Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Р.М. Конь. Сектоведение. pdf
«Նոր սերունդ» աղանդի մասին
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Ժամագիրք. pdf
Օրհնության մի խաչքար է տեղադրվել Աբովյան...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգ...
Ավետիս Վարժապետ Պերպերյան. Պատմություն Հ...
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց Էջմիածին ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
13.07.11 PS Հյուրը Տեր Վահրամ քահանա Մել...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Եկեղեցի հաճախելու կանոները
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Կարինե Խոդիկյան, Օր 6-րդ
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Նորադուզի խաչքարեր
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Դպրության տվչության կարգ Երևանում (եկեղե...
Дворкин А.Л. Сектоведение. Тоталитарные ...
Արծվիկ Դեմիրճյան. Մայր և կույս mp3
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 10 » Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

01:30
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)


Մեծ պահքի չորրորդ կիրակին ունի արարչության չորրորդ օրվա ու այս կյանքի չորրորդ դարի խորհուրդը և կոչվում է ՙՏնտեսի կիրակի՚: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ խորհրդավոր կերպով պատմվում է, թե ինչպես իրապես Հարուստը՝ Աստված, արարեց իմանալի աշխարհը և այնտեղ տնտեսներ կարգեց հրեղեններին, ապա ստեղծեց զգալի աշխարհը և այստեղ տնտես կարգեց մարդուն, իսկ այնուհետև՝ Իր կողից բխած սուրբ Արյամբ հիմնեց Եկեղեցին և այնտեղ տնտեսներ կարգեց առաքյալներին ու նրանց հետևորդներին:
Սքանչելի ու հիանալի համեմատությամբ են միմյանց հետ կապված Քառասնորդաց պահքի զորությունները, ինչպես ցույց են տալիս և ուսուցանում ընթերցվածները: Իսկ չորրորդ կիրակիի խորհուրդը բազմանշանակ է, ինչպես բազմանշանակ են չորս թվի խորհուրդները:
ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ
(Ղուկ. ԺԶ 1-8)
Անցյալ կիրակի օրն Ավետարանից ընթերցվեց, թե Նրա մոտ էին հավաքվել մաքսավորներն ու մեղավորները, որպեսզի կորուսյալ ոչխարին փնտրող Հովվից լսեն հարյուր ոչխարների և տասը դրամների առակը: Իսկ այս կիրակի նույն խորհուրդը բուռն կերպով առաջ է մղվում մեծահարուստի՝ Արարչի, ու տնտեսի՝ մեր բնության մասին պատմությամբ: Այնտեղ մեր բնությունն անառակ որդու միջոցով էր խոսում, իսկ այստեղ պատմվում է, թե ինչ է անում տնտեսը՝ պարտատերերի կողմից ամբաստանվելուց հետո: Այնտեղ հայրն ընդառաջ է գնում և համբուրում կորած որդուն, իսկ այստեղ տերը գովում է անիրավ տնտեսին: Այնտեղ հայրն անառակ որդու մատին մատանի, ոտքերին կոշիկ է հագցնում և մորթում պարարտ եզը, իսկ այստեղ Տերն ասում է, որ այս աշխարհի որդիներն ավելի իմաստուն են, քան լույսի որդիները:
ՙԵվ Հիսուս Իր աշակերտներին ասաց. ՙՄի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ՚: Մեծահարուստ մարդն այստեղ մարդացած Աստված է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս: Եվ իրավ, միայն Նա է ճշմարիտ Մարդ: Մեծահարուստ է կոչվում, քանզի Նա առավել հարուստ է, քան ամբողջ աշխարհը, Նրա տունը երկինքն է ու երկիրը:
Աստված երեք տուն կառուցեց. նախ՝ երկինքը՝ իմանալի աշխարհը. ՙԻմաստությունը շինեց իր տունը՚ (Առակ. Թ 1): Այստեղ տնտես հաստատեց հրեղեններին, որոնց դեմ երբ ամբաստանություն եղավ, նրանց զրկեց տնտեսությունից և խավարի կապանքներով շղթայելով՝ փակեց սանդարամետում՝ ըստ այս խոսքի. ՙԵվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակության տեղը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց Դատաստանի մեծ օրվա համար՚ (Հուդա Ա 6): Տուն է կոչվում նաև Եդեմի պարտեզը, որտեղ տնտես կարգեց առաջին մարդուն՝ Ադամին: Եվ երբ նրա հասցեին ամբաստանություն եղավ, նրան էլ դուրս հանեց Իր տանից՝ Դրախտից:
Տուն է կոչում նաև Եկեղեցին՝ Նոր Սիոնը: Տերը մեր բնությունն արդարացնելուց հետո մեզ համար շինեց Եկեղեցին, որտեղ տնտեսներ եղան նախ՝ մարգարեները, ապա՝ առաքյալները, այնուհետև՝ վարդապետները, հայրապետները, հովիվները և առաջնորդները:
Տուն է կոչվում նաև յուրաքանչյուր առանձին մարդ, ում մեջ տնտեսը նրա միտքն է: Նաև տուն է զգալի աշխարհը, որտեղ տնտեսներ են թագավորները:
Քանի որ տնտեսը չունի իր սեփականությունը, այլ ամեն ինչ տիրոջ կողմից է նրան վստահվել, այդ պատճառով նա բազում հատկություններ պետք է ունենա: Նախ պետք է իր գործը միշտ ջանասիրությամբ կատարի և երբեք չծուլանա, ժամանակին կերակուր պատրաստի և հոգա իր ծառայակիցների մասին: Իսկ եթե չլինի ջանասեր կամ էլ գող լինի և տիրոջ ունեցվածքը մսխի, լինի չարաբարո, անհնազանդ, անհամբեր, ժլատ և պղծություններ գործի, ապա կարող է զրկվել տնտեսությունից:
Տնտեսի նման՝ մարդն էլ ոչինչ չունի և ամեն ինչ Աստծուց է ստացել՝ ըստ այս խոսքի. ՙԻ՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես՚ (Ա Կորնթ. Դ 7): Մարդը բոլոր պարգևներն Աստծուց է ստացել՝ և՜ քահանայությունը, և՜ մնացած ամեն ինչ, որպեսզի փոքրերի մեջ հավատարիմ լինելով՝ մեծին ու անճառելիին արժանանա: Արդ՝ ամեն ոք, ով Աստծուց շնորհ է ստանում, այդ շնորհի տնտեսն է և պարտավոր է տնտեսին վայել գործել, հակառակ դեպքում կզրկվի ունեցվածքից:
ՙԵվ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը՚: Ունեցվածքը երկու տեսակ է լինում՝ հոգևոր ու մարմնավոր, և սրանք բոլորն էլ Աստծունն են: Երկու կերպ է հնարավոր զրկվել տնտեսությունից, մեկը՝ երբ զրկվում ես պաշտոնից, մյուսը՝ կյանքից:
Թեև Աստված ամենատես է և կարիք չունի ամբաստանություններ լսելու, սակայն մարդիկ, ձանձրանալով տիրող անօրենություններից հաճախ բողոքում են Աստծուն: Նաև հրեշտակները, տեսնելով ամբարիշտների գործերը, նրանց ամբաստանում են Աստծու առջև:
ՙՏերը կանչեց նրան և ասաց. ՙԱյս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՜ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող՚: Այսպես ասաց, որպեսզի մեզ սովորեցնի, որ առանց քննության որևէ մեկին չի դատում: Եվ ով հաստատվում է չարության մեջ, այլևս չի կարողանում բարին գործել:
ՙՏնտեսն իր մտքում ասաց. ՙԻ՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ՚: Պաշտոնից զրկվածն իսկապես այլևս չի կարողանում գործել և ամաչում է մուրալ: Կյանքից զրկվածը նույնպես այլևս չի կարողանում գործել, քանզի գործելու ժամանակն անցել է, և չկա այլևս ապաշխարության ժամանակ, որ քերի իր հոգու ախտերը և չարի փոխարեն բարին անի: Իսկ մահանալուց հետո մուրալն ամոթ է, քանզի հանդերձյալ կյանքում մուրալու տեղ չկա, և ոչ ոք չի տա խնդրվածքը, ինչպես հիմար կույսերն իմաստուններից յուղ խնդրեցին և չստացան (տե՜ս Մատթ. ԻԵ 8-9):
ՙԳիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները՚: Տնտեսը փորձում է իր տիրոջ ունեցվածքով բարեկամներ շահել: Այն, ինչ ագահությամբ ժողովեց, այժմ փութապես կամենում է տալ աղքատներին և արտասուքով ու խոստովանությամբ ընկնելով Աստծու առջև՝ հառաչանքով Նրանից թողություն է խնդրում:
ՙԵվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է. ՙԻմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես՚: Եվ սա ասում է. ՙՀարյուր տակառիկ ձեթ՚. և տնտեսը նրան ասում է. ՙԱ՜ռ քո մուրհակը և նստի՜ր ու անմիջապես գրի՜ր՝ հիսուն՚: Ապա դարձյալ մյուսին ասում է. ՙԴու ինչքա՞ն պարտք ունես՚. և սա ասում է. ՙՀարյուր պարկ ցորեն՚: Տնտեսը նրան ասում է. ՙԱ՜ռ քո մուրհակը և նստի՜ր ու գրի՜ր՝ ութսուն՚: Թեև տնտեսն անիրավ էր, սակայն իր ունեցվածքից բաշխելով աղքատներին՝ դրանով բարեկամներ շահեց: Մուրհակները նրանց ձեռքը տվեց և հրամայեց պարտքը նվազեցնել, որպեսզի նրանք բարեկամանան իր հետ և իրեն ընդունեն իրենց տանը, այսինքն՝ Երկնքի արքայությունում, որն աղքատների տունն է՝ ըստ այս խոսքի. ՙԵրանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը՚ (Մատթ. Ե 3):
ՙԵվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց՚: Թեև տնտեսը վատնում է Տիրոջ ունեցվածքը, սակայն այս անգամ իմաստությամբ է գործում, որովհետև բարեկամներ է շահում և գովության արժանանում: Քանզի քաջալերեց հոգուն և մարմնին՝ հուսալ Աստծու ողորմությանը, նրանով, որ եթե ինքը կեսը թողեց, ապա եթե նրանք դիմեն Տիրոջը, Նա ամբողջը կթողնի: Սա չկարողացան անել չար հրեշտակները, երբ Տերը նրանց զրկեց իրենց տնտեսությունից:
ՙՔանի որ այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ՚: Լույսի որդիները հրեշտակներն են, քանզի լույսից արարվեցին: Մարդկանց ավելի իմաստուն է ասում, քան հրեշտակներին, որովհետև մարդիկ փառքից զրկվելուց և Աստծուց օտարանալուց հետո հնար գտան ապաշխարությամբ փնտրելու Աստծուն ու Նրան մոտենալու, իսկ հրեշտակների դասերից շեղվածները՝ է՜լ ավելի չարացան և չիմացան, որ Նա, Ով հանցանքների պատճառով իրենց բարձունքից վայր է գցել, զորություն ունի նաև դատելու: Սրանք այս մասին խորհելու փոխարեն՝ անմտորեն պատերազմեցին Աստծու պատկերի՝ մարդու դեմ և նրան խաբեությամբ համոզեցին գործակից լինել իրենց անօրենություններին: Սրանով մեր բնությունն ապականեցրին, Աստծու Որդուն դեպի խաչը բերեցին, որով պարտական մնացին մեզ համար խաչված Աստծու անմահ մահվանը և մեզ համար հեղված Նրա անպարտ Արյանը, և Աստծու վրեժխնդրությունը հարուցեցին: Եթե սրանք հանցանքից անմիջապես հետո ապաշխարեին և Աստծուն հնազանդվեին, ապա մեր բնությունը չէր ապականվի, և ահեղ դատաստանը նրանց չէր սպառնա: Եթե իմաստուն լինեին, ապա երանելի կլինեին, քանզի ունեին անմահ և անապական բնություն, որը նրանցից չվերցվեց նրանց անկման ժամանակ: Սրանք են հրեշտակների անմտությունը և մարդկանց իմաստությունը, որովհետև մարդը գիտի վտանգի պահին Աստծուն դառնալ, Արարչից խնամք գտնել և թողության հույս ունենալ: Քանզի ավելի իմաստուն են նրանք, ովքեր գտնում են հնար փրկության, քան նրանք, ովքեր հոգ չեն տանում իրենց փրկության համար:
ՙԵվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ՚: Այստեղ մամոնային անիրավ է ասում ոչ թե նրա համար, որ բնությամբ չար է, այլ որ ունեցվածքի տերն այն անիրավությամբ է ժողովել: Նաև երբ մեկն իր տիրոջ ունեցվածքն է տալիս աղքատին, դարձյալ անիրավությամբ է դա անում, սակայն քանի որ աղքատին է տալիս, գովության է արժանանում: Սրա համար Տերը գովեց անիրավ տնտեսին, որ կորստյան մատնված արծաթով աղքատներից իրեն բարեկամներ շահեց, նրանց միջոցով էլ՝ Քրիստոսին:
Խորհրդով տնտեսը մարդու միտքն է, իսկ երկու պարտապաններից մեկը հոգին է, իսկ մյուսը՝ մարմինը: Միտքը, լինելով կառավարիչ, իր ձեռքում է պահում մուրհակները, որոնցով Աստծու առջև մեր հանցավոր լինելն է երևում: Քանի դեռ մեր ախտակիր բնությունն աշխարհի սիրով է տոգորված, միտքը չի հոգում Աստծու դատաստանի սպառնալիքների մասին և չի էլ կամենում մուրհակները տալ պարտապանների ձեռքը, որպեսզի նրանք խոստովանությամբ ու ապաշխարությամբ դրանք պատռեն, այլ մեկ այլ առակի տնտեսի նման ծեծում է իր ծառայակիցներին՝ հոգուն և մարմնին, և խնջույք անում անառակների հետ (տե՜ս Ղուկ. ԺԲ 45): Իսկ երբ գալիս է պահանջատերը, վերանում են նրա աշխարհիկ ցանկությունները, և նա անմիջապես կանչում է հոգուն ու մարմնին և նրանց տալիս մուրհակները, որպեսզի ազատվի սպառնացող վտանգից:
Նախ հոգուն է հարցնում, թե որքա՞ն մեղք է գործել: Հոգին ՙհարյուր՚ ասելով հայտնում է, որ լիուլի գործել է բոլոր մեղքերը, քանի որ հարյուրը կատարյալ թիվ է: Հոգու մեղքերի կեսը կրճատվում է, քանզի հոգին դյուրությամբ է մեղքերի մեջ ընկնում: Մարդու հոգին պարտք էր հարյուր տակառիկ ձեթ, այսինքն՝ ծայրագույն աստիճանի պարտական էր Սուրբ Հոգուն, որը ձեթով է խորհրդանշվում:
Հարցնում է նաև մարմնին, թե սա որքա՞ն մեղք է գործել: Մարմինը ևս ՙհարյուր՚ ասելով հայտնում է, որ գործել է բոլոր մարմնական մեղքերը: Մարմնի մեղքերի միայն հինգերորդ մասն է կրճատում, քանզի այն կարող էր խուսափել մեղքերից, եթե կամենար, սակայն դա անելու փոխարեն՝ օրենքը ոտնատակ է տվել: Մարմնի մեղքերի հինգերորդ մասը ներվում է զղջմամբ, իսկ մնացածը՝ խոստովանությամբ և աղքատներին ողորմություն տալով: Մարմինը հարյուր պարկ ցորեն էր պարտք, այսինքն՝ կատարելապես պարտական էր Տիրոջ Մարմնին, քանզի Տիրոջ Մարմինը ցորենից է փոխակերպվում:
Դարձյալ՝ մարմինը, տկար լինելով, որքան ջանում է լավ պատրաստվել սուրբ Խորհրդին, վերստին անկատար է մնում, ինչ պատճառով մնացած պարտքը մի մեղայով է նրան ներվում: Իսկ հոգին, իմացական լինելով, անձնիշխանաբար Հոգու շնորհների դեմ է մեղանչում, այդ պատճառով մնում է ծանր պարտքերի տակ: Ուստի նրան քաջալերելու համար կեսը ներվում է, որպեսզի նաև մնացածի ներվելու հույսով դիմի Տիրոջ ողորմությանը:
Դարձյալ՝ այն, ինչը ստացանք Ավազանի միջոցով և որի դեմ մեղանչեցինք, դրա կեսը ներվում է, իսկ անամոթությամբ Տիրոջ Մարմնին մոտենալը դժվար ներելի է, այդ պատճառով հինգից միայն մեկն է ներվում՝ ըստ այս խոսքի. ՙՈվ որ ուտի այս Հացը կամ խմի Տիրոջ այս Բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ Մարմնին և Արյանը: Որովհետև ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ Մարմինը՚ (Ա Կորնթ. ԺԱ 27, 29):
Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մեղավորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը և աղքատներին առատապես բաշխում իրենց սիրելի մամոնաին՝ հարստությունն ու ունեցվածքը, կամ էլ, ներելով պարտքերը, իրենց սիրելիներ են դարձնում հրեշտակներին ու արդարներին:


Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1218 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Tntesi kiraki | Հեղինակություն: 5.0/11
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013