Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
կյանքի խոսքը և կռկ-ն վարում են թուրքամետ...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Սահակ եպս. Մաշալյան Սերմնացանի առակը (տե...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Էջմիածին, Ամեն շաբաթ
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Քրիստոնեական. pdf
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
«Նոր սերունդ» աղանդի մասին
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Ս.Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Հ. Շահեն պատասխանում է վերջին շրջանում ք...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Կոմիտաս Ասլամազյան. Նուբար - նուբար mp...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ «ԽԱՉԸ» ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 11 » Ավագ չորեքշաբթի

18:22
Ավագ չորեքշաբթի


Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ եկիր և գալոց ես, ողորմեա՜ մեզ»:
Այսօր հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված ասաց.
«Թող լուսատուներ լինեն երկնքի տարածության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը և իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները, թող լինեն, ծագեն երկնքի տարածության մեջ՝ երկիրը լուսավորելու համար» (Ծննդ. Ա 14-15):
Եվ եղավ այդպես: Եվ արարեց Աստված երկու մեծ լուսատուներն ու աստղերը և դրեց երկնքի հաստատությունում:
Արարչության օրերին ժամանակը գարնանային էր, և ցերեկն ու գիշերն իրար հավասար էին: Առաջին օրը լույսը լուսեղեն երկնքից տասներկու ժամ շարունակ տարածվում էր ջրերի վրա, ապա երեկոյան վերադառնում այնտեղ, որտեղից ծագել էր առավոտյան, և այդպես մնում տասներկու ժամ արփիին կից: Երկրորդ օրը լույսը դարձյալ տարածվում էր ջրերի վրա տասներկու ժամ և գիշերը հավաքվելով՝ մնում էր հյուսիսային կողմում՝ ծածկվելով անհալ ամպով, և լինում էր գիշերը: Իսկ երրորդ օրը՝ երեկոյան, գնդացյալ լույսը հավաքվեց Դրախտի վրա:
Այդ երեք օրերին լույսն աննյութ ու անմարմին էր Երեքանձնյա Աստվածության Լույսի նմանությամբ: Չորրորդ օրն Աստված արարեց արեգակը, լուսինը և աստղերը և վերցնելով պարզ, վճիտ, պայծառ ու հրաշատ լույսը՝ դրեց լուսատուների մեջ և դրանով զարդարեց երկինքը, ինչպես երկիրը՝ բույսերով ու տնկիներով:
Այդպիսով՝ Տերն այսօր լույսը դնում է հաստատության ներսում, որպեսզի լուսավորի երկիրը, և որպեսզի երբ աչքով տեսնենք, մտքով վերինը խորհենք, ուր Աստծու աջ կողմում նստած է Քրիստոս: Նաև որպեսզի իմանանք, որ եթե երկնքի արտաքին սրահն այսպես է զարդարված, ապա որքան առավել՝ իմանալի դասերի սրբության ներքին կողմը: Որպեսզի մտածենք նաև մեր առաջին փառքի մասին ու ցանկանանք այն:
Արեգակը ցերեկը լուսավորում է երկիրը, իսկ լուսինը գիշերը մխիթարում ստվերների տխրությունը: Պետք է իմանալ, որ արեգակի հետ նաև աստղերն արարվեցին, իսկ Քրիստոսի ծնվելով՝ արդարների ու սրբերի դասերը, աստղերի նմանությամբ, հավատով որդիանալով Աբրահամին, և բազմացան Քրիստոսի՝ Արդարության Արեգակի փառքի համար: Եվ ցերեկվա սպառումով և գիշերվա ամբողջացումով լինում է չորրորդ օրը:

Չորրորդ դարի պատկերը
Ավագ չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ դարի, որը սկիզբ է առել Սերուքի իննսունվեցերորդ տարում և հասել մինչև Սամվել մարգարեի տասներորդ տարին: Չորրորդ դարում եղավ Աբրահամի ավետիսը, հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալը, Վկայության խորանի պատրաստումը և Իսրայելի որդիների՝ Ավետյաց երկրի ժառանգումը: Այն, ինչ Աբրահամին չորրորդ դարում Աստված խոստացավ մասնավորապես, ամբողջապես կատարվեց Քրիստոսով:
Եվ Աստված Աբրահամին երևաց Մամբրեի կաղնու մոտ, երբ նա կեսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մոտ (տե՜ս Ծննդ. ԺԸ 1-8): Աբրահամը բարձրացրեց աչքերը և իր դիմաց տեսավ երեք տղամարդկանց: Այս պատմությունը ևս ունի առաջին և երկրորդ գալուստների խորհուրդը: Երեք եկվորները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը: Աբրահամի ընդառաջ գնալը խորհրդանշում է բոլորիս հավատը առ Քրիստոս: Իսկ անստվեր Լույսի ծագումը միջօրեին խորհրդանշում է արդարության ճառագայթները և արդարների լուսավոր խորհուրդը, ովքեր մաս ու հաղորդություն չունեն խավար աշխարհի հետ:
Աբրահամը նրանց ասաց. «Տե՜ր, եթե շնորհ գտա Քո առաջ, Քո ծառային անտես մի՜ արա, թող մի քիչ ջուր բերեն, լվան ձեր ոտքերը, ապա հովացե՜ք ծառի տակ: Հաց բերեմ, կերե՜ք»: Նրանք պատասխանեցին. «Արա՜ այնպես, ինչպես ասացիր»: Աբրահամն շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և ասաց նրան. «Շտապի՜ր, երեք գրիվ ընտիր ալյուր հունցի՜ր ու նկանակ պատրաստի՜ր»: Ապա գնաց դեպի նախիրը, ընտրեց մի մատղաշ, լավ հորթ, տվեց ծառային ու հրամայեց, որ կերակուր պատրաստի: Նա վերցրեց կարագ, կաթ, հորթի մսից պատրաստված կերակուրը և դրեց հյուրերի առաջ: Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առջև՝ ծառի տակ:
Կաղնու տակ նստելն ակնարկում է մարդու ակնկալությունը կուռքերից և տերևազարդ ծառերից: Կաղնու անօգուտ պտուղը՝ հեթանոսների հույսն է, ինչպես ասում է Պողոսը. «Իսկ արդ, ի՞նչ պտուղ ունեիք այն ժամանակ» (Հռոմ. Զ 21):
Երեք գրիվ ալյուրը և երեք բաղարջները խորհրդանշում են Սուրբ Երրորդության խոստովանությունը, որով Աբրահամն արժանի եղավ սեղանը սպասավորելուն: Կարագը Սուրբ Հոգու շնորհն է խորհրդանշում՝ ըստ առակողի. «Օծման յուղը չպակասի քո գլխից» (Ժող. Թ 8): Կաթը մանուկների վարդապետությունն է՝ ըստ Պողոսի. «Իբրև մանուկներ ի Քրիստոս կաթ տվեցի ձեզ» (Ա Կորնթ. Գ 2): Հորթն օրինակն է այն զվարակի, որ հայրը մորթեց անառակ որդու դարձի կապակցությամբ: Նկանակների խարույկի մեջ դնելը՝ թխելը, Տիրոջ երեքօրյա թաղումն է խորհրդանշում, իսկ Իսահակի ծննդյան ավետիսը՝ նոր Սառայից, այսինքն՝ սուրբ Կույսից, Տիրոջ ծնվելու ավետումը:
Իսկ այս խոսքը՝ «Մի՞թե ես Իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ» (Ծննդ. ԺԸ 17), հայտնում է, որ Տերը խորհրդակցում է արդարների հետ: Եվ ինչպես թագավորներն իրենք են պարգևներ շնորհում իրենց ծառաներին, իսկ դահիճներին հրամայում պատժել, այդպես էլ Տերը Աբրահամին պատվեց ավետիսով, իսկ ծառաներին հրամայեց պատժել Սոդոմին (տե՜ս Ծննդ. ԺԹ):
Հրեշտակների երեկոյան Սոդոմ գնալը խորհրդանշում է Տիրոջ Երկրորդ գալուստը և ամբարիշտների պատիժը: Ղովտի փրկությունը խորհրդանշում է արդարների փրկությունը, իսկ Ղովտի կնոջ աղե արձան դառնալը խորհրդանշում է չարությունից հրաժարվածների դարձյալ դեպի չարը վերադառնելը և դրա հատուցումը՝ չարաչար պատիժը: Արեգակի ծագելը Ղովտի Սեգոր մտնելու պահին խորհրդանշում է Արդարության Արեգակի ծագմամբ մեր Եկեղեցի մտնելը, որտեղ պատվիրանները պահելով փրկվելու ենք գեհենի կրակից: Ղովտի՝ լեռան վրա, քարայրում բնակվելը անձեռագործ խորանն է խորհրդանշում, ուր և մեզ է Տերը խոստացել տանել: Եվ ինչպես Տերն այդ օրը Աբրահամին խնդություն ավետեց և այրեց չարասեր Սոդոմը, այդպես էլ այսօր բերկրում են Քրիստոսի բարեկամները, իսկ Հուդայի և չարանախանձ հրեաների համար այսօր պատիժ է և տխրություն: Այսպես և աշխարհի վախճանին՝ ոմանք օրհնություն պիտի ժառանգեն, մյուսները պիտի կրակով այրվեն:

Ավագ չորեքշաբթի օրվա խորհուրդը
Չորեքշաբթի օրը նաև կամակոր ու կարծեցյալ իշխանի խորհուրդն ունի, ով օձին միջնորդ կարգելով Եվայի և իր միջև, կնոջը տվեց չար խրատը՝ կորստյան խոսքերը կործանելու համար նախաստեղծներին: Ինչպես չորրորդ օրը օձը կատարեց չարի խորհուրդը և դավեց Եվային, այդպես էլ չորեքշաբթի օրը Գաբրիել հրեշտակապետը խոսեց սուրբ Կույս Մարիամի հետ և տվեց նրան Քրիստոսով հղանալու ավետիսը:
Այսօր՝ Ավագ չորեքշաբթի օրը, նույն կամակոր ու կարծեցյալ իշխանը՝ սատանան, օձի փոխարեն Հուդային է ընտրում որպես միջնորդ, կնոջ փոխարեն՝ քահանայապետերին, խաբեության պտղի փոխարեն՝ արծաթը, և անամոթությամբ մարտնչում է Երկրորդ Ադամի՝ մեր մշտնջենավոր Աստծու դեմ, ինչպես մի ժամանակ՝ շնչավոր Ադամի: Սակայն այս անգամ պարտվում է Երկրորդ Ադամից ու խայտառակվում իր խավարաբնակ զորքով հանդերձ: Նախամայրն ազատվում է օձապատիր ու դառնաճաշակ պտղից, և փոխվում է դատապարտության վիշապաշունչ կերակուրը:
Ավագ չորեքշաբթի օրը, երբ աշակերտը մատնեց Վարդապետին, խորհրդանշում է մեղավորների մատնությունը վերջին օրը, երբ յուրաքանչյուրը պետք է իրեն մատնի ու հանդիմանի:

Դավադրություն Հիսուսի դեմ
(Մատթ. ԻԶ 1-3)
Երանելի Մատթեոսն իր Ավետարանում գրում է. «Երբ Հիսուս այս բոլոր խոսքերն ասաց ժողովրդին» (Մատթ. ԻԶ 1): Այն խոսքերը, որոնք Ձիթենյաց լեռան վրա անցյալ օրն ասաց աշակերտներին՝ տաճարի ավերման և աշխարհի վախճանի մասին:
«Իր աշակերտներին ասաց. «Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչը ելնելու համար» (Մատթ. ԻԶ 2):
Մյուս աշակերտների հետ այդտեղ էր նաև Հուդա Իսկարիովտացին, ով լսելով իրենից ու շատերից ծածկված խորհուրդը՝ Տիրոջ կամավոր ու աշխարհակեցուցիչ չարչարանքների մասին, խորհեց, թե ի՞նչ կտան իրեն քահանայապետերը, երբ այդ «ավետիսը» հնչեցնի նրանց ականջին, և գիտակցաբար առիթ էր փնտրում իր գործը կատարելու համար, որպեսզի ճիշտ պահին հանդիպի քահանաներին և նրանց տեղյակ պահի:
Հուդային խոսքի իմաստը հասու չեղավ, քանզի հաջորդ օրը, որը հինգշաբթի էր, հրեաների Զատիկն էր և բաղարջակերաց օր, սակայն Տերը այդ օրը նկատի չուներ, այլ ասաց, որ երկու օր հետո Զատիկ պիտի լինի և Մարդու Որդին պիտի մատնվի՝ խաչը ելնելու: Այդ պատճառով Հուդան միշտ պտտվում էր Տիրոջ շուրջ, որպեսզի ստուգապես իմանա Նրա չարչարանքների օրն ու ժամը, հայտնի քահանաներին և ստանա իր վարձքը: Հինգշաբթի օրը՝ հրեաների նիսան ամսվա տասնչորսին, երբ Եգիպոսում երեկոյան գառը մորթեցին և գիշերը եգիպտացիների անդրանիկները սպանվեցին, իսրայելցիների բաղարջ ուտելու ավանդության սկիզբը դրվեց: Դրա հաջորդ ուրբաթ օրը՝ նիսանի տասնհինգին, երբ լիալուսին էր, հրեաները դուրս եկան Եգիպտոսից: Իսկ շաբաթը՝ հանգստի մեծ օրն է: Եվ երբ Հուդան լսեց Տիրոջից, թե երկու օր հետո Զատիկ է լինելու, չհասկացավ, թե այս երեք մեծ օրերից ո՜ր օրվա մասին է խոսքը, քանի որ հրեաները և՜ բաղարջակերաց տոնին էին զատիկ ասում, և՜ պասեքի լրումին, և՜ Շաբաթների շաբաթին էին պասեք անվանում: Առաքյալները մինչ այդ կարծում էին, թե Նա պիտի նստի Դավթի աթոռին ու թագավորի Երուսաղեմի վրա, և երբ լսեցին Տիրոջից, թե երկու օր հետո Զատիկ է լինելու և Մարդու Որդին մատնվելու է խաչի մահվանը, տագնապեցին: Աշակերտներըգիտեին, որ Տերն Իր կամավոր հոժարությամբ է գնում դեպի չարչարանքները, և որ Ինքը հաստատապես գիտի դրա օրն ու ժամը:
«Այն ժամանակ քահանայապետերը և օրենսգետներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճում և խորհուրդ արեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն: Բայց ասում էին. «Ո՜չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի» (Մատթ. ԻԶ 3):
Հրեաները շատ անգամ ցանկացան սպանել Հիսուսին, սակայն հնար չէին գտնում: Իրենց նպատակին հասնելու համար նրանք ժողովրդին խաբելով ասացին, թե Հիսուս իրենց կորստյան ու կործանման պատճառն է, ինչպես մի ժամանակ եղավ Հուդայի Սեդեկիա արքան: Ասում էին նաև՝ եթե այն ժամանակ Իսրայելի որդիները սպանեին Սեդեկիային և կամ հանձնեին քաղդեացիների ձեռքը, ապա չէին տարվի գերության Բաբելացիների երկիրը, և Երուսաղեմը չէր ավերվի, և չէր քանդվի Աստծու փառավոր տաճարը (տե՜ս Դ Թագ. ԻԵ): Նաև ասում էին, որ եթե Հիսուս մնա, ապա կգան հռոմեացիները, կքանդեն Երուսաղեմը և հրեաներին գերության կտանեն: Դրանով նրանք կամենում էին գրգռել ամբոխին մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմ:
«Հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճում»:
Այդ տարի քահանայապետը Կայիափան էր, և ինչպես Բաղաամն ակամա մարգարեացավ Քրիստոսի ծննդյան մասին (տե՜ս Թվեր ԻԴ 7), այնպես էլ նա՝ ակամա մարգարեանում է Քրիստոսի կենարար չարչարանքների մասին՝ ասելով. «Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ խորհել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի» (Հովհ. ԺԱ 50): Այս ասելով մարգարեանում է այն փրկագործ մահվան մասին, որ պիտի լիներ ամբողջ աշխարհի համար, կարծելով որ դրանով կարող է ամբոխին գրգռել Քրիստոսի դեմ: Չնայած քահանայապետերը շատ ջանացին, սակայն չկարողացան ժողովրդին հանել Տիրոջ դեմ: Նրանք վախենում էին ժողովրդից և այդ պատճառով խորհեցին՝ տոների ընթացքում ոչինչ չձեռնարկել, մինչև որ ամեն մարդ դառնա իր տունը, և իրենք Հիսուսին մենակ գտնելով՝ ձերբակալեն: Իսկ ժողովուրդը միշտ խմբվում էր Նրա շուրջը և սպասում լսելու շնորհաց վարդապետությունը:

Օծում Բեթանիայում
(Մատթ. ԻԶ 6-13)
Մարիամը՝ Ղազարոսի քույրը, թանկարժեք յուղով օծեց Տիրոջ ոտները, ի նշան իր երախտագիտության եղբորը հարություն տալու: Այդ մասին լսեց մի պոռնիկ կին ու շտապեց նույնն անել: Նա յուղ պատրաստեց և հարմար առիթ էր փնտրում, որ օծի Տիրոջը: Եվ երբ Տերը մտավ բորոտ Սիմոնի տունը, այս կինը խորհեց, որ եթե Նա չի գարշում բորոտից, ապա չի խորշի նաև իր նման մեղավորից:
Եվ այս մասին ավետարանիչը հետևյալն է պատմում. «Երբ Հիսուս եկավ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, Նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և թափեց այն Նրա գլխին»: Վարդապետներն ասում են, որ մարդը երեք կերպով է գնում ուրիշի տուն. առաջինը՝ մեծարվելով, ինչպես Տերը գնաց Սիմոնի տուն, երկրորդ՝ ինքնակամ, ինչպես Տերը գնաց Զակքեոսի տուն, երրորդ՝ ինչպես աղքատ, քանզի «Հայտնության» գրքում ասված է. «Ահավասի՜կ, Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկն ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ» (Հայտ. Գ 20): Եվ Քրիստոս հույժ սիրում է գալ, բնակվել մարդկանց մեջ և նրանց ընկերանալ:
Ըստ Օրենքի՝ բորոտը պիղծ է, և նա պետք է համայնքից դուրս ապրի, մինչև որ սրբվի: Արդ՝ երբ Սիմոնը լսում է, որ Հիսուս մտնում է մեղավորների ու մաքսավորների մոտ, և որ տեռատես կինը հպվելով Նրա շորերին բժշկվեց, համարձակվում է և ինքը Տիրոջն իր տուն հրավիրել, սակայն Տերը չի բժշկում նրա խաթարված մարմինը, քանի որ նա Տիրոջից բժշկություն չհայցեց, և Տերն էլ փոխարենը կանչեց ու հորդորեց մի կնոջ, ով իր ձեռքում ուներ նարդոսի ազնիվ, մեծարժեք յուղի մի շիշ, իսկ բորոտ Սիմոնին կշտամբեց (տե՜ս Ղուկ. Է 44): Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը այս կնոջը հիշատակում են այս դեպքի առնչությամբ: Հովհաննեսը գրում է, որ Մարիամը՝ Ղազարոսի քույրը, օծեց Տիրոջը (տե՜ս Հովհ. ԺԲ 3), իսկ Ղուկասը գրում է, որ օծող կինը պոռնիկ էր (տե՜ս Ղուկ. Է 37), ինչ պատճառով էլ բորոտ Սիմոնը գայթակղվեց. որովհետև Տերը թույլ տվեց մեղավորին Իրեն մոտենալ: Իսկ կինը համարձակվեց մոտենալ, քանի որ տեսավ Տիրոջը իջևանած բորոտի տանը:
Սիմոնը հրեաների օրինակն է, քանի որ, երբ Տերն եկավ նրանց մոտ, նրանք Տիրոջը չհավատացին և մնացին անեծքի տակ, ինչպես և Սիմոնը մնաց իր բորոտության մեջ: Իսկ կինը հեթանոսների օրինակն է, ովքեր պոռնկացել էին բազմաստվածության մեջ, սակայն Տիրոջ գալստյամբ՝ մկրտվելով զգեստավորվեցին Քրիստոսով:
«Սկսեց արտասուքներով թրջել Նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր» (Ղուկ. Է 38): Մազերն աշխարհի մեծության խորհրդանիշն է, ինչն ամբողջովին պետք է դնել Քրիստոսի ոտքերի տակ: Երբ կինն օծում է Տիրոջ ոտքերը և տեսնում, որ այն բարությամբ է ընկալվում Տիրոջ կողմից, յուղով օծում է նաև Նրա գլուխը: Որովհետև նրանք, ովքեր հավատում են Նրա Մարմնին, հավատում են նաև Նրա Աստվածությանը, որը խորհրդանշվում է գլխով, իսկ ովքեր հպվում են Նրա Մարմնին, շոշափում են Կենաց Խոսքը:
Այստեղ Տերն ընկերանում է Մարիամ Մագդաղենացու հետ, քանի որ նա երեք տեսակի դառը կերակուր բերեց և դրեց Քրիստոսի առջև, իսկ Քրիստոս երեք տեսակի քաղցրություն խառնեց դրանց: Առաջին կերակուրը Մարիամի կատարյալ զղջումն էր, այդ պատճառով Քրիստոս ողորմեց նրան, երկրորդը՝ նրա խոստովանությունը, և Քրիստոս թողեց նրա մեղքերը, և երրորդը՝ նրա ապաշխարությունը, և Քրիստոս տվեց նրան Երկնքի արքայությունը:
Իսկ Սիմոնն անիրավորեն դատեց Քրիստոսին՝ կնոջը աղտեղի համարելով և իր մտքում ասելով. «Եթե Սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով կամ ինչպիսի մի կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է» (Ղուկ. Է 39): Այդ պատճառով Քրիստոս նրան ասաց. «Սիմո՜ն, քեզ ասելու բան ունեմ»: Սիմոնն ասաց. «Ասա՜, Վարդապե՜տ»: Եվ Հիսուս ասաց. «Մի փոխատու երկու պարտապաններ ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն: Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՜, ո՞վ ավելի շատ կսիրի նրան» (Ղուկ. Է 40-42): Մարիամը պարտական էր հինգ հարյուր դահեկան, քանի որ իր հինգ զգայարաններով բոլոր մեղքերը կատարելապես գործել էր, իսկ հիսունը պարտական էր Սիմոնը, ով իր հինգ զգայարաններով մեղավոր էր տասը պատվիրանների առջև: Եվ երկուսին էլ շնորհեց, որովհետև բոլոր նրանք, ովքեր մեղանչել են, առանց Աստծու ողորմության չեն կարող հատուցել իրենց պարտքերը:
Այս Մարիամը մեզ բազում բարություններ է սովորեցնում, քանի որ մեղավորներ կան, ովքեր հապաղում են խոստովանել իրենց մեղքերը, իսկ նա, երբ լսեց Քրիստոսի խոսքը, անմիջապես խոստովանեց: Ոմանք մեծ մեղքերը թաքցնում են, ինչից գարշելի հոտ է գալիս, իսկ նա ամեն ինչ հայտնում է, այսինքն՝ հեղում է ամբողջ յուղը: Ոմանք խոստովանությունից հետո դառնում են իրենց նախկին մեղքերին, իսկ նա մնաց Քրիստոսի ոտքերի մոտ: Ոմանք մարդկանց առջև լրբությամբ պարծենում են իրենց մեղքերով, իսկ նա ամաչում էր և չէր կամենում վեր նայել: Ոմանք էլ ծիծաղելով են խոստովանում, իսկ նա լալով խոստովանեց: Ոմանք տանջանքով և տրտմությամբ են ապաշխարում, իսկ նա՝ ուրախությամբ:
«Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»:
Հուդան սա նենգությամբ ասաց, որովհետև գող էր ու արծաթասեր, իսկ մյուսները բարի մտքով ասացին, քանի որ լսել էին Քրիստոսից, թե՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» (Օվսե Զ 6): Նաև մարգարեն է ասում. «Բայց մեղավորի յուղը թող գլուխս չօծի» (Սաղմ. ՃԽ 5): Քրիստոս մի քանի պատճառով թույլ տվեց թափել յուղը Իր գլխին:
Նախ, որ տեսավ կնոջ զղջումը և երկյուղով, ջերմ սիրով, մեծ հավատով ու հույսով դեպի Իրեն գալը:
Երկրորդ՝ ինչպես չհրաժարվեց արգանդում մարդանալուց և կաթով սնվելուց, այդպես էլ հոժարեց կնոջից օծվել:
Երրորդ՝ ինչպես Հայրն էր ընդունում պատարագի մատուցած յուղը (տե՜ս Ելք. ԻԹ 13), այդպես էլ Աստծու Որդին ընդունեց:
Չորրորդ՝ Հակոբն արձանը յուղով օծեց (տե՜ս Ծննդ. ԽԶ 18), և քահանաներն ու թագավորները յուղով էին օծվում Քրիստոսի օրինակով, այդ պատճառով Տերն ընդունեց յուղով օծվելը, որպեսզի կատարվեն մարգարեությունները:
Հինգերորդ՝ յուղով օծվելը Տիրոջ թաղման և գերեզմանի խորհուրդն է, քանի որ յուղաբեր կանայք չէին կարող օծել Նրա Մարմինը, այդ պատճառով օծումը հիմա ընդունեց, ինչպես և ասաց. «Իմ Մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը կանխանշեց» (Մատթ. ԻԶ 12):
Վեցերորդ՝ Քրիստոս մեզ հուսադրելու համար թույլ տվեց. քանի որ, եթե պոռնիկ կնոջից, ով սրտանց զղջաց, ընդունեց յուղը, ուստի և մեղավորներիս աղոթքներն ու նվերները ևս կընդունի, եթե զղջանք մեր մեղքերի համար:
Իսկ այն, որ մարգարեն ասում է, թե՝ «Մեղավորի յուղը թող գլուխս չօծի» (Սաղմ. ՃԽ 5), նշանակում է, որ անզեղջ մեղավորի պատարագը չի ընդունվում և աղոթքը չի լսվում:
Մարկոսը գրում է. «Կարելի էր այդ անուշահոտ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին» (Մարկ. ԺԴ 5): Ղազարոսի քույր Մարիամը վաճառել էր իր ամբողջ ունեցվածքը և թանկարժեք յուղ գնել, որպեսզի դրանով օծի Տիրոջ գարշապարը՝ իր եղբորը հարություն տալու համար: Այդ օրը բոլոր ներկաները լսել էին Տիրոջ խոստումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. ԻԶ 13), և Մարիամ Մագդաղենացին այդ լսելով նույնն արեց: Իսկ Հուդան, ով Տիրոջ գանձապահն էր, և այն ամենը, ինչ որ ընկնում էր, ինքն էր վերցնում ու գողանում, տեսնելով որ մեծագին յուղի հեղմամբ իր օգուտը խափանվեց, հույժ տրտմեց և բացահայտելով իր ներսի ախտը՝ հրապարակավ վատաբանեց կնոջ արարքը: Իսկ Քրիստոս, Իր աստվածային ամենատես զորությամբ իմանալով մատնիչի գող լինելը, ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա Իմ հանդեպ մի բարի գործ կատարեց»: Այս խոսքը երկու իմաստ ունի, նախ որպեսզի այդ կինը խնդությամբ գնա ու չհուսահատվի աշակերտների խոսքերի պատճառով, իսկ երկրորդը Ոսկեբերանն է մեկնաբանում. «Եթե մեկը գա և իր ունեցվածքից Եկեղեցուն նվեր բերի կամ էլ եկեղեցի կառուցի և դրանով ցանկանա արդարանալ իր մեղքերից, պետք չէ նրան արգելել, որպեսզի մեղքերի թողություն գտնի»:
«Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք»:
Անժամանակն Աստված միշտ չէր մարմնով մնալու առաքյալների հետ: Եվ քանի որ Հուդան այդչափ «աղքատասեր» էր, այդ պատճառով Տերն ամեն տեղ աղքատներ է կարգել, որպեսզի երբեք չկորչի մարդասերների ու ողորմածների բարեգործություն անելու հնարավորությունը:
«Իմ Մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը կանխանշեց»:
Նաև Մարկոսն է ասում. «Դա, ինչ որ կարող էր, արեց. նախապես խնկավետեց Իմ Մարմինն ի նշան պատանվելու» (Մարկ. ԺԴ 8): Այս խոսքը վերաբերում է զմուռսին ու հալվեին, որը Տիրոջ թաղման օրը բերեցին Հովսեփն ու Նիկոդեմոսը: Նաև յուղաբեր կանանց մասին է խոսքը, ովքեր խունկերով ու անուշ յուղերով եկան սուրբ գերեզմանը: Նաև՝ այն ձեթի ու գինու մասին է, որով Բարի Սամարացին բուժեց ավազակների ձեռքն ընկած մարդու վերքերը: Սրանով դնում է նաև Ավազանի յուղի օրինակը, որը հեղեց հեթանոսների վրա, ովքեր Նրա մահվանը մկրտվեցին՝ Նրա հետ ջրում թաղվելով: «Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»:
Այս խոսքը վերաբերում է Ավետարանի քարոզությանը, որը տարածվելու էր ամբողջ տիեզերքով, և շատերը պիտի ցանկանան լինել այդ երջանիկ կնոջ փոխարեն, ով արժանի եղավ հանդիպելու և մերձենալու մարմնացած Բանն Աստծուն:

Մատնության գինը
Քրիստոսին մատնեցին չորեքշաբթի օրը: Այդ օրն իբրև դժոխք բացվում է մատնության բերանը ստացվածքի համար, որովհետև հիրավի դժոխքի բնակիչներ են նրանք, ովքեր Քրիստոսի վրա հարձակվեցին, ծառաներին չարչարեցին ու Ժառանգին սպանեցին՝ կորզելու համար ժառանգությունը (տե՜ս Մատթ. ԻԱ 38):
Ամբարիշտ Հուդան և քահանաները շեղվեցին Տիրոջ շավիղներից և իրենց անձերի համար դժնդակ չարություն գանձեցին, և չար է լինելու անօրենների կործանումը, ինչպես Հուդայի ինքնասպանությունը և Երուսաղեմի կործանումը:
Զաքարիա մարգարեն Հուդային քանանացի է անվանում. «Այն օրը Զորությունների Տիրոջ տանն այլևս չի լինի ոչ մի քանանացի» (Զաքար. ԺԴ 21): Քանանացի եբրայեցերենից թարգմանվում է գնորդ, քանի որ Հուդան անպարտ արյուն վաճառեց, նաև հրեաներին է քանանացի անվանում՝ գնելու համար, որովհետև ցանկանում էին Նրա մահը: Իսկ Դանիելը քանանացու զավակ անվանեց Շուշանին ցանկացող վավաշոտ ծերունուն (տե՜ս Դան. ԺԳ 56):
Դավիթը հրեաների չարախոսությունը ցույց է տալիս հետևյալ խոսքով. «Թշնամիներս չարությամբ ասացին Իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի Նա, և Նրա անունը ջնջվի» (Սաղմ. Խ 5-6): Ապա շարունակում է. «Բոլոր թշնամիներս քրթմնջացին Իմ մասին և չարիք նյութեցին Իմ դեմ» (Սաղմ. Խ 8): Սա ասված է Հուդայի և քահանաների մասին: «Եվ որն ուտում էր հացն Իմ, հաճախակի Իմ դեմ խաբեություն գործեց» (Սաղմ. Խ 10): Իսկ այստեղ այն հացի պատառի մասին է ասում, որը Հուդան չվախեցավ վերցնել Տիրոջից:
Մարգարեների խոսքերը հաստատում է Ավետարանը. «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետերի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ Նրան մատնի նրանց» (Մատթ. ԻԶ 14-16): Հուդան բազում անգամ լսել էր Տիրոջից հետևյալ խոսքը. «Ահավասիկ, Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին. և Նրան մահվան պիտի դատապարտեն» (Մատթ. Ի 18), նաև՝ «Մարդու Որդին պիտի մատնվի խաչը ելնելու համար» (Մատթ. ԻԶ 2), սակայն թշվառականը չէր կարողացել հասկանալ այս խոսքերի իմաստը: Իսկ այս անգամ, երբ լսում է պատանվելու և թաղվելու մասին, հասկանում է, որ այն ինչը հրեաները ցանկանում էին, հնարավոր է: Եվ մտածում է գնալ հրեաների մոտ և նրանցից դրամ ստանալ:
Եվ Հուդա Իսկարիովտացին գնաց փնտրելու քահանայապետերին, ժողովրդի իշխաններին, օրենսգետներին ու փարիսեցիներին, ովքեր տխուր ու տրտում ժողովվել ու խորհում էին, թե ինչպես, ինչ հնարով ազատվեն Հիսուսից, քանի որ ամբողջ աշխարհը Նրա կողմն է՝ և՜ հրեաները, և՜ հեթանոսները, և՜ սամարացիները, և՜ հյուսիսի կողմից եկածները, մինչև անգամ Հայոց արքան՝ Աբգարը, ով բնակվում էր Եդեսիա քաղաքում , Հիսուսին Աստծու Որդի էր խոստովանում:
Հրեաները մտածում էին. «Եթե Նրան չսպանենք, ապա կկորչի մեր ամբողջ ազգը, իսկ եթե Նրա վրա ձեռք բարձրացնենք, ապա Նրան ուղեկցող ժողովուրդը մեզ կքարկոծի ու կսպանի, ինչպես չարագործների ու ավազակների: Իսկ եթե նույնիսկ, մի հնարով, Նրան միայնակ գտնենք, հնարավոր է որ չկարողանանք Նրա վրա ձեռք բարձրացնել, ինչպես մի ժամանակ ամբոխը չկարողացավ Նրան լեռան վրայից գահավեժ անել, ինչպես և Երուսաղեմում չկարողացան Նրան քարկոծել, որովհետև ծովի վրայով ճանապարհ բացեց ու գնաց, մրրկածին ալիքներին սաստեց, իսկ մեռելին միայն խոսքով հարություն տվեց: Հնարավոր է նաև, որ Նա չմահանա, իսկ մենք դրանով ցույց տանք աշխարհին, որ Հիսուս անմահ է: Իսկ եթե հեթանոսներն իմանան, որ չենք կարողանում Նրան սպանել, ապա կգան նրանց իշխանները և կերկրպագեն Նրան՝ որպես անմահ Աստծու, և մեզ որպես աստվածամարտի կհալածեն»:
Արդ՝ չիմանալով, թե ինչպիսի հնար գտնեն Նրա դեմ, տարակուսում էին ամեն կողմից, քանի որ Տերը մեծամեծ, սքանչելի ու հրաշափառ նշաններ գործեց, որը մարդկանցից և ոչ ոք չի կարողացել անել: Ապա ասում էին. «Մովսեսը աստվածային նշաններով Իսրայելի մեջ փառավորվեց և եգիպտացիների մեջ ատելի դարձավ, իսկ Սա ամբողջ տիեզերքին է սիրելի: Եվ ինչո՞ւմ է այդ մեծ փորձության իմաստը, որ հասավ մեր վրա, մեր ժամանակներում, և որպես մահվան երկյուղ պաշարեց մեզ»:
Եվ մինչ քահանաները խորհում էին ու վրդովվում, եկավ Հուդան և կանգնեց նրանց մեջ: Երբ նրանք տեսան Հուդային, շտապեցին նրանից գաղտնիքներ կորզել, և Հուդան նրանց պատասխանեց. «Ինչո՞ւ եք վախենում Նրանից, ահա ես եկել եմ միաբանվելու ձեզ հետ, որպեսզի ձեզ օգնեմ ու զորավիգ լինեմ»:
Քահանաները պատասխանեցին Հուդային. «Արի ու կանգնիր մեր մեջ և ասա, ո՛վ սիրելի, թե ինչպես են իրականանալու մեր սրտի խորհուրդները»: Հուդան նրանց ասաց. «Նրա խոսքերից ամեն ինչ ստուգապես իմացա, քանի որ Նա մի գաղտնիք հայտնեց Իր աշակերտներին»:
Քահանաները նրան պատասխանեցին. «Քո խոսքերից թեթևացած՝ զվարճանում են մեր իշխանական սրտերը»: Ապա, որպես գարշահոտ գերեզման, ամբարիշտ Հուդան բացեց իր անսուրբ բերանը և անօրեն խոսքեր ասաց անօրեն քահանաների լսելիքին՝ վաճառելով բոլորիս Աստծուն, Ով նստում է քերովբեների վրա և գնում Իր արարածներին Իր սուրբ ու պատվական Արյունով: Նա ասաց. «Երբ գնացինք Փիլիպպյան Կեսարիայի կողմերը, Հիսուս ասաց, որ Ինքը պետք է գնա Երուսաղեմ և բազում չարչարանքներ կրի: Եվ մինչ Գալիլիայում էինք, Նա ասաց, որ մատնվելու է մարդկանց ձեռքը և Իրեն չարչարելու են, իսկ երբ Երիքովով բարձրացանք Երուսաղեմ, Հիսուս մեզ առանձին ասաց. «Ահավասիկ, Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին. և Նրան մահվան պիտի դատապարտեն»: Եվ այսօր, երբ Սիմոն բորոտի տանը ճաշում էինք, մի կին եկավ և ազնիվ ու թանկարժեք յուղ լցրեց Նրա գլխին, և այդ յուղի կորուստը մեզ հաճելի չթվաց: Մենք կշտամբելով հանդիմանեցինք այդ կնոջը՝ յուղը թափելու համար, իսկ Հիսուս մեզ ասաց, թե Իր Մարմնի վրա այդ յուղի թափումը՝ Իր թաղումն է խորհրդանշում: Արդ՝ խրախուսվելով քաջալերվեք, քանզի ճշմարտապես դա այդպես է»:
Քահանաները նրան ասացին. «Մենք քեզ երեսուն արծաթ կտանք, իսկ դու ամեն կերպ ջանք թափիր, որպեսզի Նրան մեր ձեռքը հանձնես, բայց ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չծագի, և մեզ չքարկոծեն ու սպանեն»:
Հուդան պատասխանեց. «Հիսուս ասել է, թե երկու օր հետո Զատիկ է, և Նա պիտի մատնվի ու խաչը բարձրացվի: Արդ՝ այն օրն ու ժամը, որ Նա սահմանեց Իր մահվան համար, անխախտ է, և այդ ժամին էլ կատարվելու է, քանի որ Նրա խոսքերը ճշմարիտ են, այդ պատճառով էլ պետք է այդ ժամին գործել»: Քահանաները հարցրեցին, թե իրենք ինչպե՞ս կարող են այդքան ժողովրդի մեջ Նրան բռնել:
Հուդան պատասխանեց. «Նա սովորություն ունի ցերեկը ժողովրդին ուսուցանել տաճարում, իսկ երեկոյից մինչև առավոտ առանձնանալ Իր աշակերտների հետ»: Նաև ասաց, որ ինքը հաստատապես գիտի Նրա տեղը և կարող է հարմար պահին Նրան մատնել քահանաների ձեռքը:
Քահանայապետերը զգուշացան, որ եթե Հուդան գիշերը Նրան մատնի իրենց ձեռքը, ապա Նրան ձերբակալելիս Նրա աշակերտները կարող են փախչել քաղաք և լուր տալ ժողովրդին, ինչը կարող է խանգարել իրենց ծրագրի իրականացմանը: Հուդան ասաց, որ պետք է Պիղատոսին դատավոր կարգել իրենց վրա, և զորքերից, որոնց կայսրը նշանակել է քաղաքը պահպանելու, իբրև օգնություն մի դասակ խնդրել՝ իր հրամանատարով հանդերձ, ովքեր ջահերով ու զենքերով առջևից կգնան, իսկ ինքը՝ Հուդան, կգնա քահանաների ու դպիրների հետ: Եվ երբ բազմությունը լսի, որ զորքն ու կուսակալը քահանաների հետ են, կերկյուղի և չի համարձակվի նրանց հակառակվել:
Քահանաները կասկած հայտներցին, որ հնարավոր է՝ գիշերը Հիսուսին չկարողանան ճանաչել, և Նա խույս տա ու փախչի, մանավանդ երբ հեռվից երևա ջահերի լույսը, և բացահայտվի իրենց անելիքը: Հուդան այս կասկածը նույնպես փարատեց՝ ասելով, որ ինքն ու քահանաներն առջևից կգնան, և երբ մոտենան, ինքը կհամբուրի և կխոսի Հիսուսի հետ և այդ պահին իրենք կձերբակալեն: Եվ Հուդայի խոսքերը հաճելի թվացին քահանաներին:
Այս ամենից հետո Հուդան վերադարձավ Վարդապետի մոտ և հարմար պահ էր փնտրում, որպեսզի երեսուն արծաթով մատնի տերերի Տիրոջը և աստվածների Աստծուն: Եվ աշխարհի կյանքի Տերը վաճառվում է Ադամի որդիների փրկության համար, որպեսզի Իր սուրբ և պատվական Արյամբ գնի մարդկանց, աշխարհը լուսավորի մեղքի խավարից ու նորոգի տիեզերքի հնությունը:
Այդ պատճառով առաքյալները կարգեցին, որ ամեն չորեքշաբթի պահք լինի, քանի որ մեծ ու մշտնջենավոր, անժամանակ ու աներևույթ Աստծու Միածին Որդու Արյան գինն ենք, Ով մեր պատճառով վաճառվեց, որպեսզի փրկի մեզ այս նանիր աշխարհից, որպեսզի Հուդայի հետ չկորչենք հավիտենական գեհենում: Մեկնություն Զաքարիայի մարգարեության
(Զաքար. ԺԱ 7-17)
«Ինձ համար երկու գավազան պիտի վերցնեմ, մեկը պիտի կոչեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը՝ Վիճակ»:
Մեր Տերը՝ Աստծու Խոսքը, երկիր եկավ և երկու գավազան վերցրեց, դրանք են՝ մարմինը և խաչը: Նրա Մարմինը կոչվեց գեղեցկություն՝ ըստ այս խոսքի. «Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից» (Սաղմ. ԽԴ 3), քանի որ չուներ մեղքերի տգեղությունը, որը մեր բնության վրա բերեց Ադամը: Իսկ երկրորդ գավազանը կոչվեց վիճակ, քանի որ Նա խաչին ո՜չ պարտական էր և ո՜չ էլ արժանի, և փոխարեն այն ուրախության, որ Նա ուներ, Հոր կամքին հնազանդվելով՝ Իրեն մահվան մատնեց աշխարհի փոխարեն:
«Եվ պիտի արածեցնեմ հոտերը: Մեկ ամսում Ես վերացրի երեք հովիվներին»:
Արածեցրեց Իսրայելի հոտը գեղեցիկ գավազանով՝ Իր Մարմնով՝ նրանց մեջ հրաշագործելով ու վարդապետելով Երկնքի թագավորության մասին, ապա վերացրեց մոլորեցնող հովիվների՝ Թևդասի և Հուդա գալիլիացու գայթակղությունը, ինչպես և ասաց. «Ովքեր Ինձանից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին» (Հովհ. Ժ 6):
«Որովհետև Իմ հոգին զզվել էր նրանցից, նրանց հոգիներն էլ զզվել էին Ինձանից»:
Քանի որ հրեաները Պիղատոսի առջև աղաղակում էին և ասում. «Խա՜չը հանիր Դրան» (Մարկ. ԺԵ 13):
«Ես, ահա, ասում եմ. «Ձեզ չեմ հովվելու. ով մեռնելու է, թող մեռնի, ով սատկելու է, թող սատկի: Մնացածներից ամեն մեկն էլ թող ուտի իր ընկերոջ մարմինը: Ես պիտի վերցնեմ Իմ գավազանը՝ Գեղեցկությունը պիտի նետեմ ցած՝ խզելու համար այն ուխտը, որ դրել եմ բոլոր ժողովուրդների հետ: Այդ ուխտը պիտի խզվի այն օրը»:
Տերը վերցրեց Իր գեղեցիկ Մարմինը, տվեց նրանց ձեռքը, չարչարվեց ու մեռավ: Մահվան մատնվելով՝ Նա թողեց Իսրայելը հովվելը, ինչպես և ասաց. «Ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. ԻԱ 43):
«Եվ քանանացիները պիտի ճանաչեն Իմ պահպանած հոտերը, քանզի սա Տիրոջ խոսքն է»:
Նրանց քանանացիներ է կոչում իրենց կատարած գործերի պատճառով՝ ըստ այս խոսքի. «Քանանի զավակ և ոչ Հուդայի» (Դան. ԺԳ 56), քանի որ քանանացի նշանակում է գնող: Իսկ՝ «Քանանացիները պիտի ճանաչեն» ասելով, նկատի ունի քահանայապետերին ու դպիրներին, ովքեր կամեցան գնել Նրան: Նրանք պիտի ճանաչեն, թե որն է Նրա Մարմինը իրենց ձեռքը գցելու խորհուրդը:
«Քանզի սա Տիրոջ խոսքն է»:
Սա նաև Աստծու կամքն է, և Հորը հնազանդվելու համար է Նա մատնվում հրեաների ձեռքը:
«Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՜ք իմ վարձը, իսկ եթե ոչ, ասացե՜ք»:
Ապականիչ Հուդան առանձնանալով գառների հոտից՝ առաքյալներից, քահանայապետերին ասաց. «Եթե ձեզ հաճելի է սպանել իմ Վարդապետին, ապա տվեք ինձ իմ մատնության վարձքը, իսկ եթե ոչ, ապա քննեցեք՝ արդյոք արժանի է Նա մահվան, թե ոչ»: Իսկ նրանք ոչ քննեցին և ոչ էլ դատեցին, այլ ծաղրեցին մատնիչին, և այդ պատճառով է մարգարեն ասում. «Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»: Մարգարեն մատնիչի անունից է խոսում, քանի որ նա Քրիստոսի աշակերտներից էր և սրբերի գնդից: Երբ Հուդան ստացավ երեսուն արծաթը, այս մարգարեությունը իրականացավ:
«Տերն ինձ ասաց. «Դու բովի մեջ գցիր դա, քննի՜ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես Ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»:
Այս մարգարեության կատարման մասին սուրբ Ավետարանը պատմում է. «Այն ժամանակ Հուդան, որ Հիսուսին մատնել էր, տեսնելով, որ Հիսուս դատապարտվեց, զղջաց» (Մատ. ԻԷ 3): Իսկ հետևյալ խոսքը՝ «Տերն ինձ ասաց. «Դու բովի մեջ գցիր դա», հայտնում է, որ Հուդան խորհեց աստվածային ազդեցությամբ, թե արդյո՞ք իրավացի եղավ այդ ամենը: «Ո՜վ Հուդա, այդ արծաթը, որն առար, գցի՜ր քո սրտի բովի մեջ և քննիր, թե արդյոք՝ դրան էր արժանի քո Տերը, Ում դու վաճառեցիր, և հրեաները գնեցին»:
«Ես վերցրի երեսուն արծաթը և Տիրոջ Տանը գցեցի բովի մեջ»:
Նրան չասաց, թե Տիրոջ տան մեջ գցիր, այլ՝ բովի մեջ, այսինքն՝ մտքի բովի մեջ: Երբ Հուդան իր մտքում քննեց Քրիստոսի փորձությունները, զղջաց, ապա վերցրեց արծաթը և այն գցեց Տիրոջ տան բովի մեջ, այսինքն՝ քահանայապետերի մտքի մեջ՝ քննության համար, և ասաց. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. ԻԷ 4): Իսկ նրանք ո՜չ քննեցին և ո՜չ էլ փորձեցին: Հուդան իր մտքի բովում տեսնելով, որ Քրիստոս փորձված է և ընտիր, գնաց ու ինքնասպան եղավ, իսկ նրանք ավելացրին Տիրոջ վրա նաև խաչը:
«Ես դեն գցեցի Իմ երկրորդ գավազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Հուդայի երկրի և Իսրայելի միջև»:
Նրանք կանգնեցրին խաչը, և Տերը պրկվեց դրա վրա, ինչպես և ասում էր. «Ես Իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ... Իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու» (Հովհ. Ժ 17-18): Արդ՝ երբ Տերը դեն գցեց երկրորդ գավազանը, այդ ժամանակ լուծարվեց Աստծու խաղաղության ուխտը Իսրայելի հետ: Այդ պատճառով էր Քրիստոս նրանց ասում. «Երուսաղեմի՜ դուստրեր, Ինձ վրա լաց մի՜ եղեք, այլ լա՜ց եղեք ձեր և ձեր որդիների վրա, որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն. «Երանի՛ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և ստինքներին, որ չկերակրեցին»: Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե՝ ընկե՜ք մեր վրա, և բլուրներին, թե՝ ծածկեցե՜ք մեզ, որովհետև, երբ դալա՜ր փայտին այսպես անեն, չորի՜ն ինչ կպատահի» (Ղուկ. ԻԳ 28-31):
«Տերը դարձյալ ինձ ասաց. «Դու հովվություն անելու համար վերցրո՜ւ մի տգետ հովվի գործիքներ, որովհետև ահա Ես մի տգետ հովիվ եմ դնելու այս երկրի վրա: Նա չի հոգալու նիհար ոչխարների համար, ցրվածին չի փնտրելու, վիրավորվածին չի բուժելու, առողջին չի խնամելու, այլ ուտելու է ընտիր ոչխարների միսը և փշրելու նրանց ոտքերի ոսկորները»:
Այսպես եղավ Անտիոքոսի օրոք, ով դարձավ նրանց համար խիստ ու չարչարող հովիվ, կերավ նրանց մարմինը՝ տառապեցնելով ու սպանելով (տե՜ս Ա Մակաբ. Ա 11-12): Դա վերաբերվում է նաև քահանայապետերին, ովքեր Տիրոջ մահվանից հետո չարչարեցին ժողովրդին: Իսկ տգետ հովիվ ասելով նկատի ունի նեռին, ով գալու է Քրիստոսից հետո, ինչպես Ինքը Տերը վկայեց. «Ես եկա Իմ Հոր անունով, և Ինձ չեք ընդունում: Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք» (Հովհ. Ե 43): Արդ՝ երբ նեռը գա, այնպիսի չարություններ պիտի անի, որի մասին ասված է. «Այդ ժամանակ մեծ նեղություն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և այլևս չի էլ լինի: Եվ եթե այդ օրերը չկարճեցվեին, ոչ մի մարմին չէր ազատվի. բայց ընտրյալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցվեն: Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ ահա՜ Քրիստոս այստեղ է կամ այնտեղ, չհավատաք նրան. որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ Աստծու ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի» (Մատթ. ԻԴ 21-24), և Տեր Հիսուս պիտի սատկացնի նեռին Իր երկրորդ գալստյամբ:
«Վա՜յ քեզ, ո՜վ անարժան հովիվ, որ աչքաթող ես անում քո հոտը: Թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աջ աչքը: Թող անպատճառ չորանա նրա բազուկը, թող անպայման կուրանա նրա աջ աչքը»:
Սա ասում է չարին և սուտ քահանայապետերին, ովքեր թողեցին Իսրայելի հոտը կտրելով նրանց Քրիստոսի հավատից, փակեցին իրենց ականջները և քարկոծեցին ճշմարտության վկային՝ Ստեփաննոսին: Այդ պատճառով է մարգարեն ասում. «Թող սուրը կտրի նրանց բազուկը», քանի որ այն բարի գործ չարեց: Նաև ասում է՝ «Թող հանի նրա աջ աչքը», այսինքն՝ խավարեցնի միտքը, որ հոգևոր օրենքը չտեսնեն, քանի որ ձախ աչքով տեսնում են միայն մարմնավոր օրենքը:



Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 996 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Avag choreqshabti | Հեղինակություն: 5.0/30
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013