը. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ» (Ծննդ. Գ 19): Տերը կարմիր զգեստ հագավ (տե՜ս Մատթ. ԻԷ 28), որպեսզի հանի նախաստեղծների մաշկեղեն զգեստները, և ծիրանի հագնելով (տե՜ս Մարկ. ԺԵ 17), մեզ զարդարում է թագավորական զգեստներով: Ծիրանին թագավորության ու պետականության խորհրդանիշ է:
Դարձյալ՝ Տերը, ծիրանիով զգեստավորվելով, փրկում է նախահորը՝ հակառակորդի սնոտի ու սուտ խոսքերից, որ ասաց. «Երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման, կիմանաք բարին ու չարը» (Ծննդ. Գ 4): Առաջին Ադամը ցանկացավ աստվածանալ, ինչ պատճառով Երկրորդ Ադամը ծիրանիով զգեստավորվելով՝ մեզ ազատեց հակառակորդից և խոստացավ աստված դարձնել, երբ գա Իր հրաշափառ Երկրորդ գալստյամբ:
«Նրա երեսը ծածկում էին և տանջում, հարցնում էին Նրան և ասում. «Մարգարեացի՜ր, ո՞վ է, որ Քեզ խփեց» (Ղուկ. ԻԲ 64):
Որպեսզի Ադամին ազատի անտառախիտ ու մացառուտ տեղում թաքնվելուց:
«Ապա Նրա ձեռքը որպես գավազան մի եղեգ տվեցին» (տե՜ս Մատթ. ԻԷ 29):
Որպեսզի դրանով ազատի մարդկային ցեղը բանսարկուի անհաստատ խրատից և Սուրբ Հոգու շնորհներով, ինչպես եղեգով, մեր անունները գրի Կենաց Գրքում:
«Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին» (Մատթ. ԻԷ 29):
Նա, Ում երկրպագում էին անմահների գնդերը, անօրենների կողմից պարսավանքի ենթարկվեց, որպեսզի վերացնի մարդկային ցեղից սնոտի կուռքերի երկրպագությունը և մեզ պատրաստի երկրպագելու Սուրբ Երրորդությանը:
«Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա ձեր Թագավորը՝ ձեզ, քանի որ ես Դրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում» (տե՜ս Հովհ. ԺԹ 4):
Պիղատոսը Տիրոջից լսելով, որ երկնքից է Նրա թագավորությունը, և իմանալով, որ հրեաներն երկնքի Աստծուն են պաշտում, ասաց. «Ձեր Թագավորը»:
Իսկ հրեաները Պիղատոսին ասացին. «Մենք Օրենք ունենք, և ըստ մեր Օրենքի պետք է Նա մեռնի, որովհետև Իրեն Աստծու Որդի դարձրեց» (տե՜ս Հովհ. ԺԹ 7):
Հրեաներն այդպես ասացին, քանի որ չկարողացան որևէ պատճառ գտնել Նրան մահվան դատապարտելու համար, ոչ էլ կարողացան ապացուցել, որ Նա վտանգավոր է կայսեր համար և ոչ էլ կարողացան մարդկանց առաջ Օրենքին պարտական դարձնել:
Երբ Պիղատոսն այս լսեց, հիշեց Տիրոջ խոսքը, որ ասաց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ», ինչից զարհուրեց և հնար էր փնտրում Նրան ազատելու: Իսկ հրեաները տեսնելով, որ դատավորն իրենց չի լսում, կաշառքը չի ընդունում, իրենց աղաչանքներն ու ամբոխի աղաղակները արհամարհում է, ասացին. «Եթե Դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր» (Հովհ. ԺԹ 12):
Պիղատոսն ասաց. «Դուք ասում եք, որ երկնքի Աստծուն եք պաշտում, իսկ Նա երկնքի Աստծու Որդին է, հետևաբար՝ ձեր Թագավորը: Ես ինչպե՞ս ձեր Թագավորին խաչը հանեմ: Ասում եք, որ դուք օրենք ունեք և համաձայն այդ օրենքի՝ Նա պետք է մեռնի: Եթե չկամենայիք Նրան սպանել, ապա ինձ մոտ չէիք բերի, իսկ ես Աստծու Որդի չեմ կարող սպանել և աստվածամարտ լինել: Ահա ձեր Թագավորը՝ ձեզ»:
«Քահանայապետերը պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագավոր, բացի կայսրից» (տե՜ս Հովհ. ԺԹ 14-15):
Հրեաների նախկին սերունդը ուրացավ Տիրոջը Սինա անապատում՝ իրենց համար ձուլածո աստված հորինելով (տե՜ս Ելք ԼԲ 4), իսկ այժմ սրանք են ուրանում Փրկչին, կայսրին իրենց թագավոր հայտարարելով: Եվ ինչպես այն ժամանակ Մովսեսն իջնելով Սինա լեռից՝ կործանեց նրանց կուռքը և դրան պաշտողներին, այդպես էլ Բարձյալը նրանց վրա ուղարկեց հռոմեացիների բանակը (70 թ.), նրանց կոտորեց և մնացորդը դուրս բերեց Ավետյաց երկրից, քանի որ չճանաչեցին Իսրայելի փրկությունը:
Այս խոսքերից Պիղատոսը զարհուրելով դողաց և խավարը պատեց նրան, քանի որ ստուգապես հասկացավ, որ հրեաները ստում են, մանավանդ որ լսել էր Փրկչից. «Ով Ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքն ավելի մեծ է» (Հովհ. ԺԹ 11): Այնուամենայնիվ, նա ակամա մատնում է Տիրոջը հրեաների ձեռքը, և ինքն արժանապես կրում իր պատիժը: Հայոց Աբգար թագավորը, ստանալով Հիսուսի մահվան լուրը, ամբաստանում է Պիղատոսին՝ Տիբերիոս կայսեր առաջ, որ առանց կայսերական հրամանի, այսպիսի հրաշափառ Մարդուն մահվան մատնեց: Տիբերիոսը բարկությամբ հրամայում է ձերբակալել Պիղատոսին ու Հռոմ բերել: Պիղատոսն էլ, զարհուրելով թագավորի ցասումից, անձնասպան է լինում՝ ծովում ջրախեղդ լինելով: Իսկ նրա կինը, հավատալով Հիսուսին, հարում է առաքյալներին:

Հիսուսի խաչելությունը
Այս օրը մինչև երեկո չեն ծնրադրում: Խաչելության կարգը կատարվում է Վեցերորդ ժամին եկեղեցու դռան առջև: Ըստ կարգի՝ ութ անգամ սաղմոս է ասվում, յուրաքանչյուր սաղմոսից հետո, համաձայն օրվա խորհրդի, ընթերցվում է մարգարեական գիրք, առաքելական ուղերձ և ավետարան: Օրվա այս ժամի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:

«Նրանք առան Հիսուսին և տարան» (Հովհ. ԺԹ 17):
Զինվորները Հիսուսին տարան խաչելու՝ ըստ Իր խոսքի. «Ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա» (Հովհ. Գ 14): Դրանով կատարվում է մարգարեությունը. «Քո աչքերի առաջ քո կյանքը կախված կլինի» (Բ Օրենք ԻԸ 66): Նաև Երեմիան է ասում. «Եկեք ոչնչացնենք ծառն իր հացով և Նրան ջնջենք ողջերի երկրից, թող Նրա անունն այլևս չհիշվի» (Երեմ. ԺԱ 19): Սա վերաբերվում է Տիրոջ Մարմնին, որ Հաց է՝ երկնքից իջած: Հրեաներն ուզում էին ջնջել Նրան կենդանության երկրից, քանի որ Նրան Աստծուն հակառակ էին կարծում:
«Եվ խաչափայտը Նա Ինքն էր վերցրել» (Հովհ. ԺԹ 17):
Այդպես նաև Իսահակն էր տանում իր ողջակեզի փայտը (տե՜ս Ծննդ. ԻԲ 6): Դրանով կատարվեց Եսայու մարգարեությունը. «Մեզ համար Մանուկ ծնվեց, մի Որդի տրվեց մեզ, որի իշխանությունն Իր ուսերի վրա պիտի լինի» (Եսայի Թ 6): Տերը խաչափայտը վերցրել էր ինչպես հաղթության նշան, ցույց տալու համար, որ բռնադատված չի գնում դեպի մահ՝ ըստ այս խոսքի. «Ես Իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ: Այն Ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ Ես Ինքս եմ այն տալիս. իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու» (Հովհ. Ժ 17-18):
«Եվ դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի» (Մատթ. ԻԷ 32):
Քանի որ Նրան կառափնատեղի ուղեկցողների մի մասը քահանաներ էին ու դպիրներ, իսկ մյուսները՝ զինվորներ, այդ պատճառով էլ նրանցից ոչ ոք չէր կամենում խաչը վերցնել, մինչև որ գտան Սիմոնին, ով՝ յոթանասուներկու աշակերտներից երկուսի՝ Ալեքսանդրի և Ռուփայի հայրն էր: Երբ Սիմոնը տեսավ Փրկչին խաչափայտը տանելիս, մոտեցավ Նրան և վերցրեց խաչափայտը: Այն, որ ճանապարհի կեսից ուրիշը տարավ խաչափայտը, ցույց է տալիս, որ մարդկանց պարտքերը վճարելու համար եղավ խաչելությունը:
«Եվ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայեցերեն կոչվում էր Գողգոթա, որտեղ և խաչը հանեցին Նրան» (Հովհ. Ժ 17-18):
Տիրոջը խաչ հանեցին այն տեղում, ուր Աբրահամը տեսավ սաբեկա ծառից կախված խոյին (տե՜ս Ծննդ. ԻԲ 13): Գողգոթայում էր գտնվում նաև Ադամի շիրիմը: Նոյը ջրհեղեղի օրերին տապանում էր պահում Ադամի ու Եվայի ոսկորները, իսկ ջրերի ետ քաշվելուց հետո, Սուրբ Հոգու ազդեցությամբ, Ադամի ոսկորները թաղեց Գողգոթայում, իսկ Եվայինը՝ Բեթղեհեմում:
Գողգոթան երկրի սիրտն է՝ ըստ Փրկչի խոսքի. «Ինչպես Հովնանն երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և Մարդու Որդին՝ երկրի սրտում՝ երեք օր ու երեք գիշեր» (Մատթ. ԺԲ 40): Այնտեղ, ուր մահը հաղթեց մարդուն, այնտեղ էլ Տերը հաղթեց մահին: Որտեղ տիրեց ապականությունը, այնտեղ ծաղկեց անապականությունը, և ուր մեղքերից պարտված՝ ընկճվել էր մարդկային բնությունը, այնտեղ եղավ ազատությունը:
«Հիսուսին լեղի ու [զմուռս] խառնած գինի տվեցին խմելու, և երբ համտեսեց, չկամեցավ խմել» (Մատթ. ԻԷ 34):
Քանի որ գինին հալածում է տրտմությունը և ուրախացնում, զմուռսը կաշկանդում է մարմնի անդամները, իսկ ջրախառն լեղին մարմնի մասերը խռովեցնում: Այդպես եղավ Դրախտում. կամակոր վիշապը պտղին խառնելով իր մահաբեր թույնը և հրապուրելով նախաստեղծներին, մղեց նրանց ճաշակելու արգելված պտղից, որով կապեց նրանց մեղքերով ու դառնացրեց նրանց մարմնի անդամները: Իսկ այսօր, մեր Տերն ու Արարիչը, ճաշակելով լեղի ու զմուռս խառնած գինին, վերացրեց նրանցից պատուհասն ու դատակնիքը:
«Իսկ զինվորները, երբ Հիսուսին խաչը հանեցին, վերցրին Նրա զգեստները և չորս մաս արեցին. յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս: Իսկ քանի որ պատմուճանն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսած շուրջանակի, ուստի միմյանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի», որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մեջ և Իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» (Հովհ. ԺԹ 23-24):
Մարգարեն կանխապես տեսնելով Փրկչին խաչի վրա՝ աղաղակեց Նրա փոխարեն. «Ծակեցին ձեռքերն ու ոտքերն Իմ, հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան Ինձ: Հագուստներս բաժանեցին իրար մեջ և պատմուճանիս վրա վիճակ գցեցին» (Սաղմ. ԻԱ 18-19): Երբ բանսարկուն զրկեց նախահորը իր արփիափայլ փառքից, կողոպտեց նրա լուսեղեն պատմուճանը և բաժանեց իր լեգեոնի մեջ՝ կամենալով գրավել նրա տեղը ու ժառանգել վայելչական Դրախտը: Իսկ այսօր Տիրոջ զգեստներն են բաժանվում զինվորների մեջ՝ ըստ մարգարեության. «Քո տան գեղեցկությունը մատնվեց ավարի» (Սաղմ. ԿԷ 13): Սա եղավ, որպեսզի փառքից հեռացածին կրկին զարդարի գերահրաշ պատմուճանով:
Պատմուճանի վերևից ներքև ամբողջովին հյուսված լինելը ցույց է տալիս, որ Աստվածությունը, որով զգեստավորվել էր Տիրոջ Մարմինը, ի վերուստ էր՝ երկնքից, իսկ այն, որ առանց կարի էր, ցույց է տալիս, որ արարած չէր: Եվ այն, որ պատմուճանը չպատռվեց, ցույց է տալիս, որ երկնքից Իջածին չի կարելի բաժանել երկու որդու, երկու դեմքի կամ երկու բնության, քանզի նրա Աստվածության խորհուրդը չի բաժանվում, որովհետև այն զոդվելով չի միացել Մարմնին: Իսկ հանդերձը չորս մասի բաժանվելը ցույց է տալիս, որ Նրա Մարմինը մեր մեջ բաժանվեց: Նաև Նրա Ավետարանն աշխարհի չորս կողմերում է քարոզվում:
«Ու նստած՝ Նրան պահպանում էին» (Մատթ. ԻԷ 36):
Տակավին երկնչում էին Նրանից, թե հանկարծ չիջնի խաչից, ինչպես իր ժամանակին չկարողացան Նրան լեռից գահավեժ անել և քարկոծել: Երկնչում էին նաև ամբոխից. միգուցե կգան ու կազատեն:
«Պիղատոսը մի տախտակ էլ գրեց և դրեց խաչի վրա. և գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների Թագավոր»: Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, ուր Հիսուս խաչվեց, քաղաքին մոտ էր, և գրված էր եբրայեցերեն, լատիներեն և հունարեն» (Հովհ. ԺԹ 19-20):
Երբ Պիղատոսը լսեց Տիրոջից, թե Ինքը երկնքից եկած Թագավոր է, իսկ հրեաներից՝ թե Աստծու Որդի է, գրեց, որ Նա հրեաների Թագավորն է: Հունարեն գրեցին, քանի որ զորքը և հրամանատարը Հունաստանից էր՝ Պոնտոսից, ապա նաև լատիներեն, քանի որ իշխանությունը հռոմեացիներինն էր, իսկ եբրայեցերեն, որովհետև Հիսուս նրանց աշխարհից ու ազգից եկավ չարչարվելու: Որպեսզի բոլորը ճանաչեն ու իմանան, որ Նա, Ով պարտական չէր մահվան և անմեղ էր ու անարատ, եկավ կամավոր չարչարանքների: Երեք լեզուներով գրեց, որպեսզի ամեն անցորդ իմանա, թե ինչ պատճառով խաչեցին Հիսուսին:
Այս գրությունը անարգում ու ծաղրում էր հրեաներին: Հրեաներն էլ, գրվածից չարացած, ինչը հայտնապես հայտնում էր, որ իրենք հռոմեական գերիշխանության ներքո են, ասացին Պիղատոսին. «Մի՜ գրիր՝ հրեաների թագավոր, այլ ինչ Նա ասաց՝ Թագավոր եմ հրեաների» (Հովհ. ԺԹ 21): Այսինքն՝ սպանել են այդպես ասողին և ոչ թե Թագավորին: Նրանք փորձում էին քողարկել այն, որ իրենք մասնակցել են հրեաների Թագավորի սպանությանը:
«Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի» (Հովհ. ԺԹ 22):
Դա ցույց է տալիս, որ Պիղատոսը նախապես չէր խորհել այդ խոսքերի շուրջ, այլ դա Նախախնամության թելադրանքով է գրել:
«Միևնույն ժամանակ Նրա հետ խաչը հանեցին երկու ավազակների. մեկը՝ Նրա աջից և մյուսը՝ ձախից» (Մատթ. ԻԷ 38):
Հրեաները կամենում էին եղծել Նրա անունը, քանզի Այն տարածվում էր ամբողջ տիեզերքով: Եվ քանի որ Օրենքում գրված է. «Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից» (Բ Օրենք ԻԱ 22), այդ պատճառով էլ Նրան փայտից կախեցին, որպեսզի ժողովուրդը, Օրենքի անեծքից երկյուղելով, չհիշի Նրա անունը, և ոչ ոք Խաչյալին չերկրպագի: Իսկ Նա փայտից կախվելով՝ մեզ համար անեծք դարձավ, որպեսզի մեզ գնի Օրենքի անեծքից (տե՜ս Գաղատ. Գ 13), և հրեաների չարությունը մեզ համար բարության շրջեց:
Նրան սպանեցին ավազակների հետ, որպեսզի նրանցից մեկը կարծվի և լուր տարածվի, որ Նա անիրավների ու անօրենների հետ մեռավ, սակայն դրանով կատարվեց Եսայու մարգարեությունը. «Նա հանցավորներին հավասար համարվեց» (Եսայի ԾԳ 12):
Եսային գրում է. «Նայեցինք մենք Նրան, բայց Նա ո՜չ տեսք ուներ և ո՜չ էլ գեղեցկություն» (Եսայի ԾԳ 2): Տեսք ասելով նկատի չունի դեմքը, քանի որ Դավիթը Նրա գեղեցկության մասին ասել է. «Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից» (Սաղմ. ԽԴ 3), այլ նկատի ունի մեծությունը, փարթամությունը, իշխանությունը և դատաստանի իրավունքը: Դա են մարդիկ համարում գովության արժանի տեսք ու փառք: Իսկ քանի որ Նա մարդկանց կարծիքով զուրկ էր այս ամենից, ուստի՝ ասվում է, որ չուներ տեսք ու փառք:
Դարձյալ՝ ավազակներին Նրա հետ խաչեցին, որպեսզի ցույց տան, թե ինչպես են մարդիկ մահանում, և թե ինչպես է Աստված Իր կամքով և ո՜չ ակամա՝ հեռանում:
Քրիստոս խաչի վրա յոթը խոսք ասաց, և այդ խոսքերից յոթը հրաշք եղավ: Նախ ասաց. «Հա՜յր, ների՜ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. ԻԳ 34): Սրանով սովորում ենք աղոթել մեր թշնամիների համար: Եվ այս խոսքերից պատռվում են վեմերը:
Իսկ քահանայապետերը ամբոխի հետ ծաղրում էին Նրան ու ասում. «Եթե Աստծու Որդի ես, իջի՜ր այդ խաչից. եթե Իսրայելի Թագավոր է, հիմա թող այդ խաչից իջնի. և դրան կհավատանք» (Մատթ. ԻԷ 39,42): Հրեաները նախատում էին Նրան, Ով նստած է Հոր աջ կողմում և փառաբանվում է բյուրավոր անմահների կողմից: Իսկ ո՞րն է ավելի մեծ սքանչելիք՝ խաչից իջնե՞լը, ի ծնե կույրի աչքերը բուժե՞լը, մեռածին գերեզմանից հարություն տա՞լը, թե՞ հեռվից հիվանդներին միայն հրամանով բուժելը:
«Կախված չարագործներից մեկը հայհոյում էր Նրան ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՜ր Ինքդ Քեզ և մեզ», իսկ նրա ընկերը նրան սաստելով պատասխանում էր. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ Սա որևէ վատ բան չի արել» (Ղուկ. ԻԳ 39-41):
Ավազակը նախ հայտնում է, որ ինքն արժանի պատիժ է կրում, ապա պաշպան կանգնելով Հիսուսին՝ Նրան Քրիստոս է դավանում և Նրանից ողորմություն խնդրում. «Հիշի՜ր ինձ, Տե՜ր, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկ. ԻԳ 42):
Այդ պահին կատարվում է նրա խնդրանքը, քանի որ Տերը նրան պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկ. ԻԳ 43):
Դա ցույց է տալիս, որ Քրիստոս արքայությունը միայն նրան է տալիս, ով Իր հետ չարչարվում է՝ կամ ապաշխարությամբ, կամ մեկ այլ կերպ: Եվ դա ճշմարիտ դատաստան է, որովհետև նրանք, ովքեր տանջանքների մեջ Քրիստոսին ընկեր դարձան, Նրա հետ էլ պետք էփառքը վայելեն: Եվ այս խոսքից հետո դժոխաբնակները մարդկանց հոգիները ետ վերադարձրեցին:
«Հիսուսի խաչի մոտ կանգնած էին Նրա մայրը և Նրա մորաքույրը՝ Կղեոպասի Մարիամը և Մարիամ Մագդաղենացին:Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած և որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՜վ կին, ահա՜ քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՜ քո մայրը» (Հովհ. ԺԹ 25-27):
Տերը դրանով հայտնում է Իր մեծ սերը, որ անգամ չարչարանքների մեջ չի մոռանում Իր մորը: Այդ խոսքից մեռելները հարություն են առնում գերեզմանից:
«Եվ վեցերորդ ժամից խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև իններորդ ժամը» (Ղուկ. ԻԳ 44):
Արեգակը, տեսնելով Տիրոջը խաչի վրա և չկարողանալով նայել իր Արարչին՝ երկու անօրենների միջև չարչարվելիս, խավար սփռեց ամբոխի վրա, որպեսզի չտեսնեն Արարչի մերկությունը, քանի որ գրված է. «Այդ օրն այնպես պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրեին, և երկրում լույսը պիտի խավարի ցերեկով» (Ամոս Ը 9): Նսեմանում է նաև աստղերի պայծառությունը, և լուսինը լույս չի տալիս:
Խավարը տևեց մինչև իններորդ ժամը, որպեսզի ոչ ոք չասի, թե դա արեգակի սովորական խավարում էր: Քանզի այն օրը, երբ առաջին Ադամը երկարեց իր ձեռքը դեպի արգելված ծառը և նրանից մարդկային ցեղի համար մահ «քաղեց», նույն օրն էլ Երկրորդ Ադամը տարածեց Իր ձեռքերը կենդանաարմատ ծառի վրա և անմահության կտակը տվեց մարդկային ցեղին: Այն ժամին, երբ առաջին Ադամը մոտեցավ արգելված ծառին, նույն ժամին էլ մեր Տիրոջ ոտքերը բևեռվեցին խաչի վրա: Եվ քանի որ Ադամն ուրբաթ օրը՝ վեցերորդ ժամին, ճաշակեց արգելված պտղից ու մերկացավ փառքից, այդ պատճառով էլ արեգակը վեցերորդ ժամին խավարեց:
Նախաստեղծներն իրենց գլուխը հպարտությամբ բարձրացրին դեպի ծառը, իսկ Տերը խոնարհեցրեց Իր գլուխը, արարածներին հորդորելով երկրպագել Իր Աստվածությանը: Եվ այն ժամին, երբ նրանք ճաշակեցին մահաբեր պտուղը, մեր Տերը ճաշակեց դառը լեղին: Նախաստեղծները որովայնի ցանկությամբ ճաշակեցին, իսկ Տերը՝ մեր մարմնական ախտերը սպանելու համար: Այնտեղ մահվան դատավճիռ կատարվեց, իսկ այստեղ՝ անանցանելի կյանքի հրավեր:
Այնտեղ կերակուր ճաշակելու պատճառով մարդը մերկացավ լուսեղեն պատմուճանից, իսկ այստեղ՝ մեր Տերը մերկացավ պատմուճանից, որպեսզի Մկրտության ավազանով մեզ պարգևի անապական անմեղության զգեստ: Առաջին Ադամը ծածկվեց թզենու տերևներով, իսկ Երկրորդ Ադամը քողարկվեց արեգակի ճառագայթներով, որպեսզի արարածները չտեսնեն երկնային փառքով Զգեստավորողի մերկությանը: Այնտեղ հողից ստեղծված մարդուն հրամայվեց կրկին հող դառնալ, իսկ այստեղ Տերը հողանյութ մարմինը՝ մեր բնությունը, Իր մահվամբ հողն իջեցրեց, որպեսզի հավիտյան ննջածներին կյանք տա:
Այնտեղ մահացու պտղի ճաշակումից հետո մերժվեցինք Կենաց ծառից, որպեսզի չարությամբ չապրենք, իսկ այստեղ Տերը խաչի վրա մեր պարտքերը գամելով և պատռելով դատապարտության գիրը, նույն Կենաց ծառը մատչելի դարձրեց հավատացյալներին: Քանի որ Կյանքի ծառը նրանց համար է, ովքեր հավատով ապավինում են Քրիստոսին, և Նրա աստվածախառն Մարմինն անմահարար պտուղ է նրանց համար, ովքեր ճաշակում են այն:
Եվ քանի որ իններորդ ժամին Ադամը Աստծուց թաքնվեց Դրախտի ծառերի մեջ, փոխանակ ընկնելու Նրա առջև և թողություն խնդրելու իր հանցանքների համար, այդ պատճառով Տերն այսօր նրա անունից և նրա փոխարեն խոսեց Հոր հետ՝ գոչելով. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ» (Մարկ. ԺԵ 34):
Քանզի Հիսուս լինելով մարդացած Աստված՝ միջնորդ է Աստծու և մարդկանց միջև: Եվ քանի որ միջնորդը պետք է խոսի երկու կողմերի անունից էլ, ուստի Փրկիչը երբեմն աստվածայինն էր խոսում ու ներգործում, քանզի Էակից է Հոր և Սուրբ Հոգու, երբեմն էլ մարդկայինը, քանզի մարդացավ: Այդ պատճառով էլ այստեղ մարդկանց անունից է ձայնում Հորը՝ ասելով. «Աստված Իմ, ինչո՞ւ թողեցիր մարդկային ցեղը, որ հանցանքների պատճառով զրկվեց Դրախտից»: Եվ միջնորդելով՝ մեզ վերստին մոտեցնում է Հորը:
Ասում է՝ Հայր ինչո՞ւ Ինձ թողեցիր մեղավորների ու մահապարտների չարչարանքների մեջ: Սա նախ մեզ սովորեցնում է խոնարհ լինել և վշտերի ու նեղությունների մեջ Աստծուն աղոթել: Նաև այն ասում, որ եթե Աստծու Որդին, Ով Հոր սիրելին է, չարչարանքների մատնվեց, ապա զարմանալի չպետք է լինի այն, որ Աստված Իր սրբերին ու սիրելիներին թողնում է աշխարհի վշտերի մեջ:
Այս խոսքերից արեգակը խավարեց: Արեգակն աշխարհի փառքն է ցույց տալիս, իսկ խավարումը նախատինքը, ինչից իմանում ենք, որ աշխարհի փառքը վերջում նախատինքի է փոխվելու, և ուրախությունը՝ տրտմության: Ինչպես վեց օր առաջ՝ Ծաղկազարդի օրը, երբ Տերն ավանակի վրա նստած եկավ տաճար, Նրան ուրախությամբ ընդունեցին ու փառավորեցին, իսկ այսօր՝ անարգելով խաչ հանեցին:
Հրեաները տեսնում էին սքանչելիքները, սակայն կարծում էին, թե Եղիային է կանչում, չիմանալով որ Նա, Ով փարավոնին խորտակեց Կարմիր ծովում և ամբողջ երկիրը ջրհեղեղով ողողեց, այժմ խավարեցնում է արեգակը, և Եղիայի կարիքը բնավ չունի և կարող է նաև նրանց, ինչպես թզենուն, արմատից չորացնել:
Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց՝ ծարավ եմ (Հովհ. ԺԹ 28):
Նա, Ով ջրահարկ երկինքն որպես խորան ձգեց և լայնանիստ ծովը երկրով մեկ տարածեց, ասաց. «Ծարավ եմ», որպեսզի կատարվի մարգարեությունը. «Կերակրի տեղ ինձ լեղի տվին, և ծարավելիս քացախ խմեցրին» (Սաղմ. ԿԷ 22):
Թեպետ Քրիստոս շատ չարչարվեց, սակայն ծարավ էր մարդկանց փրկությանը և հոժար էր էլի չարչարվել:
«Այնտեղ քացախով լի մի աման կար. զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին Նրա բերանին» (Հովհ. ԺԹ 29):
Երբ լեղախառն քացախ տվեցին, չկամեցավ խմել: Դրանք սատանայի երկու փորձություններն են. քացախը մարմնավոր վիշտն է, իսկ լեղին՝ մեղքերի փորձությունը: Ինչպես սպունգը աման է խոնավության, այդպես էլ օձը սպունգի նման սուտ խոսքի աման դարձավ և դրանով ախտացրեց նախաստեղծներին: Այստեղ երևում է նաև խաչը հանողների դաժանությունը, քանզի ծարավողի համար գինի կամ ջուր չէին պատրաստել, այլ լեղու և զմուռսի հետ խառնված քացախ:
Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. ԺԹ 30):
Դա նշանակում է, որ Տերն Իր բոլոր անդամներով կրեց չարչարանքները, և կատարվեցին մարգարեների բոլոր գրվածքները: Մարդը պարտական էր, և Քրիստոս վճարեց մարդու բոլոր պարտքերը և ավազակին ասաց՝ գնա՜ Դրախտ: Այս խոսքերից շարժվում է երկիրը:
Հիսուսի Մարմնի պատարագվելով լռում են բոլոր զոհերն ու պատարագները, իսկ Նրա մահով՝ մեղքն ու անեծքը: Նրա թաղումով վերանում են դժոխքի ու մահվան հաղթության խայթոցները և ապականությունը: Անեծքի փուշը վերանում է Նրա փշե պսակով, տգիտությունը՝ եղեգով, պտղի դառնությունը՝ լեղիով, արյունը և սպանությունը՝ ծիրանիով, իսկ հայհոյությունն ու հպարտությունը՝ Պիղատոսի և Հերովդեսի առջև Նրա լռելով:
«Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակում է ու ասում. «Հա՜յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» (Ղուկ. ԻԳ 46):
Սովորություն է պատվական իրը պահպանության համար հանձնել առավել սիրելիին, արդ՝ Քրիստոս Իր պատվական հոգին հանձնեց Հորը, Ով առավել սիրելի է: Քանզի մարդիկ մարմինը մեծ շուքով են թաղում, իսկ հոգու համար հոգ չեն տանում, թողնելով այն դժոխքում: Այս խոսքերից պատռվեց տաճարի վարագույրը: Ասելով «Հա՜յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին», նկատի ունի բոլոր մարդկանց հոգիները՝ ազատելով նրանց դևերի իշխանությունից:
«Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց» (Հովհ. ԺԹ 30):
Տերը խոնարհում է գլուխը և ավանդում հոգին, ինչը ցույց է տալիս Նրա կամավոր մահը: Նախ աղաղակում է, ապա խոնարհում: Այդ երկուսն էլ օտար են մեր բնությանը, քանզի մահվան պահին մեր բերանները կապվում են, և զգաստություն ու կարողություն չենք ունենում մեր գլուխը խոնարհելու համար: Տերն Իր գլուխը խոնարհելով՝ խոնարհում է ողջ մարդկության մարմինը, որով քակում է կուռքերի երկրպագությունը և Ավետարանի քարոզությամբ միայն Սուրբ Երրորդությունն անում երկրպագելի:
Քանի որ Տերը նախաստեղծներին Դրախտից արտաքսելով՝ նրանց հեռացրեց հավերժական բարությունից, այդ պատճառով էլ խաչի վրա աղաղակում է՝ ասելով. «Հա՜յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին», որպեսզի Ադամին կրկին Դրախտ փոխադրի, ու կատարի մարգարեների ասածը. «Տերը Սիոնից կկանչի, Երուսաղեմից ձայն կտա» (Հովել Գ 16): Նաև սաղմոսերգուն է ասում՝ «Ահա Նա ձայն պիտի տա, ձայնն Իր զորության» (Սաղմ. ԿԷ 34): Քանի որ Աստծու Խոսքը ոչ միայն մարդկային մարմին հագավ, այլև մարդկային հոգի ու միտք, ուստի՝ ինչպես մարմնով դրվեց գերեզման, այնպես էլ հոգով հարձակվեց դժոխքի վրա:
Եվ ահա երկիրը շարժվում է. ոչ միայն երկրի մի մասը, այլ ամբողջ տիեզերքը, և մեծ ու անշարժ վեմերը պատռվում են: Երկրաշարժից Երուսաղեմի տները չեն քանդվում, և տաճարն էլ անշարժ է մնում, սակայն տաճարի վարագույրը պատռվում է, ինչը խորհրդանշում էր հրեաների կործանումը, ինչպես նաև նրանց, ովքեր բաժանվեցին Աստծուց և տարագրվեցին Կենաց գրքից: Գերեզմանները բացվում են, և շատերը դուրս են գալիս, որն օրինակ է համընդհանուր հարության, որպեսզի իմանանք, որ Նրա ձայնով հարություն ենք առնելու գերեզմանից:
«Իսկ քանի որ ուրբաթ էր, որպեսզի մարմինները չմնան խաչի վրա մինչև շաբաթ օրը, որովհետև այն շաբաթը տոնական մեծ օր էր» (Հովհ. ԺԹ 31):
Քանի որ Տերն ուրբաթ օրը ստեղծեց Ադամին, և Ադամն ուրբաթ օրը վտարվեց Դրախտից, այդ պատճառով էլ Տերն ուրբաթ օրը խաչվեց, որպեսզի այդ օրը մարդկային ցեղը Դրախտ վերադարձնի:
«Հրեա առաջնորդները Պիղատոսին աղաչում են, որ կոտրեն նրանց սրունքները, որպեսզի շուտ մահանան, և վերցնեն նրանց մարմինները» (Հովհ. ԺԹ 31):
Զինվորները նախ կոտրեցին առաջին ավազակի սրունքները և ապա՝ մյուսինը, որպեսզի նրանք շուտ մեռնեն և իրենք հասցնեն մինչև երեկո իջեցնել նրանց խաչից: Իսկ երբ մոտեցան Տիրոջը, Նրան մեռած գտան, և Նրա սրունքները չկոտրեցին: Դա այդպես եղավ, որպեսզի կատարվի գրվածը. «Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, և դրանցից ոչ մեկը չի փշրվելու» (Սաղմ. ԼԳ 21): Նաև՝ «Նայեցին Նրան, Ում խոցեցին» (տե՜ս Հովհ. ԺԹ 37): Եվ ինչպես զատկական գառան մասին ասվեց. «Դրա ոսկորները չպետք է ջարդվեն» (Թվեր Թ 12), այդպես էլ Աստծու Գառան սրունքները չփշրվեցին: Այստեղ ոսկորն Աստվածության նմանությունը ունի և հայտնում է, որ թեպետ խաչվեց, սակայն Աստված էր, անարգվեց՝ հզոր էր, մեռավ՝ անմահ էր:
«Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ Նա արդեն մեռած էր, Նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց Նրա կողը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհ. ԺԹ 33-34):
Գիտենալով, որ մարդ չի կարող իր կամքով հոգին ավանդել, և չկարողանալով հավատալ, որ արդեն մեռած է՝ հարյուրապետի հրամանով զինվորներից մեկը գեղարդով խոցեց Տիրոջ կողը, որտեղից իսկույն արյուն և ջուր դուրս եկավ: Մեռած մարդու կողից ջուր է ելնում, իսկ կենդանի մարդու կողից՝ արյուն: Ջուրը վկայեց Նրա՝ մարմնով մեռնելու մասին, իսկ արյունը, որ Նա կենդանի է Աստվածությամբ:
«Այն օրը Կենդանի ջուր է բխելու Երուսաղեմում: Նրա մի կեսը պիտի հոսի դեպի առջևի ծովը, նրա մյուս կեսը՝ դեպի հետևի ծովը» (Զաքար. ԺԴ 8):
«Առջևի ծովը» հին ժողովուրդն է՝ օրենսդիրները, մարգարեները և հայրապետները, ովքեր Երուսաղեմի մխիթարությանն էին սպասում, իսկ «հետևի ծովը»՝ Քրիստոսի հեղված Արյամբ փրկված նոր ժողովուրդը, ովքեր առաքելական քարոզչությամբ լուսավորվեցին կենաց ջրով, որ բխում է Երկնային Երուսաղեմից՝ հավիտենական կյանքից, և նոր ժողովուրդ ու նոր Եկեղեցի դարձան:
Այն հուրը, որ վառվեց Ադամի մեջ, վառվել սկսեց նրա կողից՝ Եվայից, այդ պատճառով էլ Երկրորդ Ադամի կողից ջուր բխեց՝ հանգեցնելու համար առաջին Ադամի կրակը: Տերը արյամբ գնեց մեզ չարի ծառայությունից, և որպեսզի Տիրոջ Արյունին ամեն մոտեցող լվացվի չարից, Տիրոջ կողից նաև ջուր բխեց: Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին:
«Հարյուրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառավորեց Աստծուն և ասաց. «Իսկապես այս Մարդն արդար էր» (Ղուկ. ԻԳ 47):
«Եվ նրանք, ովքեր պահպանում էին Հիսուսին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարև, Աստծու Որդի էր Սա» (Մատթ. ԻԷ 54):
Երեք նշանակություն ունեն արյունն ու ջուրը, որոնք ելան Քրիստոսի կողից: Արյունը կյանքի նշանն է, և հայտնում էր, որ Տերը կենդանի էր Աստվածությամբ, իսկ ջուրը՝ որ Հիսուս մեռած է, այսինքն՝ հոգին բաժանվել է մարմնից:
Երկրորդ՝ սա այն Արյունն է, որով Տերը գնեց մեզ, իսկ ջուրն այն ջուրն է, որով հանգցրեց Ադամի մեղքերի հուրը:
Երրորդ՝ Արյունը պատարագի խորհուրդն ունի, իսկ ջուրը՝ մկրտության: Այսպես Տերն Իր կողի երկու վտակներով շինեց սուրբ Եկեղեցին:
Հարց. -Ինչո՞ւ Տիրոջ սիրտը կամ մարմնի մեկ այլ մաս չխոցեցին գեղարդով:
Պատասխան. -Քանի որ Աստված Եվային Ադամի կողից ստեղծեց, և օձն էլ իր ժանիքով Ադամի կողը խայթեց, այսինքն՝ Եվային: Հետևաբար՝ Ադամի կողի փոխարեն պետք է Տիրոջ կողը խոցվեր, որպեսզի Տիրոջ վերքով օձի թույնից բժշկություն լիներ: Նաև՝ որպեսզի ճշմարիտ լինի խոսքը, թե՝ «Ամեն ինչ կատարված է»:

Ամբակումի մարգարեությունը
«Տե՜ր, Քո լուրը լսեցի և վախեցա, նայեցի Քո գործերին և զարհուրեցի. Դու կճանաչվես երկու կենդանիների միջև, երբ տարիները մոտենան, կհայտնվես, երբ ժամանակը հասնի, կերևաս, երբ իմ անձը բարկությունից խռովվի, ողորմությունս կհիշես» (Ամբակ. Գ 2):
Ասելով՝ «երկու կենդանիների միջև», նկատի ունի Հորը և Սուրբ Հոգուն, քանզի Որդին Հոր աջ կողմում է, իսկ Սուրբ Հոգին՝ Որդու աջ կողմում: Սուրբ Երրորդության Անձերից մեկը ճանաչվեց՝ մարմնով հայտնվելով աշխարհին, և մարդիկ կարողացան տեսնել Անտեսանելին: Իսկ Հայրն ու Սուրբ Հոգին թեպետ Նրա հետ էին կամքով, սակայն չէին երևում անմարմին լինելու պատճառով:
Դարձյալ՝ Տերը ճանաչվեց հրեշտակների և մարդկանց միջև, երկուսից էլ պաշտվելով և երկրպագվելով: Նաև մարգարեների ու առաքյալների միջև. մարգարեները Հոգուց տպավորվելով ճանաչեցին, իսկ առաքյալները իրենց մարմնավոր աչքերով տեսան և ականջներով լսեցին:
Դարձյալ՝ ճանաչվեց Օրենքի և Ավետարանի միջև, և երկուսից էլ Մի Աստված քարոզվեց և փառավորվեց:
Դարձյալ՝ Եգիպտոսի և Բաբելոնի միջև. քանզի Տերը հանեց հրեաներին Եգիպտոսից՝ Աբրահամի առաքինության շնորհիվ, և մատնեց բաբելոնացիների ձեռքը՝ իրենց մեղքերի պատճառով:
Դարձյալ՝ հին ու նոր քահանայությունների միջև: Հինը ստվերով և օրինակներով էր պաշտում Նրան, իսկ նորը՝ ճշմարտությամբ և կատարելությամբ:
Դարձյալ՝ հրեաների ու հեթանոսների միջև, ինչպես անկյան գլուխ դրված ընտիր Վեմ (տե՜ս Ա Պետ. Բ 6):
Դարձյալ՝ մահվան ու դժոխքի միջև, կամ՝ միջնորդ Աստծու և մարդկանց:
Մարգարեն նկատի ունի նաև Ավագ ուրբաթի երկյուղալի և զարմանալի օրը, երբ երկնքի ու երկրի առջև Արարչին դատելով՝ երկու չարագործների միջև փայտից կախեցին: Սակայն Նրա Աստվածությունը ավազակների մեջ չծածկվեց, քանզի Նրա համար խավարեցին արեգակը, լուսինն ու աստղերը, շարժվեց ու դողաց երկիրը, և լեռների հիմքերը սասանվեցին: Այդ պատճառով էլ մարգարեն ասում է, թե երկու կենդանիների մեջ ճանաչվեց:
Իսկ մեկ այլ թարգմանությամբ ասվում է՝ «Կճանաչվես երկու գազանների միջև», քանզի ավազակները գազանների նման շրջում էին լեռներում ու պատառոտում անցորդներին: Ասում են, որ աջ կողմի ավազակը, ով Հիսուսին արքայության Տեր դավանեց և աղաչեց հիշել իրեն, երբ Նա գա Իր արքայությամբ, հեթանոս էր և նրա անունը Դեմաս էր, իսկ մյուսի անունը Կեստաս էր, և նա հրեա էր:

Զաքարիայի մարգարեությունը
(Զաքար. ԺԴ 6-7)
«Այն օրը լույս չի լինելու, այլ լինելու է ցուրտ ու պարզ օր: Դա պիտի լինի միայն Տիրոջը հայտնի օր. ո՜չ ցերեկ պիտի լինի և ո՜չ էլ գիշեր, այլ լույս պիտի լինի միայն երեկոյան»:
«Այն օրը լույս չի լինելու»:
Այն օրը լույսը խափանվեց Ստեղծողի իշխանությամբ, որպեսզի խավարի քողով ծածկի Արարչի մերկությունը:
«Այլ լինելու է ցուրտ ու պարզ օր»:
Այնպիսի ցուրտ եղավ, որ Պետրոսը, ցրտից նեղված, նստեց խարույկի մոտ (տե՜ս Հովհ. ԺԸ 18):
«Դա պիտի լինի միայն Տիրոջը հայտնի օր»:
Քանզի երբեք երկինքը չէր տեսել իր Արարչին թշնամիների կողմից անարգված, իսկ այդ օրը տեսան Նրան մերկ և խաչին գամված: Այդ պատճառով էլ այդ օրը նշանավոր եղավ բոլոր օրերի մեջ:
«Ո՜չ ցերեկ պիտի լինի և ո՜չ էլ գիշեր»:
Ցերեկ չէր, քանզի խավար էր, և գիշեր էլ չէր, քանզի արեգակն իր տեղում էր:
«Լույս պիտի լինի միայն երեկոյան»:
Դա եղավ իններորդ ժամին, երբ Տերը կանչեց Հորը, ավանդեց հոգին և փրկագործությունն իր լրմանը հասցրեց: Ապա երկրի վրա կրկին ծագեց արեգակի լույսը, որպեսզի մեկ օրում լինի երկու ցերեկ, որոնք միմյանցից անջրպետվեցին գիշերով:
Եվ դրանից իմացանք, թե Ով է Նա, Ում մասին ասաց Հոբը. «Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դեմը» (Հոբ Թ 7):

Հիսուսի թաղումը
(Մատթ. ԻԷ 57-61, Մարկ. ԺԵ 42-47, Ղուկ. ԻԳ 50-56, Հովհ. ԺԹ 38-42)
Տասներորդ ժամին կատարվում է թաղման կարգը, որի համար նախապես պատրաստվում է գերեզմանի նշանակը: Տոնացույցում նկարագրված կարգը կատարելուց հետո սուրբ Խաչը դնում են սեղանի վրա, ծածկում սպիտակ դաստառակով՝ Քրիստոսի պատանքների խորհրդով, և շրջան կազմելով ասում՝ «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք»: Օրվա այդ ժամի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ թաղեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»: Այնուհետև ասվում է քարոզ և «Պահպանիչ» աղոթքը:
Հովսեփ Արիմաթիացին մի արդար, պարկեշտ, բարեգործ ու մեծահարուստ մարդ էր: Նա հրեաների խորհրդի անդամ էր և միաժամանակ Հիսուսի ծածուկ աշակերտը: Նա չէր մասնակցել հրեաների գործերին և սպասում էր Աստծու թագավորությանը: Եվ ուրբաթ երեկոյան, երբ շաբաթամուտն էր սկսվում, նա, արհամարհելով երկյուղը, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ ու աղաչել նրան, որ վերցնի Հիսուսի Մարմինը: Հովսեփը նախորդ օրն իր հարկի տակ, մեծ պատվով, ընդունել էր Քրիստոսին, իսկ այսօր խնդրում էր Պիղատոսից նրա մարմինը: Քանի որ Տիրոջ հայտնի աշակերտները փախել էին, այդ պատճառով ծածուկ աշակերտն էր գործում:
Պիղատոսը, լսելով Հիսուսի մահվան լուրը, զարմացավ, որ այդչափ շուտ է մահացել, և իր մոտ կանչելով հարյուրապետին՝ հարցրեց նրան. «Իրոք այդչափ շո՞ւտ մեռավ»: Հարյուրապետը վկայեց, որ Հիսուս իրոք որ Աստծու Որդի էր, քանզի Իր կամեցած պահին հոգին ավանդեց: Դա լսելով՝ Պիղատոսը զարհուրած հրամայեց, որ Հիսուսի Մարմինը տան Հովսեփին: Սա ցույց է տալիս, որ հրեաները զուրկ էին որևէ իշխանությունից և իշխանություն չունեին անգամ մեռած մարմնի վրա:
Հովսեփը մաքուր կտավներ գնեց, իսկ Նիկոդեմոսը՝ «գիշերային հավատացյալը» (տե՜ս Հովհ. Գ 2), բերեց մոտ հարյուր լիտր զմուռս՝ հալվեի հետ խառնված, մոգերի խորհրդավոր ընծան: Զմուռսը նշանակն է անապական Մարմնի, հալվեն՝ անուշահոտ Աստվածության: Զմուռսը նաև թաղումն է խորհրդանշում է, իսկ հալվեն՝ հարությունը:
Երբ Հովսեփը Տիրոջը խաչից իջեցնելու համար փորձեց ունելիով բևեռները դուրս քաշել, Տիրոջ Մարմնի խոցված տեղերը սկսեցին փայլատակել, ինչից նա ահաբեկվեց ու ետ-ետ գնաց: Տեսնելով, որ անկարելի է Տիրոջ Մարմինը խաչից իջեցնել, նա ձեռքերը վեր բարձրացրեց և խաչանման տարածելով, ահով ու դողով սկսեց աղոթել. «Սուրբ Աստուած, սուրբ և Հզօր, սուրբ և Անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»: Նրան միացան նաև Նիկոդեմոսը, Տիրամայրը, Հովհաննեսը և այն կանայք, ովքեր այդտեղ էին: Երբ աղոթեցին, բոլոր բևեռները ընկան, և սուրբ Մարմինը իջավ Հովսեփի բազուկների վրա: Դրանից հետո Հովսեփն ու Նիկոդեմոսը Տիրոջ Մարմինը փաթաթեցին պատանքով՝ ըստ Օրենքի: Նախորդ օրը Հովսեփը Տիրոջ համար Վերնատունն էր զարդարել, իսկ այսօր ջանում էր զարդարել Նրա Մարմինը: Հովսեփն ու Նիկոդեմոսը Օրենքի Կատարողին պատվում էին Նրա իսկ սահմանած օրենքներով:
Հնում, ըստ Օրենքի, փակում էին մեռածի աչքերը, քանզի Ադամն այդ աչքերով տեսավ արգելված ծառը, ապա կապում ոտքերը, քանզի նա այդ ոտքերով մոտեցավ ծառին: Կապում էին նաև ձեռքերը, որովհետև Ադամն այդ ձեռքերով քաղեց արգելված պտուղը: Այնուհետև՝ ծածկում էին երեսը, Ադամի տված հանդուգն պատասխանի պատճառով: Իսկ ըստ քրիստոնեական ավանդության՝ փակում են միայն հանգուցյալի բերանը, ամփոփելու համար փրկական խոստովանությունը, և ձեռքերը դնում կրծքին՝ պահելով հավատի արդարությունը՝ ինչպես գանձ:
Այն տեղում, ուր Տերը խաչվեց, մի պարտեզ կար, և այդ պարտեզում՝ մի նոր վիմափոր գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր դրվել: Դա էլ դարձավ Տիրոջ գերեզմանը՝ ըստ Երգ երգոցի. «Իմ սիրեցյալն իջավ Իր պարտեզը» (Երգ Զ 1): Ինչպես Տիրոջ խաչելության ուրբաթը եղավ Ադամի Դրախտից արտաքսման ուրբաթի փոխարեն, այնպես էլ այն պարտեզը, ուր թաղվեց Տիրոջ Մարմինը, եղավ Դրախտի փոխարեն, որպեսզի այս ամենով ամբողջովին լուծարվի մահվան դատապարտությունը:
Այդ գերեզմանը փորել էր Եզեկիա թագավորի Սոմնաս հանդերձապետը, սակայն այդտեղ ոչ մեկին չէին դրել, քանզի Տիրոջ հրամանով Եսայի մարգարեն նրան նզովեց, քանի որ այդ տեղը Տիրոջ համար էր նախատեսված (տե՜ս Եսայի ԻԲ 15-16): Ապա՝ Բաբելոնի գերության ժամանակ, գերեզմանը լցվում է հեղեղատի խճով, իսկ վերջին շրջանում այդ տեղը գնում է Հովսեփ Արիմաթացին և այն իր համար պարտեզ դարձնում: Հովսեփը, պեղելով գտնում է Սոմնասի փորած գերեզմանը, այն մաքրում ու պահում իր համար, որպեսզի երբ մահանա, իր մարմինը այնտեղ դնեն:
Երբ Տիրոջն իջեցրին խաչից, արդեն երեկո էր. օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը, իսկ շաբաթ օրը, ըստ Օրենքի, իրավունք չկար աշխատելու: Հովսեփը այդ գերեզմանում դրեց Տիրոջ Մարմինը, և թաղողները մի մեծ քար, որպես կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեցին ու գնացին: Այս կապակցությամբ Երեմիան ասում է. «Իմ կյանքը գբի մեջ խեղդեցին« քար դրին ինձ վրա» (Ողբ Գ 53), իսկ Հոբը ավելացնում՝ «Ինքը դեպի գերեզման ուղղվեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում. ձորի խիճերը քաղցր թվացին» (Հոբ ԻԱ 32): Խիճը Քրիստոսի կրած տաժանելի չարչարանքներն էին՝ փշե պսակը, սարսռազդու բևեռները, անարգանքը, թուքը, լեղու և քացախի ճաշակումը, որոնք մարդասիրաբար կրեց մեզ համար:
Ըստ Օրենքի՝ մահապարտ սպանվածներին երեկոյան էին թաղում, քանզի անիծված էին: Իսկ հրեաները շտապեցնում էին Արիմաթացուն. կամ թաղել, կամ էլ՝ մի կողմ գցել Տիրոջ Մարմինը, ինչպես իրենք էին վարվել ավազակների մարմինների հետ, քանզի շաբաթամուտ էր, և այդ պահին ոչ ոք չէր համարձակվում նոր գերեզման փորել: Այս պատճառով Հովսեփն իր գերեզմանում դրեց Տիրոջ Մարմինը:
Այդ գերեզմանում ոչ ոք երբևէ չէր թաղվել, որպեսզի երբ Տերը հարություն առնի, չասեն, թե մեկ ուրիշը հարություն առավ, կամ թե՝ Տերն արդար մեկի ոսկորներին դիպչելով հարություն առավ, ինչպես մովաբացին հարություն առավ՝ դիպչելով Եղիսեեի ոսկորներին (տե՜ս Դ Թագ. ԺԳ 21):
Ասենք նաև, որ Տիրոջ կույս գերեզմանի և Աստվածածին Կույսի խորհուրդներում ընդհանրություն կա: Ինչպես սուրբ Կույսը նշանված էր Հովսեփ Աստվածահոր հետ, սակայն ընծայվեց Տիրոջը, այնպես էլ կույս գերեզմանը գնեց Հովսեփ Արիմաթացին իր համար, բայց ընծայեց Տիրոջը: Կույս էր Մարիամը, ով ընդունեց Բանին, և կույս էր գերեզմանը, որ ընդունեց Տիրոջը:
Սուրբ Կույսից Տերն անապական մարմնով ծնվեց, կույս գերեզմանից՝ անապական մարմնով հարություն առավ: Այնտեղ խանձարուրով պատվեց, այստեղ՝ պատանքներով: Այնտեղ մոր արգանդում էր և Հոր աթոռին բազմած, այստեղ՝ գերեզմանում էր և անքուն աչքով հովվում էր Իսրայելին: Այնտեղ գիշերամիջին ծնվեց, այստեղ՝ գիշերամիջին հարություն առավ: Այնտեղ կուսությունն անխափան մնաց, այստեղ՝ անխախտ մնաց գերեզմանի կնիքը: Այնտեղ զմուռս և խունկ ընծայեցին, այստեղ՝ զմուռսով և խնկով պատանեցին: Այնտեղ մոգերը երկրպագեցին, այստեղ՝ զինվորները վկայեցին: Այնտեղ աստղը լուսավորվեց, այստեղ՝ հրեշտակները փայլեցին: Այնտեղ հրեշտակները և հովիվները միաձայն երգեցին, այստեղ՝ հրեշտակները և կանայք հարությունը երգաբանեցին: Այնտեղ Տերը քառասուն շաբաթ արգանդում ժուժկալեց, այստեղ՝ քառասուն ժամ գերեզմանում մնաց:
Այստեղ՝ Տիրոջ գերեզմանի համար նախատեսված տեղում, մացառուտ թփերի մեջ, Աբրահամը տեսավ եղջյուրներից կախված խոյը (տե՜ս Ծննդ. ԻԲ 13), իսկ Հակոբը սանդուղքի տեսիլքը այստեղ տեսավ (տե՜ս Ծննդ. ԻԸ 12): Այն վեմը, որի վրա կանգնեց Աբրահամը՝ իջեցնելու համար խոյին, եղավ Տիրոջ գերեզմանի կափարիչը: Եվ այդ վեմը Հակոբը որպես կոթող կանգնեցրեց ու օծեց: Հակոբի քնով Տիրոջ մահը, և արթնությամբ՝ հարությունն է խորհրդանշվում, կոթողով՝ Եկեղեցին, իսկ օծմամբ՝ Սուրբ Հոգու շնորհների ներգործությունը: Այս վեմը պահապան եղավ անարատ Գառան համար, Ով անքուն աչքով պահում է ամենքին: Նա վերևում օրհնաբանվում էր Հոր և Սուրբ Հոգու հետ, իսկ ներքևում՝ Ադամի հետ մտնում գերեզման:
Ասում են այնտեղ՝ Ադամի գերեզմանի մոտ էր բնակվում Մելքիսեդեկը, և նա այդտեղ Աբրահամին տվեց հացն ու գինին, օրհնեց նրան և նրանից տասանորդ վերցրեց: Այդտեղ էր Աբրահամը կամենում պատարագել Իսահակին, և այդ տեղի մասին ասաց Մովսեսը. «Քո ուխտած բաները վերցնելով՝ կգաս այն վայրը, որը քո Տեր Աստվածը կընտրի Իր համար, որպեսզի Իր անունը հայտնվի այնտեղ» (Բ Օրենք ԺԲ 26): Այդ տեղի մասին նաև Դավիթն ասաց. «Այս է հանգստավայրն Իմ հավիտյանս հավիտենից, այստեղ պիտի բնակվեմ, քանզի հավանեցի սա» (Սաղմ. ՃԼԱ 14): Իսկ Եսային ասում է. «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին» (Եսայի Բ 2):
Այն ամենի համար, որ արեց Արիմաթացին, հրեաները նրան բանտարկեցին, սակայն Տիրոջ հրեշտակը նրան ազատեց, և նա հարեց առաքյալներին:
Հովսեփի հետ կային նաև կանայք, ովքեր եկել էին Գալիլիայից: Այդտեղ էին նաև Մարիամ Մագդաղենացին և Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամը: Նրանք տեսան, թե ինչպես Տիրոջ Մարմինը դրվեց գերեզման, ապա վերադարձան իրենց կացարանները, խնկեր ու յուղեր պատրաստեցին, և շաբաթ օրը, Օրենքի համաձայն, հանգիստ արեցին:



Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1286 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Avag urbat | Հեղինակություն: 5.0/16
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013